ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ֆինանսավորում կա, ինտենսիվ այգի՝ ոչ․ ինչո՞ւ է երկարաձգվում ծրագիրը

Կառավարությունը երկարաձգում է ինտենսիվ այգիների վարկերի սուբսիդավորման ծրագիրը մինչև 2025 թվականի վերջը՝ որոշակի փոփոխություններով։ Կառավարության նիստում էկոնոմիակայի նախարար Վահան Քերոբյանը հայտնել է, որ ոլորտում վերջին տարիներին ավելի քան 100 մլրդ դրամ է ներդրվել։ Փոփոխությունները վերաբերելու են գերնորմատիվային հողերի սուբսիդավորման արտոնությանը և հատիկաընդեղենի ֆինանսավորմանը։

Նախորդ հինգ տարիներին 7000 հեկտար ինտենսիվ այգիներ հիմնելու պայմանագրեր են կնքվել, որոնց շրջանակում գյուղատնտեսության համապատասխան ենթաճյուղում ներդրվել է ավելի քան 100 մլրդ դրամ: Առաջակրվող փոփոխությունները ուղված են ծրագրի ավելի սահուն ընթացքին ու որոշ ռիսկեր մեղմելուն՝ նշում է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։

«Մի փոքր թուլացնում ենք պայմանները, այսինքն՝ գերնորմատիվային հողերի սուբսիդավորման արտոնությունը վերանայում ենք, այսինքն՝ այժմ արդեն ներդրողները կամ ֆերմերները, որոնք ինտենսիվ այգիներ կտնկեն, գերնորմատիվային հողերից կախված, որևէ առավելություն չեն ստանա։ Մի քիչ ավելի լավացրել ենք բարձրարժեք հատիկաընդեղենի ֆինանսավորման պայմանները, որպեսզի խթանենք դա: Հիշեցնեմ՝ մենք ունենք շատ ինքնաբավության մակարդակ»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է՝ ոլորտը ռազմավարական նշանակություն ունի, և ջրային պաշարների ճիշտ կառավարման համատեքստում, և ընդհանրապես հողերի կառավարման համատեքստում, պետք է ուժեղացնել ինտենսիվ գյուղատնտեսությունը: Սակայն ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում կան նաև չարաշահումներ։ Ըստ վարչապետի՝ ներկայացվող թիվը օբյեկտիվ չէ։

«Մենք ասում ենք, որ 7 հազար հա ինտենսիվ այգի ենք հիմնադրել, բայց այս թիվը օբյեկտիվ չէ, որովհետև դեպքեր ունենք, որ բացահայտվել են որոշ չարաշահումներ: Առնվազն կան կասկածներ, որ ինտենսիվ այգի չկա, բայց սուբսիդավորումը կա»։

Ինտենսիվ այգիներ հիմնելու ծրագրում չարաշահումները ոչ թե գողության, այլ շահառուների կողմից խարդախության մասին են։ Դրա համար պատժվում են մարդիկ, որոնք չեն գողացել՝ նշում է Վահան Քերոբյանը, խոսելով մեկ շաբաթ առաջ Քննչական կոմիտեի կողմից ինտենսիվ այգիներ հիմնելու ծրագրում հայտնաբերված խախտումների ու խարդախությունների մասին։ Այս գործով կա կալանավորված պաշտոնատար անձ էկոնոմիկայի նախարարությունից։ Ըստ Քերոբյանի՝ այդ ամենը պարալիզացնում է նախարարության աշխատանքը։

«Վերջերս իրավապահների հայտնաբերած խախտումները վերաբերում են ընդամենը 234 մլն դրամի խախտման, որը ընդհանուր ծավալի 0.2 տոկոսն է կազմում։ Մեր կարծիքով, եթե պատժվում են մարդիկ, որոնք չեն գողացել կամ ապացուցված չէ, որ գողացել են, մենք պարալիզացնում ենք ամբողջ համակարգը։ Իսկ հիմա մեր գյուղատնտեսական վարչությունները հարց են տալիս՝ լավ, մենք ինչպե՞ս շարունակենք աշխատել, որ վստահ լինենք, որ մեր ազնիվ աշխատանքը վերջում չի պատժվելու»։

Հարց է ծագում՝ ինչո՞ւ է այս պայմաններում ծրագիրը երկարաձգվում։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ մի քանի ընկերությունների պատճառով ոլորտը չպետք է ոչնչացնել։ Վարչապետի մոտեցումն այն է, որ պետք է հասկանալ՝ պետական միջոցների գողություն տեղի ունեցե՞լ է, թե՞ ոչ։

«Մենք պետք է կառավարության գործը իրավապահ մարմինների գործից տարբերակենք։ Մենք պետք է շարունակենք ֆինանսավորումը, իհարկե, գնալով ընթացակարգերի լավարկմամբ։ Ով գողանում է, թող գնա, պատասխանատվություն կրի, բայց եթե մենք մի 2, 3, 4, 5, թեկուզ 10 ընկերության պատճառով պետք է այդ ոլորտը ոչնչացնենք, ստացվում է՝ Հայաստանի ապագան ենք ոչնչացնում: Չի կարելի այդպիսի բան անել»։ Ինտենսիվ այգիների վարկերի սուբսիդավորման ծրագիրը երկարաձգվում է մինչև 2025 թվականի վերջը։ Ըստ կառավարության որդեգրած քաղաքականության՝ տարեկան առնվազն հազար հեկտար ինտենսիվ այգի պետք է հիմնադր

Կարդացեք նաև

Back to top button