ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ադրբեջանը իր խոսքի և ստորագրության տերը չէ․ ի՞նչն է խանգարում բանակցություններին

Բրիտանական «The Telegraph» պարբերականին տված հարցազրույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է «Խաղաղության պայմանագրի» շուրջ Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքից։ 43 րոպե տևած հարցազրույցում Փաշինյանը խոսել է առավելապես բանակցությունների և անվտանգային ուղղությունների մասին։ Նա ընդգծել է, որ անվտանգային ուղղությամբ դիվերսիֆիկացումը արդեն իրողություն է ԵՄ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Իրանի, Հնդկաստանի և այլ ուղղություններով։ Սակայն, դա չի նշանակում Ռուսաստանի հետ կապերի խզում, հստակեցրել է Փաշինյանը։

Ամիսների տարբերությամբ ընդգծված լավատեսությունը փոխվում է բացասական գնահատականների, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունը փաստացի անվանվում են ձգձգվող։ Բրիտանական «The Telegraph» պարբերականի լայն լսարանին Հայաստանի վարչապետը մանրամասն բացատրել է, թե ինչու չեն կայանում Ալիևի հետ համաձայնեցված հանդիպումները։

«Այն, որ մենք այսքան ժամանակ ենք կորցրել, դա այդքան էլ դրական նշան չէ։ Երբ իրադարձությունները իրար կողքի ենք դնում, Հայաստանում, օրինակ, կան վերլուծաբաններ, որոնք կարծում են, որ այս ամեն ինչը նշանակում է, որ Ադրբեջանը քայլ-քայլ նահանջում է և հրաժարվում է միջազգային հարթակներում և մեր միջև ձեռք բերված պայմանավորվածություններից։ Կան վերլուծություններ, որ Ադրբեջանը հետքայլ է անում իր ձեռքբերած պայմանավորվածություններից։ Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահը արեց 2024 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստատեսություններին տված հարցազրույցում, ես դա գնահատել եմ որպես հարված խաղաղության գործընթացին։ Բայց այդ հարվածը ուղղակի մեկ առանձին գործընթաց չէ։ Դա սկսվել է առաջինը ԼՂ-ում էթնիկ զտումներից, երկրորդը Գրանադայի հանդիպման մերժումից, ապա Բրյուսելի հանդիպման մերժումից, նաև հետագա հանդիպումների մերժումներից»։

Վերջին անգամ Փաշինյանը և Ալիևը հանդիպել են դեկտեմբերի 26-ին Սանկտ Պետերբուրգում՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կազմակերպած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ։ Բանակցություննե,ր որպես այդպիսին, չեղան, դրան տրվեց «կարճատև ոչ պաշտոնական շփումներ» ձևակերպումը, իսկ այդ հանդիպումը առաջինն էր սեպտեմբերին Արցախի բռնի հայաթափումից հետո։

Մինչև Սանկտ Պետերբուրգը Ալիևը արդեն հրաժարվել էր մի շարք ծրագրված բանակցություններից՝ բոլորը արևմտյան հարթակներում։ Փաշինյանն այժմ ասում է, որ միջազգային 3 ձևաչափերում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության սկզբունքները համաձայնեցված են։

«Առաջինը տեղի է ունեցել 2022–ի հոկտեմբերի 6-ին Պրահայում քառակողմ հանդիպման ընթացքում։ Ընդունել ենք համատեղ հայտարարություն, որտեղ արձանագրվում է, որ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը 1991–ի Ալմաթիի հռչակագրի հիման վրա։ Ալմաթիի հռչակագիրը պետք է դառնա սահմանազատման և սահմանագծման հիմքը։ Ինչը նշանակում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում ոչ թե սահման պետք է ստեղծվի, այլ՝ Ալմաթիի հռչակագրով վերահաստատված սահմանները պետք է արտահայտվեն քարտեզների և գետնի վրա։ Սա առաջին ֆունդամենտալ պայմանավորվածությունն է»։

Հաջորդ պայմանավորվածությունը ձեռք է բերվել հոկտեմբերի 30-ին։ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի միջև ստորագրվել է եռակողմ հայտարարություն, որտեղ կողմերը գրավոր հայտարարությամբ ընդունել են, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, սուվերենությունը և հայտարարում են, որ հրաժարվում են ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից և բոլոր հարցերը կլուծեն բանակցային ճանապարհով: Այս պայմանավորվածությունն է նաև հիմք դարձել երրորդ ֆունդամենտալ սկզբունքի ձևավորման և ձևակերպման համար, որը նշանակում է, որ տարածաշրջանի կոմունիկացիաների բացումը, ապաշրջափակումը և միմյանց համար ճանապարհների բացումը տեղի կունենա երկրների ինքնիշխանության և իրավազորության հարգման պայմաններում։ Այս բոլոր սկզբունքները արձանագրվել են մայիսի 14-ին և հուլիսի 15-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումների արդյունքում, հրապարակային փաստաթղթերով։

«Ըստ էության, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ճարտարապետությունը և սկզբունքները համաձայնեցված են, և նախորդ տարեվերջին մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք, ի վերջո, վերջնական պայմանագրի տեքստի համաձայնեցմանը, բայց սկզբից Ադրբեջանը երեք անգամ հրաժարվեց մասնակցել տարբեր ֆորմատներով բանակցություններին, որից հետո նշանակվեցին Ադրբեջանում նախագահական ընտրություններ: Եվ, ըստ էության, մենք այս կետի վրա ենք, և ենթադրում եմ, որ նախագահական ընտրություններից հետո մենք այս կետերի շուրջ կկարողանանք հասնել իմպլիմենտացիայի, եթե քաղաքական կամք լինի»։

Փաշինյանը պնդում է, որ անհրաժեշտ քաղաքական կամքը Հայաստանում կա։ Անձամբ իր անունից խոստանում է անել ամեն ինչ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար։ Հույս է հայտնում, որ տարածաշրջանի մյուս երկրները նույնպես կգործեն նույն տրամաբանությամբ։ Ձգձգվող բանակցությունների պայմաններում նոր պատերազմի վտանգը Հայաստանի վարչապետը ձևակերպում է այսպես․

«Ես հղվում եմ փաստաթղթերին։ Եթե Ադրբեջանի հայտարարությունը այն է, որ ինքը չի ճանաչում իր ստորագրած և ընդունած որևէ փաստաթուղթ, այդ մասին ինքը պետք է հրապարակային հայտարարի։ Եթե Ադրբեջանը չի հարգում կամ չպիտի հարգի իր իսկ կողմից ստորագրած փաստաթղթերը, ուրեմն Ադրբեջանը կարող է հարձակվել ցանկացած երկրի վրա։ Ինչո՞ւ միայն Հայաստանի։ Եթե ինքը իր միջազգայնորեն ստանձնած պարտավորությունները չի հարգում, ուրեմն նայեք շուրջը՝ կարող է իր հարևան ցանկացած երկրի վրա հարձակվել։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր իրեն հարգող պետություն, պետք է հետևի իր ստանձնած պարտավորություններին»։

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ Ադրբեջանին կառուցողական դաշտ կարող է բերել բացառապես մի գործոն․

«Այլ ճանապարհ չկա, ուժերի բալանսի վերականգնում։ Որևէ այլ պարագայում Ադրբեջանը մեզ հետ չի խոսելու այլ կերպ, քան խոսում է հիմա։ Այդ լեզուն փոխելու միակ ճանապարհը դա մեր ուժեղանալն է։ Իսկ մեր ուժեղանալու համար կարևոր է ոչ միայն սպառազինություն գնել բերելը, որովհետև այդ սպառազինությունը շատ կարևոր լինելով հանդերձ, պետք է ենթակա լինի պետական ինտելեկտին, այսինքն՝ պետական բովանդակությանը։ Իսկ դրա համար կարևոր է, որպեսզի մեր հասարակությունը դրանո՛վ ապրի, ոչ թե պետական իքնությունից հրաժարվելու դիլեմայով։ Այսինքն՝ հրաժարվո՞ւմ ենք, թե՞ չենք հրաժարվում։ Եթե չենք հրաժարվում, պատերազմ կլինի, և մենք այլևս որևէ մեկին չպետք է մեղադրենք մեզանից բացի, իսկ եթե հրաժարվում ենք, ապա հասկանալի է, որ այդտեղ Հայաստանի կենսունակության մասին խոսք չի կարող լինել»։

Անվտանգային ուղղությունով Փաշինյանը հստակեցրել է․ Հայաստանի հարաբերությունների դիվերսիֆիկացումը չի նշանակում Ռուսաստանի հետ կապերի խզում, Հայաստանի օրակարգում չկա նաև անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Բայց ինչպես ցանկացած ինքնիշխան պետություն, Հայաստանը զարգացած և ուժեղ բանակ ունենալու իրավունք ունի։ Վարչապետը հստակեցնում է՝ պետության ինքնիշխան տարածքը և սուվերենությունը պաշտպանելու համար։

Կարդացեք նաև

Back to top button