ԿարևորՀասարակություն

Ներքին Հանդում բնակիչներն անհանգիստ են, բայց զբաղվում են իրենց առօրյա հոգսերով

Առավոտյան ժամը 5.30-ին էր, որ կրակոցի ձայներ լսեցինք, գյուղի վրա չէին կրակում, դիրքերի վրա, հիմա չկա կրակոց, բայց դե անհանգիստ ենք՝ ամեն պահ կարող է ամեն ինչ պատահել»,-ասում է Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի բնակիչ Արմինե Հովհաննիսյանը։

Ըստ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով,  հայկական կողմն ունի 4 զոհ և մեկ վիրավոր։

Ըստ Արմինե Հովհաննիսյանի՝ Եվրոպական միության դիտորդական առաքելություն իրականացնող դիտորդները գյուղում չեն երևացել։ «Շատ դեպքերում գալիս են գյուղի վերևում՝ կանգնում, դիտարկում»,-ասաց նա։

Առավոտվանից Ներքին Հանդում էր Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ մարզպետի աշխատակազմի մի խումբ աշխատակիցների հետ։ Մարզպետը հանդիպեց գյուղացիներին, քննարկեցին անվտանգային և գարնան գյուղատնտեսական աշխատանքներին վերաբերող հարցեր։

Ներքին Հանդի վարչական ղեկավար Խաչատուր Բաղդասարյանն էլ հավատիացնում է, որ գյուղից ոչ մեկը կրակոցների պատճառով դուրս չի եկել և իրենց առօրյա աշխատանքներով են զբաղված։

Back to top button