ԿարևորՀասարակություն

Փշրված երազանքներն իրականացնելու ճանապարհին.  Գեղակերտը Մամունցների ընտանիքի ջերմ անկյունն է դարձել

Արցախից բռնի տեղահանված Մամունցների ընտանիքի երազանքներն ու նպատակները կապված էին հայրենիքի հետ: 44-օրյայից հետո  ավելի էին ուժ առել պայքարելու, Արցախում ապրելու և արարելու, հայրենիքն ուժեղացնելու համար, եթե չլիներ 2023-ի  աղետը: 2020թ․-ից Մամունց Սվետլանայի ընտանիքը  երկուսուկես տարի ապրել է Արմավիրի մարզի  Գեղակերտ գյուղում։ ՄԱԿ-ի ու Հայկական կարմիր խաչի օգնությամբ  դերձակի մասնագիտություն էր ձեռք բերել և որոշել Մարտակերտում բացել նորաձևության սրահ, բայց նպատակները անկատար մնացին:

Արմավիրի մարզի Խոյ համայնքի Գեղակերտ գյուղում է ապրում Մամունց Նինայի 13 հոգանոց ընտանիքը. փոքրիկ թոռնիկը նոր է ծնվել, 25 օրական է: Արմավիր են հասել Մարտակերտի շրջանի Աղաբեկալանջ գյուղից: Գեղակերտում տուն են վարձել, տղայի ու աղջկա ընտանիքների հետ ապրում են մի հարկի տակ.

«Մարտակերտի մեր գյուղում առանձին էինք ապրում, բայց հիմա մի տեղ ենք ապրում՝ տուն չլինելու պատճառով: Աղջիկս իր ամուսնու ու երեխաների հետ, ես, ամուսինս ու երեխեքս, մեկն էլ նոր է ծնվել: Տուն էինք փնտրում, բայց հարմարություններ չկային, տաքացնելու հնար չկար: Այստեղ գազ կա, երեխային պահելու համար պետք է անպայման տաք լինի»:

44-օրյա պատերազմից հետո Գեղակերտը հարազատ բնակավայր է դարձել: Աղջկա ընտանիքը երկար ժամանակ այստեղ է ապրել, իրենք՝ Արագածոտնի մարզի  Ոսկեվազ գյուղում: Գեղակերտում հոգատար ու սրտացավ մարդիկ շատ կան: Սվետլանա Մամունցն ասում է, որ պատերազմից հետո միայն մի տարի հասցրեցին ապրել Արցախում, որտեղ մեծ նպատակներ ունեին իրականացնելու:

«Երկուսուկես տարի ես այստեղ եմ ապրել: Մի տարի ապրել եմ մանկապարտեզում, ամեն ինչով ապահովել էին: Շատ-շատ շնորհակալ եմ, որ ինձ օգնել են այդ պահին, ու ես վերականգնվել եմ: Ընթացքում Հայկական Կարմիր խաչն ինձ  օգնել  է կարի մեքենայով, եզրակարող մեքենայով, որոնք հետո ինձ հետ տարել եմ Ղարաբաղ: Քանի որ ես այստեղ սովորել ու ձեռք  էի բերել մասնագիտություն, որոշել էի սեպտեմբերի 25-ին Մարտակերտում բացել նորաձևության սրահ»:

Պատերազմը փշրեց նաև Սվետլանայի երեխաների երազանքները, որոնք նույնպես կապված էին հայրենի Մարտակերտի հետ: 19-ամյա աղջիկը՝ Աննան, ընդունվել էր պատերազմից հետո  արդեն Ստեփանակերտում գործող Շուշիի տեխնոլոգիական համալսարան: Ծրագրավորող դառնալու որոշումն ավելի ուշ էր կայացրել, նախնականը բժիշկ դառնալն էր:

«Ճիշտն ասած ես երկու տարի բժշկականի համար էի պարապել, բայց քանի որ մեր մոտ՝ Արցախում, չկար համալսարան ու երբ գնացինք այնտեղ՝ ես ինքնըստինքյան փոխեցի բաժինս: Չուզեցի ընտանիքիցս հեռու լինել, դրա համար բաժինս փոխեցի ու մնացի հայրենիքում: Ես մեծ նպատակներ էի կապել հայրենիքիս հետ՝ այնտեղ սովորելու, աշխատելու համար, բայց քանի որ այսպես եղավ՝ փորձում եմ այստեղ հարմարվել»:         

Աննա Հայրապետյանը Շուշիի տեխնոլոգիական համալսարանում հասցրել է միայն  մի տարի սովորել: Շրջափակման ու պատերազմի պատճառով ծրագրավորող դառնալու ցանկությունը կիսատ է մնացել:  Հիմա կրթությունը շարունակելու է Անանիա Շիրակացու համալսարանի  տնտեսագիտության բաժնում:

«Մեր համալսարանը կցված էր այդ համալսարանին, դրա համար մեզ սկզբից բերեցին այստեղ, հետո պետք է տեղափոխեին Պոլիտեխնիկական համալսարան, բայց Պոլիտեխնիկը  չընդունեց մեզ, հետո մեզ  բերեցին Անանաիա Շիրակացի: Բաժինս փոխել եմ տնտեսագիտութուն, որովհետև իմ սովորած բաժինն այդ համալսարանում չկա: Ստիպված եմ փոխել»:

Աննան Գեղակերտում գտել է իր ընկերներին.  երկու տարի սովորել ու ավարտել է Գեղակերտի միջնակարգ դպրոցը:  ՄարտակերտիԱղաբեկալանջ գյուղից հետո այս գյուղը Հայաստանի՝ իր միակ տաք անկյունն է: Համալսարանում դասերը դեռ չեն սկսվել, մինչ այդ  որոշել է մատնահարդարում սովորել: Ասում է՝ այդ աշխատանքով կթեթևացնի բազմանդամ ընտանիքի հոգսը: Տանը անչափահաս քույր ու եղբայր էլ ունի: Հիմա համատեղ ապրող 13 հոգանոց ընտանիքում հայրը, քեռին ու ավագ եղբայրն են աշխատում:

«Մինչև մատնահարդարում սովորելը  ես այստեղ խանութում եմ աշխատել: Եղբայրս ու քեռիս տաքսի են քշում, հայրս ջերմոցներում է աշխատում»:

Եղբայրը՝ Գարիկը, 44–օրյայի մասնակից է, ժամկետային զինծառայող է եղել:  Երկրորդ անգամ տեղահանվելուց և Գեղակերտում դարձյալ հաստատվելուց հետո այս ընտանիքը դժվարություններն ավելի արագ է հաղթահարում: Տեղանքին ծանոթ են ու ապրուստի հարցերը կարողանում են ինքնուրույն լուծել: Նինա Մամունցն ու ամուսինն արդեն թոշակի տարիքի են: Արցախից դուրս գալիս չեն հասցրել վերցնել անձնական փաստաթղթերը, և տևական ժամանակ զբաղվում են դրանց վերականգնմամբ: Բազմանդամ ընտանիքը ձմեռը միասին կանցկացնի, ամռանը կառանձնանան ու կապրեն առաջվա պես՝  կողք կողքի, իրար ձեռք մեկնելով:

Կարդացեք նաև

Back to top button