ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Տարածաշրջանում «հարցեր լուծող» պետության իմիջի համար պատերազմ է պետք․ ինչի՞ է ձգտում հասնել Ադրբեջանը

Ներքին Հանդում Ադրբեջանի սադրանքը ակնհայտ ծրագրերից բացի, ունի նաև չերևացող դրադապատճառներ։ Վերլուծաբանները առանձնացրել են մի քանի նպատակ, որոնք կարող են մեր տարածաշրջանում նոր պատերազմ հրահրել։

Տևական ժամանակ է, ինչ տարբեր վերլուծական կենտրոններ ընդգծում են նոր պատերազմի հավանականությունը։ «Ռադիոլուրը» փորձել է պարզել՝ ինչ զարգացումների կարող է բերել Ներքին Հանդում ադրբեջանական սադրանքը և ինչ անհրաժեշտ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը։

Սյունիքի մարզի Ներքին Հանդում ադրբեջանական սադրանքը Հայաստանի արտգործնախարարությունը որակում է որպես «սահմանային էսկալացիա ծավալելու պատրվակ»։ Կոչ է անում վերսկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններն ու իրականացնել սահմանային անվտանգության բարձրացմանն ուղղված հուսալի միջոցառումներ:

Հայաստանի նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը ուշադրություն է հրավիրում, որ սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են, այսինքն՝ մեր տարածք ներխուժած վայրերից են։ Դեռ հունվարին Ադրբեջանի նախագահը չէր թաքցնում, թե ինչի համար են իրեն անհրաժեշտ Հայաստանում գրաված տարածքները։

Այս ամենը ՀՀ-ին հստակ գործողությունների հիմք է տալիս, համոզված է միջազգային իրավունքի մասնագետ Արտաշես Խալաթյանը։

«Միջազգային քրեական դատարանում պետք է հարուցել գործընթաց Ալիևի և նրա հանցավոր վարչակազմի դեմ։ Դա անպայման արվելիք քայլ պետք է լինի, որը անպայմանորեն կարող է ներառել նաև այս դիպվածը։ Որևէ դիվանագիտական մանևր անթույլատրելի է։ Ակնհայտ է, որ Միջազգային քրեական դատարան չդիմելը դիտարկել որպես բանակցությունները շարունակելու հնարավորություն, «ֆորա» Ադրբեջանին ուղղված, դա արդեն իսկ ժամանակավրեպ է, կարծում եմ, որովհետև Ադրբեջանը ոչ մի միլիմետր չի նահանջում իր ագրեսիվ վարքագծից»։

Բաքուն չի հրաժարվում, որ արյունալի սադրանքի հեղինակը ինքն է։ Ադրբեջանի Սահմանապահ ծառայության հայտարարությունից պարզ է դառնում, որ նրանք անգամ այդ սադրանքին «Հատուցում» անուն են տվել։ Այս գործողություններին նախորդել էր կրակոցների մասին ապատեղեկատվությունը և ադրբեջանական լրատվադաշտում ակտիվ քարոզչությունը։

Հայաստանի կառավարող կուսակցության ներկայացուցիչները չեն շտապում գնահատել Ադրբեջանի գործողությունները։ ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը համոզված է, որ Ադրբեջանը մշտապես գնալու է սադրանքների, իսկ դրանք բացառելու համար անհրաժեշտ են մի շարք միջոցառումներ և՛ քաղաքական, և՛ դիվանագիտական, և՛ ռազմական դաշտում։

Պատգամավորը հավաստիացնում է, որ անհրաժեշտ աշխատանքները տարվում են․

 «Խնդիրն այն է, որ այսպիսի դեպքերը էսկալացիայի չվերածվեն և շատ արագ ավարտվեն։ Սա սադրանք էր, կարծում եմ՝ ծառայողական քննություն կանցկացվի ՊՆ-ում, թե ինչպես առաջացավ այս սադրանքը և այս գործողությունները ինչի պատճառ էին։ Սա հետագայում կպարզվի։ Վերջին 30 տարում տեսե՞լ եք, որ Ադրբեջանը սադրանքներ չանի։ Իհարկե, անելու է։ Եթե քաղաքական ձեռքբերումներ լինեն՝ խաղաղության պայմանագիր կամ փոխադարձ չհարձակվելու վերաբերյալ համաձայնագիր, այդ դեպքում նման սադրանքները կհասցվեն նվազագույնի և պետք է հասցվեն։ Բայց ինչ էլ լինի, մեր զինված ուժերը պետք է միշտ պատրաստ լինեն ցանկացած սադրանքի և ցանկացած հարձակման»։

Տարբեր վերլուծական կենտրոններն ու վերլուծաբանները տևական ժամանակ է, ինչ բարձր են գնահատում նոր պատերազմի հավանականությունը։ Տեսնում են որոշակի նախապայամաններ։ Վարկածներից ամենատարածվածն այն է, որ Մոսկվան Բաքվին այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» է խոստացել Արցախում ռուսական զորախմբի ներկայության դիմաց։ Այս ֆոնին ուշագրավ է Նոր Հանդի դեպքերից առաջ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանի հայտարարությունը, թե Հայաստանը ձգձգում է Նախիջևան տանող միջանցքի շուրջ բանակցությունները։

Արտաշես Խալաթյանը համոզված է, որ Ներքին Հանդի դեպքերով պատերազմ են սադրում․ «Ես կանխատեսել եմ, որ այս տարի մենք ամենայն հավանականությամբ կունենանք լայնամաշտաբ պատերազմ, բայց կոնկրետ դա կլինի հիմա, թե տարվա ընթացքում, դա չեմ կարող կանխատեսել։ Բոլոր դեպքերում իրադարձությունները տանում են այդ էսկալացիայի ուղղությամբ՝ արտատարածքային միջանցքի ստեղծման նպատակով Հայաստանի տարածքի անեքսիա։ Դա ռուս-թուրքական շահերի սպասարկման ծիրում կարող ենք նայել և երկրորդը՝ Ադրբեջանը նոր աշխարհակարգում՝ Հարավային Կովկասում իր կարգավիճակի հարցն է լուծում։ Դա արդեն կոնկրետ Ադրբեջանի ղեկավարի ամբիցիաների բավարարմանն է վերաբերում՝ Հայաստանը դարձնել տարածաշրջանում ենթապետության կարգավիճակով մի քաղաքական կազմավորում, որը ամբողջովին կախված կլինի ռեգիոնալ պետություններից, նախ և առաջ՝ Թուրքիայից և Ադրբեջանից։ Ըստ էության Ալիևը հայտ է ներկայացնում ընդանրապես Հարավային Կովկասում «հարց լուծող» ղեկավարի կարգավիճակին, և դա է նաև պատճառը, որ մտահոգվել է նաև Վրաստանը և ձգտում է Հայաստանի հետ որոշակի ավելի սերտ քաղաքական հարաբերությունների»։

Ընդդիմադիր քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը պնդում է, որ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, իսկ խաղաղության օրակարգի խոսույթը առավելապես օգտագործվում է Հայաստանի ներսում՝ դիմադրության ծրագրերը զսպելու և քննադատներին պատերազմ հրահրելու մեջ մեղադրելու համար։

«Խաղաղության հասնելու համար այսօր Հայաստանը պետք է մեծ ջանքեր գործադրի իր պաշտպանական ոլորտում։ Մինչև Ադրբեջանի համար պարզ չլինի, որ իր ռազմական առավելությունը չեզոքացված է, մենք լինելու ենք այս երկիմաստ դրության մեջ, երբ մեր երկրի ղեկավարը խոսում է խաղաղության օրակարգի մասին, Ադրբեջանի ղեկավարը խոսում է Հայաստանի վրա հարձակման մասին և մեր զինվորները դառնում են այդ քաղաքականության զոհ»։

Խորհրդարանական ընդդիմությունից «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի կարծիքով՝ ժամանակը ցույց է տվել, որ Ադրբեջանին զսպելու միակ ճանապարհը համարժեք, իսկ որոշ դեպքերում` անհամարժեք, անհամեմատ մեծ հարված հասցնելն է, հակառակ դեպքում անպատժելիությունը նոր ագրեսիայի է հանգեցնելու:

Հայաստանի ներսում կան նաև սպասումներ, որ միջազգային հանրությունը այս իրավիճակին կտա կոշտ և ողջամիտ գնահատական, իսկ դա արդեն կախված է Հայաստանի դիվանագիտական աշխատանքի հնարավորություններից։

Կարդացեք նաև

Back to top button