
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հարցազրույց է տվել ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին, քանի որ նրա դիրքորոշումը կտրուկ տարբերվում է ավանդական անգլո-սաքսոնական լրատվամիջոցներից։
Ավելի վաղ Պեսկովը հաստատել էր, որ երեքշաբթի ամերիկացի լրագրող Թաքեր Կարլսոնը հարցազրույց է վերցրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից։
«Նա ունի դիրքորոշում, որը տարբերվում է մյուսներից, այն ոչ մի կերպ ռուսամետ չէ, ոչ էլ ուկրաինամետ է, այն ավելի շուտ ամերիկամետ է, բայց գոնե կտրուկ տարբերվում է ավանդական անգլո-սաքսոնական լրատվամիջոցների դիրքորոշումից», — Ռիա Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Պուտինը համաձայնեց հարցազրույց տալ Կարլսոնին։
Երեքշաբթի օրը Կարլսոնը X սոցիալական ցանցում տեսաուղերձ է հրապարակել Կրեմլի աշտարակների և Քրիստոս Փրկիչ տաճարի ֆոնին, որում հայտարարել է, որ շուտով հարցազրույց կանցկացնի ՌԴ նախագահի հետ։ Լրագրողի խոսքով՝ ինքը հարցազրույց է վերցնելու, քանի որ ամերիկացիները բացարձակապես տեղյակ չեն, թե ինչ է կատարվում Ռուսաստանում և Ուկրաինայում։ Միաժամանակ Սպիտակ տունը, ըստ Կարլսոնի, երկու անգամ փորձել է խափանել հարցազրույցը։ Ավելի ուշ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը հերքել է լրագրողի այս հայտարարությունը։
Հրապարակումից մեկ ժամ անց դիտումների թիվը կազմել է 5,2 միլիոն, իսկ մեկ գիշերվա ընթացքում այն գերազանցել է 50 միլիոնը։ Ընդ որում, այս ցուցանիշն աճում է գրեթե ամեն վայրկյան։




