ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

«Հայոց պատմություն»–ը ԱԺ ամբիոնից․ ոչ օրակարգային հարցի առաջացրած աղմուկն ու բացահայտումները

Սովորական դպրոցական առարկան այսօր դարձել է ներքաղաքական խնդիրներ պարզելու միջոց։ Խորհրդարանի քաղաքական ուժերի առճակատումը այս անգամ ծավալվել է «Հայոց պատմություն» առարկան վերանվանելու հարցի շուրջ։ Ավելի հեռուն և ավելի խորը գնացող ծրագրեր են «բացահայտում» քաղաքական ուժերը՝ միմյանց մեղադրելով դավաճանության և անսկզբունքայնության մեջ։ Խիստ լարված մթնոլորը խորհրդարանում հրահրել էր օրակարգի հետ որևէ առնչություն չունեցող հարցը։ 

«Հայոց պատմություն» առարկան վերանվանելու իշխանությունների նախաձեռնությունը դեռ չի մտել ՀՀ Աժ նիստերի օրակարգ։ Սակայն, ընդդիմություն–իշխանություն բանավեճը խորհրդարանում հենց այդ թեմայի շուրջ էր։ Հիմնական բանախոսները խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչներն էին ու ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հատկապես դաշնակցական պատգամավորները։

Ընդդիմադիրները ենթադրում են, որ «Հայոց պատմություն» առարկան «Հայաստանի պատմություն» վերանվանելու որոշման տողատակերում լուրջ վտանգ կա պետության, ազգայինի և ինքնության պահպանման համար։ Պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արծվիկ Մինասյանը տարբեր հիմնավորումներ են ներկայացնում։

Արծվիկ Մինասյան. «Պետկանության հիմքերը քանդում եք, հետո ասում եք՝ մենք պաշտպանում ենք պետականության հիմքերը։ Որևէ քաղաքական, իրավական, սոցիալական իրավունք դուք չունեք խոսելու այդ մասին։ Ձեր նախընտրական ծրագրերում ուղիղ հակառակի մասին է խոսվում։ Արցախը դեօկուպացնելու մասին է խոսվում, Արցախը պաշտպանելու մասին է խոսվում, Ցեղասպանության միջազգային դատապարտումը հետապնդելու մասին է խոսվում։ Հիմա օրակարգ եք սարքել ազգային այս բոլոր հարցերը հանելու և դա էլ իրականացնում եք երկու տարի առաջ Ալիևի ու Էրդողանի պահանջին համահունչ»։

Արթուր Խաչատրյան. «Արհեստական հակադրություն է մտցվում ազգ, պետություն նաև ժողովուրդ։ Բա հետո՞։ Սևեր–սպիտակներ, հներ–նորեր, հետո հասանք մի նոր բարձունքի՝ Արարատը հակադրել Արագածի հետ, հիմա արդեն ժողովուրդը հակադրում եք պետության հետ, ազգը հակադրում եք պետության հետ։ Չեք հասկանո՞ւմ, որ այս հակադրումների անվերջ շղթան բերեց այս վիճակի»։

Պատգամավորը պատահական չի համարում, որ Մովսես Խորենացին գրել էր հենց «Հայոց պատմությունը»։ Դրան ի պատասխան Աժ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը ճշտում է՝ այն ժամանակ, երբ Հայաստանը արդեն կորցրել էր իր պետականությունը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հորդորում էր փաստերով խոսել, երբ խոսում են Թուրքիայի, Ադրբեջանի և գործակալության մասին, իսկ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը այս համատեքստում մեջբերում է սովետական КГБ–ի արտաքին հետախուզության նախկին պետ, գեներալ Կալուգինի գրքից հատվածներ․

«Հայկական Դաշնակցությունը այն խմբավորումն էր, որում մենք ամենաշատ գործակալների ներդրումը ապահովեցինք։ Դա ազգայնական խմբակցություն էր և պայքարում էր Հայաստանի անկախության համար, բայց ժամանակի ընթացքում մենք այնքան գործակալներ ներդրեցինք այնտեղ, որ նրանցից ոմանք կարողացան հասնել ղեկավար պաշտոնների։ Եվ 1980–ականներին արդեն խմբավորումը Սովետական Հանրապետության դեմ չէր պայքարում և նրա մի շարք անդամներ հավաքագրված էին КГБ-ի կողմից»։  

Այս համատեքստում է պատգամավորը հիշեցնում Արցախի հայաթափումից երկու շաբաթ առաջ խորհրդարանի ղեկավարի փոփոխությունը դաշնակցական գործիչով։ Նաև հավելում է․

«Մի շարք քաղաքական, կիսաքաղաքական շրջանակներ պայքարում են Հայաստանի պատմությունը Հայաստանի պատմության անունով ներկայացնելու դեմ։ Ասում են՝ առարկան վերանվանելը «Հայաստանի պատմություն», դա ապազգային է։ Ֆանտաստիկ է ուղղակի։ Հայաստան անունը ապազգային է։ Սա նշանակում է, որ իրենց պատկերացրած ազգայինը ուղիղ հակասության մեջ է ՀՀ հետ։ Սա լավագույն ցուցիչն է նրա, որ այս մարդիկ ուղղակի պայքարում են ՀՀ դեմ։ Պայքարում են նրա դեմ, որ Հայաստանը լինի պետություն։ Նրանց պետք է, որ հայերը լինեն ազգ, չլինեն ժողովուրդ։ Նրանց պետք է, որ այդ ազգը լինի ինչ–որ մի միավորի կազմում, կապ չունի, թե այդ որ մի միավորն է, բայց կարևոր է, որ չլինի անկախ պետություն»։

Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները պնդում են, որ չի կարող լինել ժողվորդի շահ, որն անջատ է ՀՀ շահից։ Իսկ պատմություն առարկայի շուրջ առաջացած աղմուկը արհեստական են համարում։

Գործադիր իշխանությունից, տվյալ դեպքում կրթության և գիտության նախարար Ժաննա Անդրեասյանn այս հարցով հստակեցնում է․

«Մենք ապրում ենք ՀՀ–ում և ՀՀ դպրոցներում պետք է անցնեն Հայաստանի պատմությունը։ Սա բոլորովին չի նշանակում և կուզեմ առանձին ընդգծել այն անհեթեթ դիտարկումները, թե «Հայաստանի պատմություն» կոչելով, առարկայից դուրս է մնալու այն բովանդակությունը, որը կազմում է մեր պատմության մասը։ Սա ամենևին բովանդակության մասին չէ։ Բովանդակությունը նույնն է անկախ անվանումներից։ Անվանումը այն մեթոդաբանական դիտանկյունն է, որով մենք մոտենում ենք պատմության ուսուցանմանը։ Ամեն երկրում պատմության ուսուցանումը առաջին հերթին այդ պետության, երկրի քաղաքացիների ձևավորման գործընթաց է։ Եվ առաջնահերթ է, որպեսզի պատմության ուսուցանումը կազմակերպվի և կառուցվի պետության առանցքի շուրջ»։

Հանրային լայն հնչեղություն ունեցող նախագիծը հունվարի 22–ից ներկայացված է իրավական ակտերի միասնական հարթակում հանրային քննարկման համար։ Փետրվարի 7–ին լրանում է քննարկման վերջնաժամկետը։ Այն, որ հարցը ստացել է հանրային մեծ հնչեղություն, պարզ է արդեն առցանց քվեարկությանը քաղաքացիների մասնակցությունից։ Շուրջ 17 հազար մարդ է քվեարկել, կողմ և դեմ ձայների հարաբերակցությունը համապատասխանաբար՝ 49 և 51 տոկոս է։ Ուղարկվել է նախագծին առնչվող մոտ 500 առաջարկ։

Ե՞րբ առաջարկը կդառնա օրենսդրական նախաձեռնություն՝ առայժմ ժամկետ չկա։

Կարդացեք նաև

Back to top button