ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երբ գաղթականությունը ոչ թէ ուսումնասիրման նյութ է, այլ անձնական պատմություն

Սոֆիա Հակոբյանը արևելագետ է, լրագրող։ Ավելի քան 10 տարի զբաղվում է ցեղասպանությունից հետո Թուրքիայում մնացած հայերի թեմայով։ Հիմքում նաև անձնական պատմությունն է․ Կիևում ծնված աղջիկն առաջին անգամ 2012-ին Արևմտյան Հայաստան այցելեց՝ իր արմատները գտնելու։  2020-2023 թվականներին ապրելով Արցախում, ասում է, որ 1915 թվականի իրադարձությունները բոլորովին այլ ձևով է սկսել ընկալել։

Սոֆիա Հակոբյանը Արցախ էր տեղափոխվել  2020 թվականի պատերազմից հետո։ Ծնվելով Սփյուռքում, իր կյանքի մի մասն անցկացնելով այնտեղ, նա չէր կարող պատկերացնել, որ հետագայում, իր ընտրած արևելագետի մասնագիտությունն իրեն մի օր պատմական հայրենիք, ապա և Արցախ կտանի։ Ինչ է տվել Արցախում ապրած մի քանի տարին երիտասարդ Սոֆիային, և ինչ է բերել նա իր հետ՝ երբ ստիպված է եղել տեղափոխվել ՀՀ։

«Ծնունդով Կիևից եմ, 14-15 տարի ապրել եմ Երևանում, որը ծնողներիս ծննդավայրն էր։ Իմ ընտանիքում բոլորը գաղթական են, և ինձ միշտ թվացել է, որ իրենց ապրածը ես հասկացել եմ, մասնագիտությամբ թուրքագետ եմ, որ երկար տարիներ ուսումնասիրում է գաղթականության թեման։ Միայն Արցախ տեղափոխվելով  և ապրելով այս վերջին մեկ տարվա իրադարձությունները, իմացա, որ ոչինչ էլ չեմ հասկանում։ Ոչ մի տեղին չպատկանելու, կորած մարդու զգացողությունները, որ հիմա ունեմ,  ավելի լավ եմ ընկալում։ Ցեղասպանությունից հետո արդեն իմ ընտանիքի 4-րդ սերունդն է, որ ծնվում է ոչ նույն տեղում»։

2023 թվականին, բլոկադայից ընդամենը մեկ ամիս առաջ Սոֆիան ամուսնացել է Արցախում, որոշելով, որ գաղթականի իր ընտանիքի արդեն 5-րդ սերունդն այնտեղ պիտի ծնվի։ Նախախնամությամբ այլ բան էր պահված Սոֆիայի համար։

«2020 թվականի պատերազմի ժամանակ եմ որոշել, որ հենց այդ ամենն ավարտվի, առնվազը երկարաժամկետ Արցախ եմ տեղափոխվելու, քանի որ նման իրավիճակներում ես մտածում եմ, թե ինչով կարող եմ օգտակար լինել, և առաջին միտքը, որ գալիս է, այն է, որ օգնել կարող ենք միայն այնտեղ ապրելով»։

Տեղափոխվեց Արցախ, «Մեդիամաքսի» հետ սկսեց «Ձայն Հադրութի» նախագիծը։ Այդ ժամանակ էլ ճանաչեց  ապագա ամուսնուն։

Արցախն ու Մհերը Սոֆիայի կյանք մտան միաժամանակ։ Ամուսնու հետ նրա ընտանիքում ապրելով, Սոֆիան սկսեց իր համար բացահայտել իսկական Արցախը։ Ներսից։ Հայրենիքի այդ հատվածի հետ ծանոթության հիմքերը դեռևս հայրն էր դրել, որը զբոսավար էր և աշխատանքի բերումով հաճախ էր լինում Արցախում։ Սոֆիան հոր հետ առաջին անգամ 2008 ին այցելեց Արցախ, տպավորվեց Շուշիով։

«Խորհրդավոր, հեքիաթից պոկված քաղաքի տպավորություն էր թողել Շուշին, և առայսօր ես երազներում մեկ-մեկ տեսնում եմ այդ տարիների Շուշին։ Ես կստեմ, եթե ասեմ, որ հաճախ էի գնում Արցախ կամ արցախասեր եմ, ես այնտեղ լինում էի աշխատանքային այցերով, և եղբորս երդմնակալության արարողությանն էի եկել»։

Թուրքիա կամ պատմական Արևմտյան Հայաստան Սոֆյան առաջին անգամ գնացել է 2011 թվականին, ինչպես ասում է, մեջբերելով Հրանտ Դինքի խոսքը՝ մեռելների հետևից։ Բայց գտավ ողջերին և փորձեց Ցեղասպանության մյուս կողմն էլ ցույց տալ, այն կողմը, որի մասին այնքան քիչ բան գիտենք մենք՝ Մասիսից այս կողմ ապրողներս ու օվկիանոսներից այն կողմ գտնվող հայերը։

«Ես էլ եմ բոլորի պես առաջին անգամ մեռելների հետևից գնացել Արևմտյան Հայաստան, բայց գտել եմ ողջերին։ Ինչպե՞ս։ Գնացել եմ Սասուն, պապիկիս գյուղը և հայտնաբերել, որ այնտեղ արաբախոս հայեր են ապրում, և սկսելեմ ուսումնասիրել այդ թեման։ Առայսօր աշխատում եմ»։

Արցախում ապրելով, հատկապես շրջափակման պայմաններում, Սոֆիան մտքում չէր կարող զուգահեռներ չտանել ու նմանություններ չտեսնել շուրջ 13 տարի իր ուսումնասիրած թեմայի ու Արցախում իր կողքին ապրող մարդկանց կյանքի միջև։

«Երբ Արցախում էի, մնացողների ու գնացողների դիսկուրսները իմ համար ուրիշ զգացողությւոններ էին առաջացնում, իմ աչքի առաջ գալիս էր այդ թեման, որ ես 13 տարի ուսումնասիրում եմ, և , հավատացեք, այդ դիսկուրսը արդեն 108 տարի շարունակվում է արևմտահայերի մեջ՝ գնացողների ու մնացողների մեղավոր կամ անմեղ լինելու մասին»։

Հետո պատահեց այնպես, որ Սոֆիան տեղահանությունից ընդամենը մի քանի օր առաջ դուրս եկավ Արցախից, առողջական խնդիրներով, այնտեղ թողնելով ամուսնուն ու նրա հարազատներին։ Չէր էլ պատկերացնում, որ Մհերի հետ ենթադրյալ երկար բաժանումը կտևի ընդամենը մի քանի օր։ Մեծ դժվարությամբ, բազմաթիվ փորձություններ հաղթահարելով, Մհերն ընտանիքի հետ տեղափոխվեց Երևան։

«Հայրենիքը մեզ ապաստան տվեց արդեն երկրորդ անգամ,-ասում է Սոֆիան։–Եվ մենք որոշեցինք, որ ապրելու ենք ոչ մայրաքաղաքում»։ Ընտրեցին Իջևանը։ Հադրութի կլիմային նման է, Մհերին հարմար է՝ սիրելի զբաղմունքով՝ մեղվապահությամբ և ջերմոցային տնտեսությամբ զբաղվելու համար։ Սոֆիան շարունակում է իր լրագրողական գործունեությունը, անդրադառնում է գաղթականության խնդիրներին։  

Ավելի քան 9 ամիս շրջափակման մեջ ապրելուց և Արցախի հայաթափումից հետո նա հիմա ավելի լավ է հասկանում խնդիրը։

Սոֆիան փոքրիկ բիզնես ունի՝ չրեր է պատրաստում, թեյախոտ հավաքում, փաթեթավորում։ Սիրում է իր գործը․ ասում է՝ վերապրելուց հետո մենք վաստակել ենք մեր սիրած գործով զբաղվելու իրավունքը։

Կարդացեք նաև

Back to top button