Հասարակություն

Դիմորդների թիվը պակասել է 1500- ով

Սոնա Հակոբյան
«Ռադիոլուր»

Առջևում ավարտական-միասնական քննություններն են: Այս տարի բուհ ընդունվելու համար դիմում հայտ է լրացրել 12346 դիմորդ: Այս թիվը մոտ 1500-ով պակաս է նախորդ տարվա համեմատությամբ: Հանրապետությունում ձևավորվել է 34 քննական կենտրոն և արդեն համապատասխանաբար կահավորվում են քննական կենտրոնները: Փաստաթղթերի ընդունելությունը կտևի մինչև հունիսի 1-ը, ժամը 1800-ը: Դիմորդը կարող է հայտագրել Հայաստանի Հանրապետության մեկ կամ մի քանի պետական և մասնավոր բուհերի՝ մինչև երկու անվճար և ութ վճարովի մասնագիտություններ: Գնահատման և թեստավորման կոնտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանն այսօր խոսելով միասնական քննությունների մասին նշել է, որ այժմ բավականին հեշտ է բուհ ընդունվելը, իրենց խնդիրն է հասնել նրան, որ հնարավորինս քիչ դիմորդներ չհաղթահարեն ընունելության քննությունները ու համապատասխանաբար քչերն էլ վաստակեն առավելագույն միավորներ:

Մոտենում է քննական շրջանը և բոլոր պետական ու ոչ պետական բուհերում արդեն սկսվել է դիմորդների գործերի ընդունելությունը: Միասնական և ավարտական քննություններին մասնակցելու համար այս տարի հայտագրվել է 12346 դիմորդ: Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գագիկ Մելիքյանը, նախորդ տարվա համեմատ դիմորդների թիվը 1500-ով նվազել է, ինչը, սակայն, պայմանավորված է 2 հանգամանքով: Նախ` մեծացել է արհեստագործական ուսումնարաններ, քոլեջներ դիմողների թիվը և շրջանավարտների մի զգալի մասը նախընտրում են ոչ հայաստանյան բուհերը` Ամերիկյան, Սլավոնական, Ֆրանսիական համալսարանները, «Սա լուրջ ահազանգ է ՀՀ բուհերին, որպեսզի ոլորտի պատասխանատուները սկսեն զբաղվել Հայաստանի բուհերի կրթության որակի էապես բարելավման ուղղությամբ»,- ասում է ԳԹԿ տնօրեն։

Այս տարի ևս ամենամեծ թվով դիմում հայտերը լրացվել են «Հայոց լեզու և գրականություն» առարկայի համար, որին հաջորդում են «Մաթեմատիկան» և «Օտար լեզու»- ները: Գագիկ Մելիքյանի տեղեկացմամբ` հանրապետությունում քննությունների համար ձևավորվել է 34 քննական կենտրոն, որոնցից 10-ը` մայրաքաղաքում: Ներկայումս քննական կենտրոնները կահավորման փուլում են, և այս հարցում ամենախնդրահարույցը խլացուցիչ սարքերի որակի ապահովումն է:

Զգուշացնելով, որ ցանկացած խարդախություն խստորեն կպատժվի, Գագիկ Մելիքյանը հորդորեց քննություն հանձնողներին` չդիմել խարդախ միջոցների, առավել ևս երբ բուհ ընդունվելը բավականին հեշտացվել է, և հնարավոր է ընդունվել անգամ ցածր միավորներով։

Նշենք, որ քննությւոնները կմեկնարկեն հունիսի 3-ին: Այդ օրը դիմորդները քննությւոն կհանձնեն «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից: Առաջին`հիմնական փուլի քննությունները կավարտվեն հունիսի 23-ին` «Ռուսաց լեզվի» քննությամբ։

 

Back to top button