
Իրանը ոչ մի առնչություն չունի կիրակի օրը ԱՄՆ ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետ, որի հետևանքով զոհվել են երեք ամերիկացի զինծառայողներ և տասնյակ մարդիկ վիրավորվել են, կիրակի երեկոյան իրանական IRNA գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչը, որի անունը չի նշվում:
Ավելի վաղ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտնել էր, որ երեք ամերիկացի զինծառայող է զոհվել, 25-ը վիրավորվել են կիրակի օրը Հորդանանի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան ռազմաբազայի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով: ԱՄՆ-ի կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է նաեւ, որ ամերիկյան բազայի վրա հարձակման հետեւանքով վիրավորված զինվորականների թիվը հասել է 34-ի, որոնցից 8-ին անհրաժեշտ է եղել տարհանել։
Հորդանանի կառավարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության համաձայն՝ հարձակման է ենթարկվել ամերիկյան ալ-Թանֆ ռազմաբազան, որը գտնվում է սիրիական կողմից Հորդանանի սահմանի մոտ։
«Իրանը ոչ մի կապ չունի ամերիկյան բազայի վրա հարձակման հետ»,- գործակալությանը հայտնել է անանուն պաշտոնյան։
Գործակալության տվյալներով՝ ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարություն է արել այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը և որոշ հանրապետականներ «փորձել են կապել» ալ-Թանֆ բազայի վրա հարձակումը Իրանի հետ։




