
Մեծամոր համայնքի Նալբանդյան գյուղի խմելու ջրագծերի քայքայվածության պատճառով վթարներն անխուսափելի են դարձել, որոնց վերականգնումը մեծ ծախսեր է պահանջում: Բնակիչներին շուրջօրյա մաքուր ջուր մատակարարելու նպատակով սուբվենցիոն ծրագրով համակարգն արդիականացվում է: Աշխատանքների մեծ մասն արվել է. չուգունե քայքայված խողովակները փոխարինվել են պոլիթիլենային խողովակներով, տեղադրվել են ջրաչափեր:
Նալբանդյան գյուղում երբեմն մի ամսում ջրագծի շուրջ 20 վթար է գրանցվում, կարճ ժամանակամիջոցում խնդիրը լուծել հնարավոր չի լինում: Մաքուր ջրի փոխարեն հաճախ ծորակից պղտոր ջուր է հոսում։
Ջրագծերի վթարներն ու դրա հետևանքով առաջացող խնդիրները գյուղացիների դժգոհության հիմնական պատճառն են։


«Խմելու ջուրը շատ վատ է, մեր գյուղում ջրից ինֆեկցիա կա, որովհետև խողովակները լրիվ ծակված են, և կեղտաջրերը լցվում են խմելաջրի խողովակի մեջ ու հոսում ծորակներից, մենք էլ խմում ենք»:
Նալբանդյան գյուղի խմելու ջրի խողավակները կառուցվել են 1930-50-ական թվականներին, սկզբում ազբեստից, հետո երկաթից, իսկ 80-ականներին թուջե խողովակներ են անցկացրել: Դրանց պիտանելիության ժամկետը վաղուց անցել է և կոռոզիայի ենթարկվելով՝ քայքայվել են: Տեղացիներն ասում են, որ գյուղում վթարները շատանում են գարնանը:


«Անասունները առվից ջուր են խմում, կամ անձրև է գալիս, այդ կեղտաջրերն ամբողջությամբ ներծծվում են խմելաջրի խողովակների մեջ: Իսկ ո՞ւր է գնում. ծորակը, երբ բացում ենք սկզբից կեղտաջուր է գալիս, լցվում է բաքի մեջ ու մենք դա խմում ենք»:
«Էս ինչքան ժամանակ էր լրիվ քանդված փոսեր էին, չէին կարողանում սարքել, որ փակեին: Ջրագծերը պետք է փոխեն, որովհետև շա՜տ շուտվա են»:
Մեծամոր համայնքի 2023թ սուբվենցիոն ծրագրով Նալբանդյան գյուղում ամբողջությամբ փոխվում է խմելու ջրի համակարգը. շուրջ 22 կմ երկարությամբ նոր ջրագծեր են կառուցվում: Աշխատանքները սկսել են անցած տարվա ամռանը. չուգունե խողովակները փոխարինվում են պոլիէթիլենայինով: Նալբանդյան գյուղի վարչական ղեկավար Գրիգոր Մկրտչյան.
«Ընդհանուր ցանցը քայքայված վիճակում է, և ժողովուրդն ինչքան ուզում ջուրը վերցնում է: Յոթ խորքային հոր ենք աշխատեցնում, ամսական 2 մլն դրամից ավելի ծախս է կատարվում, բայց ծայրամասերում բնակիչներին ջուրը չի հերիքում: Նոր ջրագծերի կառուցումից հետո մենք բարձր որակի ջուր կունենանք, երկու պոմպ կաշխատի՝ 24 ժամով: Այս դեպքում կկարգավորվի համայնքի խմելու ջրի հարցը, որն ամենակրևորն է»:

Աշխատանքների մեծ մասն արդեն արվել է: Ծրագրի արժեքը 254 մլն դրամ է, որի 60 տոկոսը վճարելու է կառավարությունը, 40 տոկոսը՝ համայնքը: Նալբանդյանում ջրի վարձը նախկինում գանձվել է ըստ տնտեսությունների քանակի՝ յուրաքանյուրից 1000 դրամ, հիմա գանձվում է շնչերի թվով՝ 200 դրամ, իսկ ջրագծերի կառուցումից հետո կգանձվի ըստ ծախսի:
«Ջրաչափեր հիմա չունենք տեղադրված, բայց արդեն կտեղադրվեն և՛ ջրաչափերը, և՛ դիտահորերը: Նախատեսված է նաև քլորատուն կառուցել, որպեսզի ջուրը քլորացվի ու տրվի ժողովրդին օգտագործման»:
Ջրագծերի կառուցումից հետո Նալբանդյանում խմելու ջրի բաժանորդ կդառնա շուրջ 890 տնտեսություն:




