
Հայաստանի ու Ադրբեջանի սահամանազատման հարցով հանձնժողովների հանդիպումը կայացավ, սակայն տեղեկություններ չկան, թե ինչ հարցերի շուրջ են խոսել կողմերը։ Մինչ այդ հնչած հայտարարությունները, սակայն հնարավորություն են տալիս փարձագետներին մոտավոր գնահատումներ անելու թե՛ քննարկված հարցերի շրջանակի մասին, թե՛ տեղեկատվության պակասի։ Ըստ այդմ, հիշեցվում է, որ հայկական կողմը կարևորում է քարտեզների հարցում ընդհանուր հայտարարի գալը, ադրբեջանական կողմը խոսում է անկլավների մասին։
Հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կայացած նիստից տեղեկություններ չեն հաղորդվում, սակայն մինչ հանդիպումը տարածված հակասական տեղեկությունների պակաս չկար, «Ռադիոլուրի» հետ զրույցում նկատում է միջազգային հարցերով փորձագետ Մանվել Ղումաշյանը։
«Ադրբեջանական կողմն ասում է, որ ականապատ տարածքների քարտեզներ պետք է տային հայերը` 3 հատ, Մհեր Գրիգորյանի գրասենյակը հերքում է։ Ինձ թվում է, որ քարտեզների հարցը քննարկվել է, և իզուր չի խոսվում այդ մասին։ Բայց ադրբեջանցիները փորձել են շեղել, երևի ներքին շուկայի համար, որ ականապատ քարտեզների մասին է խոսքը։ Ես կարծում եմ, որ Ալիևի վերջին հայտարարությունը, որով ասում էր՝ ի՞նչ 70-ականների քարտեզներ, կօգտագործվեն այն քարտեզները, որ մեզ ձեռք կտան․․․ Կարծում եմ, որ մեր կողմն ասել է՝ եկեք ընտրենք այն քարտեզները, որոնք իրավական ուժ ունեն և ոչ թե ինչ-որ մեկի ֆանտազիաներն են, ու դրանից հետո ինչ-որ քայլեր անենք»։
Եվ սահմանազատման քարտեզների հարցում է, որ հանձնաժողովների անդամները համաձայնության չեն եկել, կարծում է փորձագետը և դրանով է պայմանավորում հանդիպման մասին հստակ հայտարարության բացակայությունը։ Հունվարի 31-ին հայ-ադրբեջանական սահմանի Իջևան-Ղազախ հատվածում հանդիպումից հետո երկու երկրներն ընդամենը տեղեկություն տարածեցին, որ հանդիպում է տեղի ունեցել, և ոչ ավելին։
Տեղեկատվության բացակայությունից քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը եզրակացնում է՝ գուցե տեխնիկական հարցեր են քննարկվել․
«Սա թույլ է տալիս խոսել այն մասին, որ կամ որևէ արդյունք չկա, և աշխատանքային հանդիպում է եղել ու զուտ տեխնիկական հարցեր են քննարկվել, կամ գուցե կա արդյունք, որոշակի պայմանավորվածություն, ոչ թե փաթեթային կամ վերջնական, այլ ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք հանրայնացնելը բարդ է, և բավական ժամանակ է պետք մտածելու համար, թե ինչպես հանրայնացնել, որպեսզի ընկալումները լինեն անաղմուկ։ Համենայն դեպս այս ենթադրությունները կարելի է անել այն հարցում, թե ինչու չկան պաշտոնական հաղորդագրություններ հանդիպման ու աշխատանքի որևէ արդյունքի մասին, եթե իհարկե չդիտարկենք, որ տեղեկատվական բարձիթողություն է, երբ կողմերը պարզապես մեծ ուշադրություն չեն դարձրել տեղեկատվության ապահովման վրա»։
Ամեն դեպքում, ըստ վերլուծաբանի, պետք է սպասել պաշտոնական հաղորդագրության, քանի որ տեղեկությունը պահել հնարավոր չէ։ Բադալյանը պատահական չի համարում Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդականի Հայաստան այցը հանձնաժողովների հանդիպումից առաջ․ նրան հարկավոր էր տեղեկություններ ճշտել առաջին ձեռքից։ Բադալյանը հիշեցնում է քարտեզների տրամադրման մասին Երևանի հայտարարությունը, որին Բաքվից անլուրջ արձագանք էր հաջորդել։
Հայտնի է, որ հայկական կողմն առաջարկում է սահմանազատման համար օգտագործել1975 թվականի քարտեզները, որոնք իրավական հիմք ունեն, մինչդեռ Ալիևը հեգնում է և մատնացույց է անում ավելի վաղ գծված քարտեզները, որոնք ոչ իրավական հիմք ունեն, ոչ էլ ճնաչվել են Ազգերի Լիգայի կողմից։ Այդ քարտեզներով Ադրբեջանը հավակնում է նաև Վրաստանի տարածքներին։ Բայցի այդ, ադրբեջանական կողմը խոսում է անկլավների մասին։ Հայկական կողմը, սակայն, հույս էր հայտնել, որ հանդիպմանը կհստակեցվեն փաստաթղթերի տեսակներն ու քարտեզները։
«Մինչև Ալիևը չհայտարարի, կամ մինչև Ալիևին չստիպեն հայտարարի, որ պետք է այն քարտեզներով աշխատենք, որոնք լեգիտիմ են, կամ որոնք իրավական ուժ ունեն, ինձ թվում է՝ գործը տեղից չի շարժվի։ Իսկ նման բան կարող է լինել Ադրբեջանում ընտրություններից հետո՝ փետրվարի 7-ից հետո, այն էլ բավականին դանդաղ։ Կսպասեն, որ ԵՄ ընտրությունները ավարտվեն, կսպասեն ԱՄՆ ընտրությությունների արդյունքներին՝ մինչև նոյեմբեր։ Ալիևին հիմա ձեռնտու չէ կոնկրետացնել բանակցությունները, մինչև երևա, թե ինչ է լինելու տարբեր ուղղություններով վիճակը»։
Փորձագետը կարծում է, որ Բաքուն Երևանի հետ ռեալ բանակցությունների կնստի միայն այն բանից հետո, երբ փորձի ոտնձգություն իրականացնել Հայաստանի նկատմամբ ու հակահարված ստանա։




