ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Քաղցրասերներին շոկոլադ մատակարարող ընկերությունը՝ «Լավագույն գործատու»

Հայաստանում առաջին անգամ Փոքր ու միջին ձեռնարկությունների ասոցիացիայի անդամների շրջանում կազմակերպվել է «Լավագույն գործատու» մրցանակաբաշխություն: Հաղթողներին ընտրել են արտադրության, ծառայությունների և առևտրի ոլորտից: Մրցանակակիրներից մեկը շուկային քաջ հայտնի ընկերություն է:

70 տոկոսով կանանցից բաղկացած թիմ ունեցող արտադրամասը «Լավագույն գործատու» մրցույթի հաղթողներից է: Այդ կոչման համար պայքարել են Փոքր ու միջին ձեռնարկությունների ասոցիացիայի 30 անդամներ:

Դիմողները հարցաթերթիկի միջոցով պատմել են աշխատակիցների կին/տղամարդ հարաբերակցության մասին, նշել են, թե վերջին երեք տարիներին ի՞նչ գանահատական են ստացել տեսչական մարմիններից:

«Օքսեջեն» հիմնադրամը հավաքել է տվյալներն ու «Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից» ստուգել՝ ընկերությունների վարքն իսկապե՞ս անբասիր է, թե՞ նկատվել են նաև խախտումներ:

-«Արկոլադ» ընկերության տնօրեն Էմիլ Հարությունյան, որպես գործատու եմ ստացել մրցանակ։

-Ձեր թիմում 70 տոկոսը կանայք են, ինչո՞վ են զբաղվում։

-Շոկոլադ են պատրաստում, հաշվապահություն են վարում։

-Աշխատակիցների հավելյալ խրախուսումը դրամական տեսքով է լինում, թե՞ շոկոլադի։

-Բացի դրամից, պետք է պայմաններ ստեղծես, որ մարդն իրեն լավ զգա։ Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր աշխատակիցները հարմարավետ միջավայրում գործեն։

-Գլխավոր տեխնոլոգի մասին կպատմե՞ք։

-Գլխավոր տեխնոլոգը ես եմ։ Մասնագիտությամբ ինժեներ մեխանիկ եմ, գործարարությամբ եմ զբաղվել, հետո կյանքը բերել հասցրել է արտադրություն։

Աշխատանքի անվտանգության կանոնները պահպանած, վերահսկող մարմինների կողմից էլ տույժ-տուգանքի չարժանացած ընկերությունը 2023 թ. քաղցրակերներին է մատակարարել մոտ 90 տոննա շոկոլադ: Հիմնադրման տարվանից՝ 2004 թ–ից ի վեր այն վաճառքի աճ է գրանցել, բացի 2020թ.-ից: Համատեղության կարգով տնօրեն-տեխնոլոգը պատմում է՝ արդեն ավարտին են հասցրել նոր գործարանի կառուցումը: Դրա շնորհիվ ամռանը կընդունեն նոր աշխատակիցներ ու շոկոլադի արտադրությունը կավելացնեն:

«Օքսեջեն» հիմնադրամի կազմակերպած մրցույթում ծառայությունների ոլորտի «Լավագույն գործատու» -ն էլ 2020թ.-ից շուկային տարբեր տեխնոլոգիաներով եփված սուրճ է մատակարարում: Սուրճից բացի, սառը ճաշացանկի հարուստ տեսականիով «Քոֆֆիս» ընկերությունը երեք հանրային սննդի կետերին շուտով կավելացնի ևս մեկը:

Հիմնադիր Արման Պետրոսյանն անկեղծանում է՝ 2020 թ.-ը կամքի ուժը փորձելու տարի էր, 2021թ.-ը հումքի կտրուկ թանկացման տարի էր, իսկ 2022-ն ամբողջ հանրային սննդի ոլորտի դրական տարի՝ Հայաստան եկած ռուսաստանցիների թվի կտրուկ աճի շնորհիվ:

«2023 թ.-ը էլի դինամիկ զարգացող տարի էր՝ մի քիչ ավելի նվազ, քան 22-ը: Սպառողների վարքագիծը լավն էր, գնողունակությունը լավն էր, բայց ունեցել ենք էլի խնդիր ոլորտում, որովհետև զգալի աճեցին աշխատուժի ծախսերը և կրկին հումքը։ Չնայած շուկան ընդլայնվել է, խաղացողներն ավելացել են, դա փաստում է նաև հարկային տեսչությունը, բայց կա ռիսկ, որը կարող է անդրադառնալ նաև մեր վրա։ Գների աճը սկսում է բացասական էֆեկտ ունենալ տուրիզմի վրա, տուրիստական փաթեթների մեջ կա հանրային սննդի զգալի կոմպոնենտ»։

«Լավագույն գործատու» մրցույթին դիմողների շրջանում ժյուրիին զարմացրած վարքագծի ամենահետաքրքիր դրսևորումը ո՞րն էր՝ հարցնում եմ «Օքսեջենի» գործադիր տնօրեն Մարգարիտա Հակոբյանին:

«Որ կան կազմակերպություններ, որտեղ շատ կանայք են աշխատում։ Ճիշտ է՝ ծառայությունների ոլորտում ավելի շատ են կանայք, արտադրության ոլորտում ավելի քիչ, բայց, դա էլ է մեզ համար շատ կարևոր: Ես կարծում եմ, որ այս մրցանակաբաշխությունը նաև հնարավորություն կտա առաջնորդվելով այդ տվյալներով, որ տվել են շատ փոքր ու միջին բիզնեսով զբաղվող գործատուներ, որպեսզի մենք իրենց հետ աշխատենք իրենց կարողությունների, ունակությունների, ընթացակարգերի վրա»։

Մրցույթը կազմակերպող կառույցի ղեկավարը նշում է՝ միջոցառումը կդառնա ամենամյա: Խրախուսման համակարգը կօգնի, որ փոքր ու միջին բիզնեսներում բարելավվի աշխատանքային միջավայրը, հարթ ընթանան տեսչական մարմինների հետ հարաբերությունները:

Կարդացեք նաև

Back to top button