
Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Երևանի պետական համալսարանում մասնակցել է մայիսի 14-16-ն անցկացվող Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի տարեկան 24-րդ գլխավոր վեհաժողովի աշխատանքներին: Միջոցառմանը ներկա է եղել նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Ողջունելով վեհաժողովի մասնակիցներին՝ կառավարության ղեկավարը մեծապես կարևորել է Հայաստանում եվրոպական տարածքի բարձրագույն կրթական հիմնահարցերին նվիրված միջոցառման անցկացումը՝ հատկապես հաշվի առնելով, որ մեր երկիրը բոլորովին վերջերս է անդամակցել Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիային:
«Ասոցիացիայում Հայաստանի ակադեմիական շրջանակների ներգրավվածությունը լիովին համահունչ է մեր երկրում բարձրագույն կրթական համակարգի լայնածավալ բարեփոխումների քաղաքականությանը, որը սկիզբ է առել դեռևս 2005թ.-ին` Բոլոնիայի գործընթացին Հայաստանի միանալով: Սա լավ հնարավորություն է սերտացնելու մեր համագործակցությունը բարձրագույն կրթական ոլորտում եվրոպական երկրների հետ՝ ի նպաստ ակադեմիական կրթահետազոտական փոխանակման ծրագրերի և բուհական կրթության որակի ամրապնդման»,- ասել է Հովիկ Աբրահամյանը։
Վարչապետը գոհունակություն է հայտնել վեհաժողովի աշխատանքներին զուգահեռ Բարձրագույն ուսումնական հաստատությունների եվրոպական ասոցիացիայի տարեկան գիտաժողովի գումարման առնչությամբ, որը կրում է «Աշխատանքի շուկայի համար որակավորումներ» խորագիրը:




