
Տարիներ առաջ Արմավիրի մարզի Փշատավան գյուղում կազմակերպված «1000 տարվա գյուղամեջ» փառատոնը առիթ հանդիսացավ, որ 20-ամյա մանկավարժական փորձ ունեցող Լիլիթ Եփրեմյանը սկսի ձեռագործ տիկնիկներ պատրաստել: Էկոլոգիապես մաքուր արտադրանքը նա ստանում է թելերից, կտորից ու փայտից և վարպետաց դասերի միջոցով հմտությունները փոխանցում մատաղ սերնդին: Տիկնիկի մասնակցությամբ պատմություններն անդրադառնում են մեր ազգային մշակույթին, ավանդույթներին: Այդ կերպ փորձում է ոչ նյութական մշակութային ժառանգությունը մատչելի դարձնել երեխաներին:
Լիլիթ Եփրեմյանը մասնագիտությամբ մշակութաբան է, երկար տարիներ աշխատել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցում, որպես մասնագիտացված կրթական աջակցության գծով տնօրենի տեղակալ: Կրթական ոլորտի ակտիվ աշխատանքում բազմաթիվ մտահղացումներ ստեղծագործական լուծումներ են ստացել: Այդպես էլ ստեղծվել է «Նինիկ» տիկնիկը.
«Ամեն ինչ սկսվեց «1000 տարվա գյուղամեջ փառատոնից», որտեղ պետք է մասնակցեինք արդեն նախկին Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցով և արտադրանք պետք է ներկայացնեինք: Գաղափար եղավ՝ պատրաստել այսպիսի ձեռագործ տիկնիկներ»:

2019թ-ին «1000 տարվա գյուղամեջ փառատոնը» կազմակերպվել էր Արմավիրի մարզի Փշատավան գյուղում: Կարճ ժամանակամիջոցում Լիլիթը դպրոցականների հետ էկոլոգիապես մաքուր հումքից ձեռագործ տիկնիկներ էր պատրաստել.
«Հիմնականում թելեր ենք օգտագործում և բնական նյութեր: Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ այստեղ մեր հայկական զարդանախշով գոգնոցներն են, կտորը, թելերն ու փայտից գլուխը: Կարող ենք գուխը նույնպես թելերից պատրաստել»:
Իր մտահղացմամբ ստեղծված տիկնիկին անվանակոչել է «Նինիկ». այդպես է ինքն իրեն անվանել փոքր տարիքում: Ասում է՝ Նինիկն իրեն հաճախ է վերադարձնում մանկություն, ու երբեմն խոսում է նրա հետ: Նույնկերպ են վարվում նաև այն երեխաները, որոնք պատրաստում են տիկնիկն ու խաղում նրանց հետ: Մանկավարժական 20-ամյա գործունեության ընթացքում Լիլիթն ավելի է մտերմացել երեխաների հետ, հաճախ է ժամանակն անցկացնում նրանց հետ ու սովորեցնում տիկնիկ պատրաստել.
«Այդ գործողությունը, այդ զբաղմունքը շատ թերապևտիկ նշանակություն ունի: Տիկնիկը պատրաստում են, վերջացնում, սկսում են հետը խաղալ, սկսում են կերպար ստեղծել, կենդանություն տալ: Տիկնիկը դառնում է նրանց ընկերը»:

Լիլիթ Եփրեմյանն ասում է՝ տիկնիկ պատրաստելու ընթացում կենտրոնանում է երեխաների ուշադրությունը, ձեռքի աշխատանքը, մատների ճկուն շարժումները դրականորեն են անդրադառնում լեզվամտածողության ու խոսքի վրա: Լիլիթի պատրաստած տիկնիկները հիմա շրջում են աշխարհով մեկ:
«Նինիկի գաղափարը նաև այն է, որպեսզի ինքը շրջի աշխարհով մեկ ու հայկական ոգին տարածի աշխարհի տարբեր երկրներում: Դրա համար մենք մի անգամ չելենջ՝ մարտահրավեր, էինք կազմակերպել. ով Նինիկին իր հետ տանում էր արտերկիր, այնտեղ նկարում և մեզ էր ուղարկում: Նինիկը եղել է Չինաստանում, Ֆրանսիայում, Ամերիկայում, Ռուսաստանում»:
Տիկնիկի հայկականությունն ընդգծվում է նրա զգեստով՝ հայկական տարազով: Մոտ լինելով մշակույթին, Լիլիթ Եփրեմյանը սկսել է ուսումնասիրել ազգային տարազների զարդանախշերը, դրանք պատկերել համակարգչով ու ստացել անհրաժեշտ տարազը.
«Ահագին աշխատանք է արվել այս գոգնոցի վրա: Այս նոր հավաքածուի զգեստները կարմիր թավշյա ժապավենից է պատրաստվել: Շուկայում, համենայնդեպս, հնարավոր չէ գտնել մաքուր հայկական զարդանախշերով կտորներ: Դա լուրջ խնդիր է և, կարծում եմ, բոլոր մասնագետներն էլ դա կփաստեն: Բայց լավ է, որ կա համացանց, լավ է, որ կան որակյալ վեկտորային նկարներ, որոնք կարող ես տպել»:
Հենց այդպես էլ անում է. ստացված հայկական զարդանախշերը տպում է կտորի վրա ու դարձնում տարազ: Լիլիթը իր ստեղծած տիկնիկի միջոցով հակված է մատաղ սերնդին մատչելի ու հասկանալի լեզվով փոխանցել նաև հայկական ոչ նյութական ժառանգության արժեքները: Ձեռագործ տիկնիկին հեքիաթ է նվիրել, որտեղ ներառել է նաև հայկական ավանդույթներին վերաբերող պատմությունները.
«Տարեհացի պատրաստման, գոտկախաղի արարողությունները, որոնք մենք ունեցել ենք հնում, ամբողջը ներկայացվում է «Նինիկին» նվիրված գրքում: Այսինքն, ստեղծվում է մի շարք, որը մեր ավանդույթները, մեր արժեքները, մշակութային ժառանգությունը պետք է շարադրվի երեխաներին հասկանալի լեզվով»:

«Նինիկ» տիկնիկին նվիրված պատմութուններն անավարտ են մնում, հեղինակը շարունակությունը թողել է երեխայի մտքի ու երևակայության զարգացման վրա:




