ԿարևորՀասարակություն

Սահմանամերձ Կապանում մանկական բոլոր երգերը խաղաղության մասին են

Կապանում սուբվենցիոն հերթական ծրագրով հիմնանորոգվել է 38 տարի առաջ կառուցված մանկապարտեզներից մեկը։ 292 մլն դրամի 80 տոկոսը կառավարության ներդրումն է։ Անցած տարվա օգոստոսին Հայաստանի վարչապետը եղել էր Կապանի թիվ 10 մանկապարտեզում, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքներին, իսկ օրերս մանկապարտեզը պաշտոնապես բացել է դռները 140 սանի առջև։

«Հոյակապ է, շատ լավ է, կարող են շատ մանկապարտեզներ օրինակ վերցնել»այսպես արձագանքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած տարի օգոստոսին Սյունիք այցելության ժամանակ, երբ ծանոթացավ Կապանի թիվ 10 նախակրթարանի հիմնարոգման աշխատանքներին։ Մանկապարտեզը կառուցվել է 38 տարի առաջ ու ոչ մի անգամ չէր հիմանորոգվել։ Լուսավոր սենյակներ, լողավազան, անհրաժեշտ գույքով կահավորված բակ։ Մանկապարտեզը հնարավոր եղավ նորոգել հերթական սուբվենցիոն ծրագրով։ Կառույցի 292 մլն դրամի 80 տոկոսը հատկացրել է կառավարությունը, իսկ 20-ը տոկոսը Կապանի համայնքապետարանի ներդրումն է։ Կապանի լեռնահարստացման կոմբինատի հատկացրած 22 մլն դրամով ամբողջովին կահավորվել է մանկապարտեզը։

Կապանի թիվ 10 նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրեն Լիլիթ Պետրոսյան․ «Մինչ մանկապարտեզի նորոգումը, գործում էր 4 տարիքային խումբ՝ նախատեսված 110 սանի համար։ Իրականացված հիմնանորոգման աշխատանքների արդյունքում կգործի 6 խումբ՝ 140 երեխաներով։ Մի քանի տարի առաջ դժվար էր հավատալ, որ հնարավոր է աշխատել այսքան գեղեցիկ, նորագույն լուծումներով ու հարմարավետ պայմաններում»։

Կապանի համայնքի ղեկավարը, Կապանի լեռնահարստացման կոմբինատի տնօրենը, այլ հրավիրվածներ շրջում են խմբասենյակներում, ծանոթանում կատարված աշխատանքներին, փոքրիկների կրթության և դաստիարակության համար ստեղծված պայմաններին: Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը իր խոսքում համայնքի համաչափ զարգացման տեսանկյունից կարևորում է ենթակառույցների զարգացումն ու ակտիվացումը ոչ միայն քաղաքի կենտրոնական հատվածում․

«Կարևորում եմ նաև այն, որ մեր համայնքի ծայրամասային թաղամասերում բնակվող երեխաները, չպետք է ոչնչով տարբերվեն քաղաքի կենտրոնում բնակվողներից և ստանան նույն որակյալ կրթությունը, նույն գիտելիքները և ունենան նույն զարգացվածության աստիճանը»։

Էլզա Գալստյանը ժամանակին այս մանկապարտեզն է հաճախել, հիմա էլ նրա երեխան է Կապանի թիվ 10 մանկապարտեզի սան։ Ասում է՝ երկար են սպասել այս օրվան։

«Տեսնելով այն ամենը, որ հիմա ունեն, այն հարմարավետությունը, որ հիմա կա, ուղղակի հիանում եմ, մի տեղ էլ հպարտանում եմ, որ իմ երեխան հաճախում է այս մակարդակի մանկապարտեզ։ Ամեն ինչ գեղեցիկ է, փոխվել է ամեն ինչ։ Ես էլ կուզեի, որ այն տարիներին ես հաճախեի նման մանկապարտեզ»

Սահմանամերձ Կապանի թիվ 10 մանկապարտեզի սաները միայն մի բանի մասին են երազում ու երգում․ «Խաղաղություն, խաղաղություն, ողջ աշխարհին, ողջ աշխարհին խաղաղություն․․․․»

Back to top button