
ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետի առաջին կուրսն այս տարի գերազանցիկ չի ունեցել։ Մասնագետները մտահոգված են՝ այս տեմպերով մի քանի տարի անց Հայաստանը կարող է նաև լավ մաթեմատիկոսներ չունենալ։ Ֆակուլտետում սա կապում են կառավարության՝ մեկ տարի առաջ ընդունած որոշման հետ, որով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունք էր տրվում բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական ուղղություններով սովորողներին։ Անվանման մեջ մաթեմատիկական ուղղությունը թեև կա, բայց մաթեմատիկայի ֆակուլտետում սովորողները տարկետման հնարավորություն չունեն։
Այս պատմության հերոսի անունը ես ձեզ չեմ ասի, մասնագիտությունը՝ նույնպես։ Եվ մենք երբեք չենք իմանա՝ ով կարող էր տարիներ անց դառնալ հանրապետության լավագույն մաթեմատիկոսը․մեկ տարի առաջ նա այլ մասնագիտություն ընտրեց․
«Ես ցանկանում էի սովորել մաթեմատիկայի ուղղվածությամբ, բայց քանի որ տարկետման օրենքը միայն ֆիզիկայի ու քիմիայի ուղղվածությամբ մասնագիտություններին էր վերաբերում, ստիպված արդեն էդ ուղղությամբ ինչ-որ բան ընտրեցի։ Ես պատկերացնում էի իմ ապագա կյանքը որպես մաթեմատիկոս, բայց էդ հնարավորությունը երևի էլ չունեմ ու ստիպված իմ ընտրած մասնագիտությամբ կշարունակեմ ճանապարհը, բայց եթե մաթեմատիկոս լինեի, համոզված եմ, ավելի լավ կիրագործեի իմ պոտենցիալը»։
Զրուցակիցս վստահ է եղել՝ գիտությունը ընդհատումներ չի սիրում։ Սկսել է սովորել ուսումը չդադարեցնելու նպատակադրմամբ՝ թեկուզև, իր խոսքով, իրեն ոչ միանշանակ համապատասխանող մասնագիտությամբ։ Սա այն ապագան է, որի մասին մեկ տարի առաջ մտահոգվում էր ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի դասախոս Կարեն Քեռյանը։
— Անցած տարի մարտի 23-ին կառավարության որոշումով հաստատվել են այն բոլոր բուհերն ու մասնագիտությունները, որոնցով տրվում է տարկետում։ Խոսքը ԲՏՃՄ (բնական, տեխնիկական, ճարտարագիտական, մաթեմատիկական) ուղղություններով տարկետում տալու մասին է, իսկ այնտեղ «Մ»-ն բացակայում էր։ Տարկետման ողջ փիլիսոփայությունը նրանում էր, որ դա մի հավելյալ գործիք դարձնենք մեր լավագույն երիտասարդներին Հայաստանում պահելու ու մեր ակադեմիական միջավայր մտցելու համար։
— Ինչո՞ւ «Մ»-ն դուրս մնաց։
— Ոչ մեկը դրա ոչ մի հիմնավորում չի տվել։
Բայց Քեռյանն այժմ՝ մեկ տարի անց, էլ հիմնավորման չի սպասում։ Այժմ արդյունքները ցույց տալու ժամանակն է՝ ասում է։
«Այւս պահին մենք մաթեմատիկայի ֆակուլտետում առաջին կուրսում գերազանցիկ չունենք, տասնյակ տարիներով տենց բան չի եղել, որ առաջին կուրսում գերազանցիկ ուսանող չլինի։ Ու պարզ է, որ մի 10 տարի նույն ռազմավարությունը շարունակենք, վաղը մենք մաթեմատիկոսներ չենք ունենա»։
Քեռյանն ասում է՝ ինքն անձամբ էլ ճանաչում է մեր զրուցակցի նման երիտասարդների, որոնք ստիպված են եղել հրաժարվել մաթեմատիկայից։ Բայց գուցե սա խոսում է երիտասարդների սիրո՝ ոչ այնքան անմնացորդ չափաբաժնի մասին։ Ըստ դասախոսի՝ խնդիրը ոչ թե բանակից, այլ ուսումը կիսատ թողնելուց խուսափելն է․
«Նախ խոսքը լավագույնների մասին է, պետք չէ բոլորին նույն կերպ չափել, լավագույնները շատ տարբերվող մարդիկ են իրենց մտածելակերպով, ապրելակերպով, բանակում օգուտ տալու հնարավորությամբ, մեր սովորական կենցաղում օգուտ տալու հնարավորությամբ, ու եթե հիմա ինձ ինչ-որ մեկը տանի լուրջ բանվորական գործի, ես այնտեղ շատ անօգուտ կլինեմ, եթե կրիային մենք չափենք իր ծառ բարձրանալու ւոնակությամբ, կասենք կրիան անպիտան կենդանի է։ Պետք է հասկանանք, թե տվյալ անձը որտեղ ինչ ազդեցություն կունենա ու ի վերջո մեր բոլորի նպատակը հնարավորինս բարձր ՕԳԳ-ով մարդկանց աշխատացնել, աշխատանցնել՝ լավ իմաստով»։
«Ռադիոլուր»-ը փորձեց ԿԳՄՍ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեից պարզել՝ իրականացվե՞լ է արդյոք մշտադիտարկում, կայացրած որոշման արդյունքների գնահատում։ Մամուլի պատասխանատուի փոխանցմամբ՝ մշտադիտարկումն այժմ իրականացվում է, բացառված չէ, որ մեկ տարի առաջ կայացված որոշումը փոփոխվի։ Սակայն մանրամասներ կկարողանան փոխանցել որոշ ուսումնասիրություններից հետո միայն։
Կարեն Քեռյանի խոսքով՝ այսօր էլ մասնագիտական հանրույթի հետ քննարկում չի իրականցվում։ Ակնկալիքները նաև այդ մասին են․
«Առաջին հերթին էս պահին էս տարվա համար խելամիտ որոշում կայացվի՝ քննարկելով համայնքի հետ, ու էդ որոշումը ոչ թե միանգամյա որոշում լինի, որն ամեն տարի կարա փոփոխվի, այլ մարդկանց տանք ինչ-որ հորիզոն մտածելու, որ, ժողովուրդ ջան, կարաք ապահով լինեք, էս գալիք երկու տարին սենց է լինելու»։
Այս դեպքում հույս ունի հաջորդ տարի գոնե չտեսնել նախկինում չգրանցված արդյունքը՝ անգերազանցիկ մաթեմատիկայի ֆակուլտետը և չառնչվել մարդկանց, որոնք կարող էին դառնալ երկրի լավագույն մաթեմատիկոսները, բայց դա էլ չեն անի։




