ԿարևորՎերլուծական

ԱՄՆ-ն կհարվածի՞ Իրանին․ Bloomberg-ն այդ հնարավորությունը տեսնում է, հայ փորձագետները կասկածում են

Նախօրեին Սիրիայի տարածքում՝ Իրաքի և Հորդանանի սահմանների մոտ գտնվող ռազմակայանին անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով զոհվել է 3 ամերիկացի զինծառայող, ևս 33-ը վիրավորվել են։ Միացյալ Նահանգները հայտարարել է, որ հարձակումն իրականացրել են «Իրանի կողմից աջակցվող արմատական զինյալ խմբավորումները, որոնք պատասխանատվության կենթարկվեն։

Իրանի իշխանություններն էլ հայտարարել են, որ որևէ կապ չունեն ամերիկյան ռազմակայանի վրա հարձակման հետ։ Չնայած դրան՝ սենատոր Լինդսի Գրեմն ավելի հեռուն է գնացել՝ կոչ անելով ուղիղ հարված հասցնել Իրանի ուղղությամբ, քանի որ, սենատորի ձևակերպմամբ, անգամ բոլոր պրոիրանական խմբավորումների ոչնչացումը չի դադարեցնի ագրեսիան։ Bloomberg-ի կանխատեսմամբ՝ ԱՄՆ-ն կարող է հարվածել Իրանին։

Փորձագետները նկատում են, որ Մերձավոր Արևելքում մեծանում է տարածաշրջանային պատերազմի ընդլայնման հնարավորությունը՝ ԱՄՆ-ի և Իրանի ուղիղ բախման զգալի հավանականությամբ։ Դրանով մեծանում է տարածաշրջանային մեծ պատերազմի հավանականությունը՝ կարծում է Արևելագետ Արմեն Պետրոսյանը։ 

«Բնականաբար, այս պահին անկանխատեսելի է Միացյալ Նահանգների պատասխանի ձևաչափը, քանի որ լսում ենք տարբեր կարծիքներ։ Այնուամենայնիվ, ռազմական ղեկավարությունը հայտարարում է Իրանին չթիրախավորելու պլանների մասին»։      

ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցիչը հերքել է իր երկրի մասնակցությունը ամերիկյան բազայի վրա ԱԹՍ-ի հարվածին։ Իրանական կողմի հայտարարության մեջ ասվում է.

«Իրանը ոչ մի կապ և ոչ մի առնչություն չի ունեցել ամերիկյան բազայի վրա հարձակման հետ: Տարածաշրջանում հակամարտություն կա ԱՄՆ ուժերի և դիմադրության խմբերի միջև, որոնք պատասխան հարձակումներ են կատարում»։ 

Թեպետ Իրանը շտապել է հերքել իր մասնակցությունը ամերիկյան ռազմակայանի վրա ԱԹՍ-ով հարձակման գործում՝ արևմտյան մամուլը, սակայն, հղում կատարելով իր աղբյուրներին, գրում է, որ Մերձավոր Արեւելքում ռազմակայանի դեմ գրոհի արձագանքման տարբերակների թվում ԱՄՆ-ն չի բացառում Իրանի դեմ գաղտնի գործողության իրականացման հնարավորությունը։      

Մասնավորապես, Bloomberg գործակալության տվյալներով՝ հարձակումն առաջ կբերի Վաշինգտոնի ավելի վճռական արձագանքը, որը մասշտաբներով կգերազանցի Գազայի հատվածում հակամարտությունն սկսվելուց հետո նրա ձեռնարկած արձագանքը։ Հնարավոր գործողությունների թվում գործակալությունը նշել է գաղտնի գործողությունը, որի ընթացքում ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։

«Ընդ որում՝ գործողությանն իր մասնակցության մասին Վաշինգտոնը չի հայտարարի։ ԱՄՆ-ն կարող է նաև ուղիղ գրոհներ կազմակերպել իրանցի պաշտոնյաների դեմ։ Անկախ այն բանից, թե ինչ կձեռնարկի Վաշինգտոնը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը պետք է ընդունի ամենակարևոր որոշումներից մեկն իր պաշտոնում։ Դա կարող է հանգեցնել ուղիղ առճակատման Վաշինգտոնի և Թեհրանի միջև»։  

Հաշվի առնելով, որ ԱՄՆ-ում նախընտրական շրջան է և Բայդենի գլխավոր մրցակիցը ընդգծված հակաիրանական քաղաքականությամբ աչքի ընկած Դոնալդ Թրամփն է՝ արևելագետ Արմեն Պետրոսյանը չի բացառում, որ Իրանի ակտիվացման, Իրան-ԱՄՆ անուղղակի հակամարտության թեման վերածվի նաև ներամերիկյան քաղաքական խոսույթի։ Այս պարագայում, ըստ փորձագետի, բնականաբար Բայդենին հարկավոր կլինեն առավել ուժեղ փաստարկներ՝ Թրամփին հակազդելու։ 

«Այս հանգամանքը խոսում է այն մասին, որ չի բացառվում Միացյալ Նահանգների կողմից ավելի ուժեղ արձագանքի հնարավորությունը Իրանին։ Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են, թե տարածաշրջանում ինչպիսի իրավիճակ է և որքան մեծ է տարածաշրջանային պայթյունի հնարավորությունը»։

Այս պահի իրողություններն, ըստ փորձագետի, ավելի շատ խոսում են այն մասին, որ ԱՄՆ-ն, այնուամենայնիվ, կարող է կանխել մեծ հակամարտության ծավալումը՝ անկախ այն հանգամանքից, որ երկրի ներքաղաքական շրջափուլը պահանջում է ավելի կոշտ արձագանք Իրանին։      

Back to top button