ԿարևորՌեպորտաժներՏնտեսականՔաղաքական

Իր ներքին և արտաքին անկախությամբ Իրանը զայրացնում է շատերին․ Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս

Իրանն այլ երկրների հետ իր հարաբերությունները կառուցում է կարևոր 3 սկզբունքների վրա՝ արժանապատվություն, իմաստություն և նպատակահարմարություն՝ Իրանի Հանրապետության հեղափոխության 45-րդ տարեդարձին նվիրված հանդիսությանն ասել է Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին։ Հանդիսությունից բացի՝ քննարկումներ են ծավալվել հայ-իրանական հարաբերությունների շուրջ։

«Սա վարդ է չորացրած, պարսկերեն՝ մուհամադի, չայի մեջ խառնում ես խմում, սրտի համար լավ է»։

Տիկին Շահնազը Կապանի մշակույթի կենտրոնի ճեմասրահում կազմակերպած իրանական ձեռարվեստի ու արտադրանքի ցուցահանդեսում ներկայացված թեյի համեմունքներն է ներկայացնում։ Ցուցահանդեսը նվիրված է Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխության 45-րդ տարեդարձին։

Այն արդեն երկրորդ անգամ է կազմակերպում։ Ցուցահանդեսի կազմակերպիչ Հաբբիի Տիդար․
«Ես այն ժամանակ խոսք տվեցի, որ այն շարունակվելու է, առաջին ցուցահանդեսից հետո ես հրավիրեցի Հայաստանի տարբեր քաղաքներից մարդկանց Թավրիզ, Կապանից էլ կային, հիմա 2-րդ ցուցահանդեսում ներկայացված են Իրանի կաշվի գործերը, ինչպես նաև ազգային խոհանոցից նմուշներ»։

Կաշվից, կերամիկայից պատրաստած տարբեր իրեր, քաղցրավենիք, կոշկեղեն, դեկորատիվ իրեր․տեսականին բազմազան է։ Մարզային ու համայնքային իշխանությունների ներկայացուցիչները Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամիի հետ ծանոթանում են ներկայացված ցուցանմուշներին։ Կապանցի Լիանա Ստեփանյանը չի կողմնորոշվում, թե ինչ է գնելու․դեռ փորձում է ուսումնասիրել ապրանքները։

«Նայելով իրենց արհեստավորների, արվեստագետների աշխատանքներին՝ նկատելով իրենց գույները, ոճը՝ փորձում ես հասկանալ հարևան ժողովրդի մտածելակերպը ու այդպես մտերմանում ես նրանց հետ»։

Ցուցահանդեսին զուգահեռ Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում հանդիսավոր նիստ է․ Իրանի Իսլամական հանրապետության ամենամեծ ձեռքբերումը ներքին եւ արտաքին հարցերի վերաբերյալ անկախությունն է, ինչը զայրացնում է շատերին՝ ասում է Կապանում ԻԻՀ գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամին։

«Իմ երկիրն այլ երկրների հետ հարաբերությունները կառուցում է կարևոր 3 սկզբունքների վրա՝ արժանապատվություն, իմաստություն և նպատակահարմարություն։ Չնայած վերջին տարիներին Հայաստանի և Իրանի քաղաքական ու տնտեսական կապերը զարգացել են, սակայն համոզված եմ, որ դեռևս առկա են մեծ հնարավորություններ այդ հարաբերությունները ավելի խորացնելու եւ ամրապնդելու համար։ Իսկ դրա համար կողմերը պետք է առավել ջանք ու եռանդ գործադրեն»։

Սյունիքի մարզպետի տեղակալ Հայկ Հարությունյանը, անդրադառնալով Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացմանը, կարևորում է Կապանում 2022թ-ին ԻԻՀ հյուպատոսության բացումը։

«Մենք ուրախ ենք, որ իրանցի գործընկերները ներգրավված են ողջ Հայաստանի առևտրա-տնտեսական, գիտակրթական, մշակութային և մի շարք ոլորտների տարբեր ծրագրերում։ Համոզված եմ, որ մեր համագործակցությունը կշարունակվի իր վերընթաց զարգացումը, կընդլայնվի ապակենտրոնացված համագործակցության աշխարհագրությունը՝ ներառելով Հայաստանի եւ Իրանի նոր մարզեր, համայնքներ ու նահանգներ»։

Կապանում ԻԻՀ հյուպատոսության բացումից շուրջ մեկ տարի հետո էլ հայտարարվեց Թավրիզում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն բացելու մասին։
Երկկողմանի այս ակտիվությունն արտացոլվում է նաև վիճակագրությամբ։ Վերջին տարիներին Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացել են։ Մասնավորապես՝ 2022 թվականին Իրանից Հայաստան է ներկրվել շուրջ 526 մլն դոլարի ապրանք, որը 2017 թվականի ցուցանիշից ավելի է 3 անգամ, իսկ 2021 թվականի ցուցանիշից 20 տոկոսով։ 2022 թվականին Հայաստանից արտահանումը Իրան կազմել է 102,3 մլն ԱՄՆ դոլար, որը 2021 թվականի համեմատ ավելի է 56,1 տոկոսով։

Back to top button