ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Անշարժ գույքի շուկայում մարզերն ակտիվանում են

Բացառությամբ Երևանի, Հայաստանի բոլոր մարզերում անշարժ գույքի շուկայում գործարքների քանակի աճ է գրանցվել։ Անկումը միայն մայրաքաղաքում է։ Առաջիկայում պարզ կլինի՝ ակտիվությունը առաջնային, թե երկրորդային շուկայում է։ Բայց բնակարաններ ձեռք են բերվում ոչ միայն առաջնային շուկայից։ Երկրորդային շուկան հատկապես ակտիվ է Էրեբունի, Մալաթիա Սեբաստիա համայնքներում։

Վերջին տասը տարում Հայաստանի անշարժ գույքի շուկայում ամենաշատ գործարքներն արձանագրվել են անցած տարի։ 2022-ի համեմատ աճը ավելի քան 7 տոկոս է։ Բայց 2023-ին շուկայում առքուվաճառքի գործարքներն են նվազել՝ արձանագրում է «Օրբելի» հետազոտական կենտրոնի փորձագետ Մերի Բոյաջյանը։

 «Ամենամեծ տեսակարար կշիռը բաժին է ընկել Երևանին՝ շուրջ 27 տոկոս։ Սակայն վերջինը 2022-ի համեմատ 23․8 տոկոսով նվազել է։ Վերջին տասը տարիներին առքուվաճառքի ամենաբարձր տեմպը գրանցվել է 2021-ին»։

Առքուվաճառքի գործարքները նվազել են, բայց, հատկապես Երևանում, բնակարանների գները 2023-ին չեն նվազել։ Փորձագետն արձանագրում է՝ բնակարանների գների աճ է գրանցվել Երևանի բոլոր վարչական շրջաններում։

«Նախորդ՝ 2022-ի համեմատ Երևանում բնակելի բնակարանների գները աճել են 10․3 տոկոսով։ Ընդ որում բնակարանների գների աճ է գրանցվել բոլոր վարչական շրջաններում։ Տոկոսային առումով ամենաբարձր գները Կենտրոնում են, մեկ քառակուսի մետրի արժեքը մոտ 838 հազար դրամ է՝ 2022-ի համեմատ աճը 13․5 տոկոս է»։

Գները բարձր են նաև Արաբկիր վարչական շրջանում։ Նուբարաշենում մեկ քառակուսի մետրի համար վճարելով մոտ 214 հազար դրամ, հնարավոր է բնակարան ձեռք բերել։ Բնակարանների պահանջարկը մեծ է հատկապես Կենտրոն, Արաբկիր, Աջափնյակ վարչական շրջաններում։

Սահմանամերձ բնակավայրերում առքուվաճառքի գործարքներն ավելացել են։ Սյունիքում ու Գեղարքունիքում գործարքների թվի հետ աճել են նաև գները։

«2023-ին Սյունիքում կատարվել է առքուվաճառքի 1997 գործարք, 2022–ին՝ 1404՝ մոտ 40 տոկոս։ Գեղարքունիքում՝ 3․6 տոկոսով են ավելացել առքուվաճառքի գործարքները»։

Կապանում հնարավոր է բնակարան գնել  մեկ քառակուսի մետրի համար վճարելով 160 հազար դրամ։

Հիպոթեքային շուկան, հատկապես Երևանում, սկսեց ակտիվորեն զարգանալ 2015թ նոյեմբերից, երբ ներդրվեց կառուցապատողից բնակարան ձեռք բերելիս եկամտային հարկի դրույքաչափի վերադարձի ինստիտուտը։ Բացի այդ, սկսեց գործել «Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին» ծրագիրը։ Այս դեպքում, կախված նրանից, թե որտեղ է ձեռք բերվող գույքը, պետությունը սուբսիդավորում է վարկի տոկոսադրույքը։ Հիպոթեքային շուկան կարող է պայթել, մտավախություններ կան՝ արձանագրում է տնտեսագետ Արմեն Քթոյանը։ Ընդգծում է՝ գերտաքացումը տարբեր գործոններով է պայմանավորված։ Նախ, 2025թ հետո եկամտային հարկի վերադարձը Երևանում չի գործի։ Այլ գործոններ էլ կան․

«Վերջին ժամանակահատվածում հիպոթեքային վարկերը առավել աճի հատվածն են հանդիսանում։ Եթե մեկ տարվա կտրվածքով նայենք, հիպոթեքային վարկերի աճը ավելի քան 200 մլրդ դրամ է եղել, մյուս ոլորտների վարկավորումը նման աճ չի արձանագրել»։

Ֆինանսների նախկին նախարար Լևոն Բարխուդարյանը չի կարծում, որ պայթյուն է լինելու։ Ավելին, նրա կարծիքով, շինարարության ոլորտի աճը 2008-ի ճգնաժամի էֆեկտի չի բերի։

«Անշարժ գույքի արժեքը մեզ մոտ միևնույնն է աճում է։ Մարդիկ ներդրում են անում որոշ եկամուտ ստանալու ակնկալիքով, և հոսքը դեպի ՀՀ շարունակվում է»։

Անշարժ գույքի շուկայում մարզերն ակտիվանում են, հատկապես երևանամերձ մարզերը՝ Կոտայքը, Արարարտը, Արմավիրը, նաև Տավուշը՝ հատկապես Դիլիջանը։ Կադաստրի կոմիտեի տվյալներով՝ 2023-ին 1650 օտարեկրացի է բնակարան ձեռք բերել ՀՀ-ում։ Նրանք հիմնականում ՌԴ, ԱՄՆ ու ԵՄ քաղաքացիներ են։

Կարդացեք նաև

Back to top button