
ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի հենց սկզբում խոսվել է Հայաստանի 4-րդ Հանրապետություն ստեղծելու մտադրությունների և հանրությանն առաջարկված խոսույթի մասին։
Պատգամավորներն առաջարկել են հանրային տիրույթից հարցի քննարկումը տեղափոխել խորհրդարանական դաշտ։
Հարցը, որ կառավարությունը մտադիր է աշխատանքներ տանել պայմանական 4-րդ Հանրապետության հիմնադրման համար, ԱԺ-ում հարց ու պատասխանի ժամանակ չի հերքել վարչապետ Փաշինյանը։ Բայց հստակեցրել է՝ պայմանական թվագրումը կապված է Սահմանադրության և սահմանադրական կարգի փոփոխության հետ։ Այս ուղղությամբ կոնկրետ առաջարկներ կառավարող ուժը դեռ չունի։
«Վերաբրենդավորում ասելով՝ ես հենց չորրորդը նկատի ունեի։ Եթե անկեղծ ասեմ, մենք՝ կառավարող քաղաքական ուժը չունի փաթեթ սեղանին դնելու, ասի, որ մենք սա ենք առաջարկում։ Եվ դա լավ է, որովհետև կարծում եմ, որ նախ՝ հանրության մեջ պետք է տեղի ունենա քննարկում,թե սա ինչի՞ մասին է, ինչի՞ համար է, որովհետև դրա հետ էլ շատ մեծ քննարկումներ, նույնիսկ շփոթություն կա։ Բայց կարևոր եմ համարում, որ նախ՝ խոսակցությունը տեղի ունենա, ըմբռնում ձևավորվի, որ դա կարևոր է և դա պետք է անել, հետո նոր անցնել կոնկրետ բովանդակությանը։ Ես ընդամենը կարող եմ հետևյալը ասել, ավանդույթ կա, որ փորձ է արվում Սահմանադրություններով հարմարեցնել կառավարությանը կամ գործող ղեկավարին, կամ կառավարող թիմին։ Մեր մտադրությունները այդպիսին չեն»։
Փոփոխությունների գնալու անհրաժեշտությունը կառավարությունը պայմանավորում է անվտանգային միջավայրով։ Վարչապետն ասում է՝ այսօր գլոբալ աշխարհն այնպիսին չէ, ինչպիսին 5-6 տարի առաջ էր, և պետությունների միջև հարաբերությունները, մեր միջավայրը նույնպես փոխվել են։ Վարչապետի խոսքով՝ դեռ պետք է պարզենք, թե ինչու հարևան Վրաստանը ռազմաքաղաքական խորը համագործակցության պայմանագրեր ուներ Թուրքիայի և Ադրբեջանի հետ, իսկ Հայաստանի հետ՝ ոչ։ Ընդամենը օրեր առաջ Հայաստանի և Վրաստանի միջև կնքվեց Ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը։ Այս քայլը նաև, ըստ Հայաստանի վարչապետի, պետք է պատասխանի՝ ո՞ւր է ԵՄ-ն, ո՞ւր ենք մենք հարցին։

«Մեր հարաբերությունները, ըստ էության, ոչ մի սուբյեկտի հետ նախկինը չեն։ Փոխվել է նաև այդ հարաբերությունների բնույթը։ Փոխվել է նաև մեր տարածաշրջանը։ Մենք, գուցե, այդքան էլ չենք շեշտադրել, բայց մեր տարածաշրջանում շատ էական իրողություններ են փոխվել և այդ իրողությունների մեկը Վրաստանի՝ ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու փաստն է, որ ուզենք, թե չուզենք օբյեկտիվ ազդեցություն է գործում մեր տարածաշրջանում։ Ստացվում է, որ մեր հարևան երկրներից երկուսը ունեն ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ։ Եթե նախկինում կարելի էր ասել, որ ԵՄ-ն ուր, մեր տարածաշրջանը ուր, հիմա ԵՄ-ն փաստացի, ըստ էության, մեր տարածաշրջանն է։ Եվ մենք այս փաստի հետ պետք է հարաբերվենք։ Նաև այդ առումով շատ կարևորում եմ Վրաստանի հետ ռազմավարական երկխոսության մեկնարկը»։
Եթե ԵՄ-ից սահուն անցում կատարենք եվրոպական կոնկրետ կառույցին՝ Միջազգային քրեական դատարանին, ապա Հռոմի ստատուտը 7 օր է, ինչ մտել է ուժի մեջ։ Թե ինչ է տվել Հայաստանին այս օրերի ընթացքում այդ կառույցին անդամակցությունը, հետաքրքրում էր ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանին։
«Կին զինծառայողների մարմինը պղծել է ոչ թե ոչ թե ինչ-որ մի շարքային ասկյար, այլ հենց ինքը Ալիևը, որովհետև իր թողտվությամբ, խրախուսմամբ է կատարվել այդ ամեն ինչը։ Անձամբ Ալիևի դեմ հայց ներկայացվելո՞ւ է, թե՝ ոչ։ Այս ամեն ինչի պատասխանատուն և մեղավորը Իլհամ Ալիևն է։ Նա է ցեղասպանության կազմակերպիչը և ցեղասպանություն իրականացնողը։ Դուք ցեղասպան Ալիևի դեմ անձամբ հայց ներկայացնելո՞ւ եք, թե՝ ոչ։ Եթե այո, անձամբ Ալիևի՝ ե՞րբ , եթե ոչ՝ ինչո՞ւ»։

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը պարզաբանում է․
«Անձամբ բառը, եթե 20 անգամ կրկնեք, ավելի էմոցիոնալ և դիպուկ չի լինի հարցադրումը։ Հենց միջազգային նման պայմանագրերի վավերացումը և ներգործումը ստիպում է թե մեր կառավարությանը, թե բոլոր հետագա կառավարություններին գործել միջազգային սկզբունքներին համապատասխան։ Ինչ է դա նշանակում․ եթե տեսնում ես հանցագործություն, նախ՝ հնարավորություն ունես մտցնես քո դատաիրավական մեխանիզմներ այլ երկրի փորձագետների, և եթե հայտնաբերվում է, ֆիքսվում է մեղքի առկայությունը․ բնականաբար, լինելու է նաև պատասխանատվություն հենց Կոնվենցիայի շրջանակում»։
Նախարարի խոսքով՝ մի քանի ամիս է, ինչ նախարարության ու միջազգային իրավական հարցերով գրասենյակի մասնագետները օրենսդրական փաթեթ են մշակում, որի հիմքում ընկած է մեր համակարգի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին և Քրեական օրենսգրքի պահանջներին, և հենց դա է Հայաստանը փաստացի մտցնելու միջազգային քրեական արդարադատության ճիշտ դաշտ։ Դա տալու է միջազգային գործիքակազմից օգտվելու, իսկ ռազմական հանցագործների հարցով՝ դրանց բացահայտման մեխանիզմների կիրառման հնարավորություն։ Իսկ թե երբ Ալիևի դեմ հայց կպատրաստի Հայաստանի Հանրապետությունը, մտադրությունները և ժամկետը հստակ չեն։




