
Արմավիրի տարածաշրջանային երթուղիների շահագործումն ու ուղևորափոխադրումները կամայականորեն են կազմակերպվում: Մի շարք գյուղերում հասարակական տրանսպորտը չի գործում: Բնակիչները հավելյալ ծախսեր են անում Արմավիր կամ մոտակա բնակավայրեր հասնելու համար: Այդ խնդրին են բախվում նաև ուսուցիչները, ինչի պատճառով դպրոցներում առարկայական մասնագետների պակաս կա: Եղած տրանսպորտային միջոցները հին են և հաճախ խափանվում են ճանապարհին:
Արմավիրի մարզի մի քանի բնակավայրեր զրկված են մարզկենտրոնին կապող տրանսպորտից, իսկ վերջին շրջանում, դեղին համարանիշերով պայմանավորված, դադարեցվել էր մի քանի երթուղիների շահագործումը։ Դրանից հիմնականում տուժել են գյուղական դպրոցների ուսուցիչները: Մարինե Սաֆարյանը Բաղրամյան համայքի Տալվորիկ գյուղի դպրոցի տնօրենն է: Արմավիրից Տալվորիկ երթուղային տրանսպորտ չկա: Դժվարությամբ է հասնում աշխատանքի:
«Մեծ դժվարությամբ հասնում ենք Հուշակերտ, որից հետո Տալվորիկ, բայց այս մի շաբաթ «Գազելները» չէին աշխատում: Մի շաբաթ ես և չորս ուսուցիչներ տաքսիներով ենք երթևեկել., իջնում էինք Հուշակերտ, հետո մյուս աշխատողի հետ մեքենայով գնում Տալվորիկ»:
Գյուղերի դպրոցներում դասվարից մինչև առարկայական ուսուցիչների պակաս կա: Մարինե Սաֆարյանն ասում է՝ դպրոցում աշխատել ցանկացողները շատ են, բայց ճանապարհային դժվարություններից ելնելով՝ հրաժարվում են:

«Երթևեկության պատճառով մարդիկ չեն համաձայնվում գան աշխատելու: Նույնիսկ Արցախից եկած ուսուցիչներին խնդրել եմ, որ իրենք պետությունից 30 տոկոս հավելավճար են ստանալու, հատկացվում է նաև երթևեկության գումարը և մեզ մոտ մի փոքր ֆինանսավորումն ավելի բարելավված է, բայց նույնիսկ դա չգրավեց: Ասում են՝ ինչպես գնանք, գանք: Եթե երթուղային տրանսպորտ լիներ՝ Արտամետ, Տալվորիկ, Վանանդ, Արմավիր քաղաքից, հարակից գյուղերից ինչքան մարդիկ կաշխատեին»:
Երթևեկող ուսուցիչներին հատկացված գումարը չի բավարարում ճանապարհի ծախսերին և ուսուցիչները հրաժարվում այդ գյուղերի դպրոցներում աշխատելուց: Ճանապարհային դժվարությունները մի կերպ են հաղթահարում նաև Արտամետ գյուղի ուսուցիչները: Խնդիրը մշտապես անհանգստացնում է նաև ծնողներին՝ երեխաների կրթությունը թերի կմնա:
«Մասնագետները հիմնականում դրսից են գալիս, տրանսպորտ չկա: Արագածից ուսուցիչ ունենք, Գետաշենից, Արմավիրից, մարդիկ շատ դժվարությամբ են հասնում: Ցանկալի կլիներ՝ տրանսպորտ լիներ, կգային, էլի: Մեր երեխաներն էլ են մեղք»:
Արտամետ գյուղի ուսուցիչները նույնպես ընտրում են դպրոց հասնելու ամենակարճ ճանապարհը. Արմավիր, Հուշակերտ, Արտամետ: Այս երթուղին իրենք են գծել՝ երթևեկության ծախսերը կրճատելուհամար, բայց նվազագույնի չեն հասցնում:

Զվարթ Հովհաննիսյան. «Ուսուցիչները միշտ առաջարկում են, ես էլ եմ մտածում, որ եթե տրանսպորտ լինի, եթե բոլորս կարողանանք տրանսպորտով գալ, գոնե մեր ընտանիքի անդամներին նեղություն չենք տա: Յուրաքանչյուրս չենք կարող ավտոմեքենայի հարց լուծել, գումարի խնդիր է»:
Տարիներ առաջ Արմավիր-Բագարան երթուղին սպասարկող ավտոբուսի ճանապարհն անցել է Վանանդ, Արտամետ, Տալվորիկ գյուղերով, սակայն երթուղու անշահավետությունից ելնելով, դադարեցվել է շահագործումը: Խնդիրը մինչև հիմա առկախված է Բաղրամյան համայնքի 14 բնակավայրերից 9-ում: Արմավիրի ավտոկայանում կանոնակարգված երթուղային ցանց չկա, երթուղիները շահագործվում են կամայականորեն՝ հին «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսներով և «Գազելներով», որոնք հիմնականում անսարք են և հաճախ են խափանվում:
Գետաշեն գյուղի բնակիչներից մեկն է դժգոհում. «Գետաշեն-Արմավիր մի տրանսպորտ կա, Այստեղից դուրս է գալիս, ճանապարհի կեսին փչանում է, այնտեղից գալիս է, նորից փչանում է: Երեխաները մնում են ճամփին ու չեն իմանում ինչ անեն»:
Բացի մաշվածությունից ու անսարքությունից երթուղային տրանսպորտը լիարժեք չի սպասարկում շաբաթ և կիրակի օրերին: Ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերություններից մեկի պատասխանատուն ասում է, որ իրենք երթուղին վնասով են շահագործում, իսկ հանգստյան օրերին գրեթե ուղևորներ չկան:
«Միայն կիրակի չեն աշխատում, որովհետև մարդ չի գնում, գալիս: Մերը Արմավիր-Մարգարա, Արմավիր- Մրգաշատ երթուղին է: Մրգաշատի ավտոբուսը փչացել է, շարժիչը քանդել ենք, սարքենք: Մարդ չի լինում։ Այս մի ամիսը 5 ուղևոր գնում է, երկուսը՝ գալիս: Մի կերպ գազի լիցքավորման փողն ենք հանում»:

Արմավիր-Արգավանդ-Մարգարա երթուղին շաբաթ կիրակի օրերին չի աշխատում, ուղևորները հույսը դնում են տրանսպորտային այլ միջոցների վրա: Շահավետ և ոչ շահավետ երթուղիներում կանոնավոր ուղևորափոխադրումներ կազմակերպելու համար Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը լուծումներ էր նախատեսել, որոնք մասամբ են իրականացվել:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյան. «Արմավիրի պարագայում սկզբում մրցույթ էր հայտարավել, որ ամբողջ մարզին մեկ միասնական օպերատոր սպասարկի: Երկու անգամ մրցույթները չեն կայացել, որից հետո որոշում է կայացվել մարզը կիսել երկու մասի, մի մասը՝ Արմավիրի, մի մասը՝ Էջմիածնի: Էջմիածնի մասով մրցույթը կայացել է, կա հաղթող ընկերություն, իսկ Արմավիրում, իսկապես, մեծ խնդիր ունենք: Դատական գործընթաց ունենք, որն անընդհատ ձգձգվում է և չի թողնում այս հարցը վերջնական լուծում ունենա: Բայց հույս ունենք, որ երկար ձգձգված դատական պրոցեսը շուտով կավարտվի և մենք կկարողանանք այդ գործընթացն ավարտին հասցնել»
Արմավիրի տարածաշրջանային միասնական երթուղիների ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումների մրցույթին մասնակցել էր երկու ընկերություն, որոնք չեն հաղթել և արդեն երկու տարի մրցույթի արդյունքները վիճարկվում են դատարանում:




