ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ի՞նչ պայմաններով է պատկերացնում Մոսկվան Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձը

Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ղարաբաղի հայերի անվտանգ վերադարձին՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ Ի՞նչ պայմաններով վերադարձի հնարավորության մասին է խոսում Մոսկվան և ո՞վ պիտի տա անվտանգության երաշխիքները։ Հղում է արվում նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված երաշխիքների վրա, որոնք ռուսական կողմն ապահովել չի կարողացել՝ հիշեցնում են հայ փորձագետները։  

Այժմ ԼՂ-ն ինտեգրվում է Ադրբեջանի իրավական դաշտին։ Ցավոք, ԼՂ հայերի մեծ մասը լքել է տարածաշրջանը։ Դա նրանց դժվար, բայց կամավոր ընտրությունն էր՝ ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Այս առումով կարևոր է պայմաններ ստեղծել ցանկացողների վերադարձի համար՝ պատշաճ կերպով ապահովելով նրանց իրավունքները և անվտանգությունը։ Մենք պատրաստ ենք ամեն  հնարավոր օգնություն ցուցաբերել այս գործընթացին, այդ թվում՝ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի միջոցով, որի ներկայությունը մեծ նշանակություն ունի»։

Ինչպե՞ս և ի՞նչ պայմաններով վերադարձի հնարավորության մասին է խոսում Դաշնության փոխարտգործնախարարը, և ո՞վ պիտի տա երաշխիքներ՝ արցախահայության անվտանգ վերադարձի ու անվտանգ ապրելու համար։ «Ռադիոլուրի» հետ զրույցում մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Միխայիլ Գալուզինի հայտարարությունը՝ քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը նկատեց, որ Ռուսաստանը, ի դեմս Գալուզինի, կրկին հղում է անում նոյեմբերի 9-ի փաստաթղթում ամրագրված երաշխիքների վրա, որոնք ռուսական կողմն ապահովել չի կարողացել։

«Ակնհայտ է, որ այդ երաշխիքները նրանք ապահովել չեն կարողացել կամ չեն ուզել, ինչն արդեն կարևոր չէ այս պահին։ Ես չեմ կարծում, որ կլինեն մարդիկ՝ արցախահայության ներկայացուցիչներ, որոնք կցանկանան վերադառնալ նույն երաշխիքների շրջանակներում»։   

Հիմնավորելով իր կարծիքը՝ քաղաքագետը նկատում է՝ երբ սահմանը բացվեց 2023 թվականի սեպտեմբերի վերջերին, այդ նույն երաշխքիները Ռուսաստանը  վստահեցնում էր, որ տալիս է։

«Ըստ ամենայնի, թե՛ Ռուսաստանը, թե՛ Ադրբեջանը հույս ունեին, որ հայության ինչ-որ մի հատված մնալու է, հավանաբար մի քանի հազար մարդու մասին էր խոսքը, ինչը, մի կողմից, Ադրբեջանին հնարավորություն կտար ցույց տալ ամբողջ միջազգային հանրությանը,  թե տեղի է ունենում վերաինտեգրման գործընթաց։ Մյուս կողմից էլ՝ ռուսներին հնարավորություն կտար շարունակել խոսել այն մասին, որ իրենք իրականացնում են խաղաղարարի իրենց դերը և երաշխիքները ապահովել են»։   

Սակայն, ըստ փորձագետի, այդ առումով անակնկալի եկան թե՛ ադրբեջանցիները, թե՛ ռուսները, քանի որ փաստացի Արցախից դուրս եկավ ամբողջ հայությունը, եթե չհաշվենք մատների վրա հաշված մի քանի մարդկանց։ Փորձագետի գնահատմամբ՝ Արցախից ամբողջ հայության հեռանալու արդյունքում այսօր ստեղծվել է մի իրավիճակ, երբ թե՛ Ադրբեջանն է մեղադրվում էթնիկ զտում իրականացնելու մեջ, թե՛ ռուս խաղաղապահների ներկայությունն է դարձել անիմաստ։

«Այդ պատճառով էլ Ռուսաստանը փորձում է խոսել վերադարձի մասին և տարբեր պաշտոնյաներ, տարբեր շամանակներում փորձում են հնարավորություններ ստեղծել, գոնե, ինչ-որ հատվածի վերադարձ ապահովելու»։   

Ռուսաստանը, իհարկե, շատ էլ լավ  հասկանում է, որ վստահությունն այլևս չկա, բայց իրենց շահը ենթադրում է, որ պետք է ինչ-որ կերպ վերադարձնել արցախահայության, գոնե, ինչ-որ մասի, ուստի՝ հնչում են նման հայտարարություններ՝ ասում է քաղաքագետը։

«Ես չեմ բացառում, որ առաջիկայում նույնիսկ, այսպես ասեմ, շահավետ առաջարկներ լինեն՝ իրենց տուն վերադարձողնրի համար ինչ-որ պայմաններ ապահովելու վերաբերյալ և այլն։ Ընդ որում՝ ո՛չ միայն Ռուսաստանի, այլև Ադրբեջանի կողմից։ Բայց, իհարկե, էական փոփոխություններ, այսինքն՝ այնպիսի փոփոխություններ, որոնք կարելի է համարել, օրինակ, նոյեմբերի 9-ի հայտարարությունից քայլ առաջ, չեն կանխատեսվում»։   

Ի դեպ, վերջերս նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանն էր հայտարարել արցախահայերի վերադարձի հարցով հանձնախումբ ձևավորելու մասին։ Դրա կազմի և անելիքների մասին տեղեկություններն առայժմ շատ չեն։ Միայն հայտնի է, որ հանձնախումբը ստեղծվել է՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքական ուժերի համաձայնությամբ Արցախի ժողովրդի վերադարձի և մյուս իրավունքների պաշտպանության համար, աշխատանքը համակարգում է Վարդան Օսկանյանը:

Հունվարի 18-ին ֆեյսբուքյան գրառմամբ Օսկանյանը միայն նշել էր՝ գլխավոր խնդիրը լինելու է միջազգային երաշխիքներով Արցախի ժողովրդի հայրենադարձությունը և սեփական հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու իրավունքի պաշտպանությունը և հետապնդումը։

Կարդացեք նաև

Back to top button