
Առավոտյան 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում։ Անմիջապես դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության 12 մարտական հաշվարկ, ինչպես նաև՝ Ոստիկանության և ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի ծառայողները: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհ է բռնկվել 25000 քմ մակերեսով պահեստի 6000 քմ հատվածում։ Հրդեհաշիջման աշխատանքները պահեստային տարածքում շարունակվում են:
Երևանի Թբիլիսյան խճուղիում, նախնական տվյալներով, պայթյուն չի եղել։ Դեռ հայտնի չէ, թե պահեստային տարածքի որ հատվածից է հրդեհը սկսվել և ինչ հանգամանքներում։ Դա կպարզի քննությունը՝ լրագրողների հետ զրույցում հայտնեց Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նաև նշեց, որ տարածքում մարդիկ են եղել, որոնք տարհանվել են։ Հրդեհի հետևանքով ծխահարվել է մեկ քաղաքացի և մեկ հրշեջ, նրանց առաջին բուժօգնություն է ցուցաբերվել։ Այլ տուժածներ չկան։ Ըստ նախնական տվյալների՝ հրդեհը բռնկվել է 25 հազար քմ մակերեսով պահեստի 6 հազար քմ հատվածում։ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ՝ պահեստում պահվել են տարբեր տեսակի ապրանքներ, սննդամթերք, շինարարական ապրանքներ, ջրի պլաստիկե տարաներ:
«Կարճ ժամանակում կանխվել է հրդեհի տարածումը։ Այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են կատարվում։ Կանխավարկածներից չենք կարող խոսել, քննությունը կպարզի։ Պահեստային տարածք է, ամեն տեսակի ապրանք էլ կա։ Համացանցում լուրեր կային, թե պայթյուն է եղել։ Նախնական տվյալներով՝ պայթյուն չի եղել»։
Պահածոների պահեստում հրդեհը բռնկվել է 9։40-ի սահմաններում։ Հրշեջ փրկարարները կարճ ժամանակում կանխել են հրդեհի տարածումը, տարհանել պահեստավորված գույքը։ Պահեստային տարածքը կամ առնվազն դրա մի մասը շահագործվում է «Գրին լայֆ» ՍՊԸ-ի կողմից, որը զբաղվում է գյուղատնտեսական ապրանքների վաճառքով։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Ընթանում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները, հրդեհի առաջացման պատճառը պարզելու ուղղությամբ: Դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել, ձևավորվել է քննչական խումբ։




