
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը, որը երիտասարդների ամենասիրելիներից ու սպասվածերից մեկն է: Այս օրը բոլոր եկեղեցիներում կատարվում է երիտասարդների օրհնության կարգ: Եկեղեցական տոնը զուգորդվում է ժողովրդական ավանդույթով, որը նոր ընտանիքի կազմավորման խորհուրդ ունի: Երիտասարդները տոնի նախօրեին ծոմ են պահում, ուտում աղի բլիթ և սպասում երազի մարգարեությանը:
Ժողովրդական ավանդույթներից ամենակիրառելին Սուրբ Սարգիս զորավարի տոնն է, որը շաղկապված է հոգևոր մշակույթի հետ: Այդ օրը երիտասարդներն իրենց հոգում թաքուն փայփայած երազանքներն ու նպատակներն իրականացնելու համար հայցում են արագահաս օգնական սուրբ Սարգսի բարեխոսությունը: Ժողովրդական ավանդույթի համաձայն՝ երիտասարդները տոնի նախօրեին աղի բլիթ են ուտում և երազում սպասում ջուր տվողին: Երազի մարգարեությամբ նոր կյանքի սկիզբ է դրվում:

«Մայրս պատմում էր, որ մինչև հայրիկիս հետ ծանոթանալը կերել էր աղի բլիթ ու երազում տեսել հորս. զինվորական հագուստով գնացել էր իրենց տուն ու մորս ջուր տվել: Իրականում նրանց հանդիպումն այդպես էլ եղել է, ինչպես, որ տեսել էր երազում»:
«Հորեղբորս կինն էր պատմում, որ աղի բլիթ ուտելուց հետո գիշերը երազում տեսել էր հենց այն տունը, որտեղ հարս է եկել: Երազում տեսել էր՝ փողոցով անցել ու կանգնել է մի տան առջև, երկար նայել, հետո շարունակել ճանապարհը: Առավոտյան արթնանալուց հետո մտածել է, թե ինչ կապ կարող էր լինել այդ տան հետ: Հետո երբ ծանոթացել էր հորեղբորս հետ, շփվել ու ամուսնացել, պատմել էր այդ երազը»:
Արմավիրի մարզի Քարակետ գյուղում աղի բլիթը հատուկ ծիսակարգով են պատրաստել: Շիրակի դաշտավայրից այստեղ բնակություն հաստատած գյուղացիները ժողովրդական ավանդույթների պահպանողն ու կրողն են: Քարակերտից հոգեբան Անի Ենգիբարյանը հիշում է երգ ու պարով, խաղիկներով ուղեկցվող աղի բլիթի պատրաստման արարողությունը։

«Հավաքվում էինք երիտասարդներով, որոնք չէին ամուսնացել, ամեն մեկն իր տնից բերում էր մի բուռ ալյուր: Այդպես էին ասել՝ յուրաքանչյուր ոք իր բաժինը պետք է բերի ու դնի ալյուրի ընդհանուր ամանի մեջ: Հետո գտնում էինք նոր ամուսանցած կնոջը, տաշտը տանում էինք իրենց տուն ու խնդրում, որ շաղախի ալյուրը: Խորհուրդն այն էր, որ նոր ամուսնացած կինն իր ամուսնական երջանկությունը փոխանցի երիտասարդներին»:
Նորահարսը խմորը հունցել է աղոթքով ու խաղիկներով։
«Սուրբ Սարգիս ամուր պարիր, ամուրական խաչն է թևիս, թազա խացի խոտը իրեն, ելեք տեսեք, ով է գիքե»

Հունցված խմորն այնուհետ խաչակնքել ու օրհնել էր տարեց կինը, հետո երիտասարդները ձևավորել էին գնդերն ու թխել: Իսկ ընթացքում երգել են, պարել, բարեմաղթանքներ գրել ու վիճակահանությամբ գուշակել ապագան: Անի Ենգիբարյան.
««Թե ինձ տանես, քո տուն տանես: Բարի հարսիկ»: Բարեմաղթանքները պետք է կազմեր մի հոգի՝ չամուսնացած աղջիկ, կապեր կանաչ ու կարմիր թելերով: Դրանք նոր կյանքի ու ընտանիքի խորհուրդն ունեն, ինչպես կոսպանդն է կարմիր ու կանաչ գույնի: Այդ բարեմաղթանքի թերթիկները դրվում էին մի տարայի մեջ, հետո ամեն մեկը քաշում էր, որպես գուշակություն՝ արդյո՞ք կամուսնանա այդ տարի կամ կունենա՞ երջանիկ կյանք»:
Աղի բլիթն ուտելուց առաջ երիտասարդները ծոմ են պահել, իսկ երեկոյան ալյուրով կամ փոխինդով սկուտեղը թողել դրսում և ապավինել սուրբ Սարգսի բարեխոսությանը: Եթե առավոտյան ալյուրի վրա հայտանբերում էին ձիու պայտի հետքը, ապա նպատակներն իրականանում էին: Սուրբ Սարգսի տոնը համախմբում է աղջիկներին ու տղաներին, որոնք ծանոթանում են, սիրո խոստովանություն անում և ամուսնանում:




