
Վերջին մի քանի օրերի ձնամաքրման աշխատանքները քաղաքապետ Տիգրան Ավինյանը բավարար չի հարամում։ Քաղաքապետարանում արձանագրում են՝ մի քանի օր շարունակ մայրաքաղաքում ձյան տեղումներից հետո անանցանելի ճանապարհներ չեն եղել, սակայն խնդիրներ կան բակային տարածքներում ու մայթերին։ Քաղաքապետն այսօր նաև քաղաքացիներին է դիմել, հիշեցրել, որ անելիք ունեն նաև տնտեսվարողներն ու սեփականատերերը, մայթերը մաքրելը նաև նրանց պարտականությունն է։ Չնայած առաջիկա օրերին մայրաքաղաքում տեղումներ չեն կանխատեսվում, բայց քաղաքային իշխանությունը կշարունակի ձնամաքրման աշխատանքները։
«Ամենաշատ ձյունը տեղացել էր ֆեյսբուքում»,-արձանագրում է Տիգրան Ավինյանը։
Մի քանի օր շարունակ Ֆեյսբուքում տեղացած ձյան շերտը չափելի չէ, փոխարենը Երևանի հյուսիսում սպիտակ տեղումների ծածկույթը 20 սմ-ի է հասել՝ արձանագրում են քաղաքապետարանում։ Գործակարգավարական հերթական խորհրդակցությունը ձմեռային իրարանցումով է սկսվում։
«Համենայնդեպս իմ տպավորությունը սոցիալական ցանցերից այնպիսինն էր, որ առհասարակ ոչ մի մարդ ու ոչ մի տեխնիկա չի աշխատել, չնայած որ վերջին տարիների ամենամեծ ներուժն էր ներդրված»։

800 բանվոր և ավելի քան 140 միավոր տեխնիկա հունվարի 23-ից՝ երևանյան առաջին ձյան տեղումներից սկսած աշխատել են մայրաքաղաքում։ Մոբիլիզացվել են բոլոր ռեսուրսները։ Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը վստահեցնում է՝ չնայած երթևեկի որոշակի դժվարություններին՝ անանցանելիություն մայրաքաղաքում չի եղել։
«Երևանի հիմնական բոլոր ճանապարհահատվածները ու երկրորդական ճանապարհները եղել են անցանելի, որևէ անանցանելի փողոց ձյան կամ սառույցի պատճառով չի եղել։ Դա վկայել են և պարեկային ծառայությունը, և Երևան քաղաքի փրկարար ծառայությունը»,-ասում է Կամո Արեյանը։
Մինչդեռ սոցիալական ցանցերում օգտատերերը Երևանի քաղաքապետի՝ տարիներ առաջ արված գրառումն էին հիշեցնում, Տիգրան Ավինյանին հորդորում միանալ ձնամաքրման աշխատանքներին, քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանն էլ «դեպքի վայրերից» կադրեր էր ցուցադրում։ Զուգահեռ իրականությունում օգտատերերի սեփական տեսանյութերն էին ու Սարի թաղում երթուղային տրանսպորտի վթարը, որը նախնական վարկածով հենց մերկասառույցի հետևանք էր։

Տիգրան Ավինյանը ևս արդյունքներից այնքան էլ գոհ չէ․ արձանագրում է հիմնական տեղումներից մի քանի օր հետո դեռ անելիք կա։
«Այնուամենայնիվ, պետք է արձանագրենք, որ այս արդյունքները ոչ բավարար են․ այո ճանապարհները մաքուր եղել են, այո երկրորդային ճանապարհների վրա աշխատանք տարվել է, բայց միջբակային տարածքներն ու մայթերը խնդրահարույց են նույնիսկ մինչև այսօր․ դա նշանակում է, որ համալիր միջոցառումները չենք կարող բավարար գնահատել։ Մենք գիտեինք, չէ որ ձյուն է գալու այդ օրերին, վստահ եմ ԵԱՍՄ հիմնարկում էի գիտեին»,-ասում է քաղաքապետը։
Քաղաքապետարանն այսօր կոչ-հորդորով նաև տնտեսվարողներին է դիմում․ հիշեցնում՝ ավագանու համապատասխան որոշման համաձայն՝ անշարժ գույքերի սեփականատերեն ու տնտեսվարողները պարտավոր են ձյան ու սառույցի կուտակումներից մաքրել մայթերի ասֆալտբետոնե ծածկն ու սալիկապատ հատվածը։

«Մասնավոր սեկտորը նույնպես պարտավոր է այս աշխատանքների միանալ․․․ խնդրում եմ բոլոր վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել իրենց անձնակազմերին, հստակ ֆիքսել, որ մայթերի մաքրման պատասխանատվությունը նաև այն տնտեսվարողներինն է, ովքեր այդ տարածքում որոշակի գործունեություն են ծավալում և ակնկալել, որ նրանք ակտիվ այդ աշխատանքները կիրականացնեն»։
Վերջին օրերին սոցցանցերում տեղեկություն էր տարածվել, թե Երևանի տրոլեյբուսները երթևեկում են ամառային անվադողերով։ Իրավիճակը «Երևանի էլեկտրատրանսպորտ» ընկերության տնօրեն Սարգիս Բեջանյանն է պարզաբանում։
«Երևանի էլեկտրոտրանսպորտ ՓԲԸ-ի կողմից օգտագործվող անվադողերի վրա առկան են Մ+Ս մակնշում, որը նշանակում է, որ անվադողը համասեզոնային է։ Վարորդը դիմել է պատասխանատուներին, ովքեր ուսումնասիրել ու պարզել են որ անվադողերի վազքը ավելի քան 10 հազար կմ պակաս է նախատեսված նորմայից, իսկ նախշերը կրկնակի ավելի են թույլատրելի սահմանից»։
Ձնամաքրման աշխատանքները շարունակվում են։ Այս պահին նաև բարձրահարկերի, թունելային անցումների, տանիքի սառույցներն են հեռացվում։ Առաջիկա օրերին մայրաքաղաքում տեղումներ չեն սպասվում, բայց ջերմաստիճանն առայժմ 0-ից ցածր կլինի մի քանի նիշով։




