
— 2 միլիոն 520 հազար։
— Այդքանը՝ 10 օրվա ընթացո՞ւմ։
— Այո, 10 օրում այդքան գումար եմ փոխանցել։
Գուգլ Քրոմ բրաուզերում հայտված ծանուցումը Գոհար Զաքեյանին հավատացրել էր՝ ինքը 20 ընտրյալներից մեկն է։ Կինն անսպասելի այս «հաջողությունն» այնքան լուրջ էր ընդունել, որ զանգել էր նշված հեռախոսահամարով՝ պարզելու, թե ինչպես է ներդրումներ կատարելով միլիոնատեր դառնալու․
«Այդ համարով զանգում եմ, մի երիտասարդ մի երկու բառով բացատրում է։ Հետո հղումներ է «գցում» հեռախոսիս մեջ (դե արդեն հեռախոսս էնտեղ գրվել էր), այդ հղումով միանում ես իրենց։ Բայց ես իրեն ասեցի՝ չունեմ գումար իմ քարտի վրա, միայն թոշակի գումարն է՝ 42 000։ 100 դոլար՝ 40 000 դրամ ինքը էդ քարտից քաշում է, ու հետո ուրիշի համար տալիս։ Աղջիկ էր, իր հետ եմ կապվում, ասում է՝ էդ շատ փոքր գումար է, պետք է ավելացնել, համոզում է, որ մի քիչ շատ լինի»։

Բայց ի՞նչ գործարք՝ առանց հարկի։ Խաբեությունը կազմակերպած օրինախախտները հորդորում են Գոհար Զաքեյանին կանխավ ենթարկվել օրենքին ու հարկ վճարել այն եկամտի համար, որը դեռ չի ստացել։
«Բրիտանիայի միջազգային բանկից են զանգում, բայց տակը գրվում էր «Грузия», ու էդ բանկը ասում է՝ Դուք միջազգային փոխանցումներ չեք ունեցել, պետք է 10 տոկոս եկամուտից տաք, բայց ես եկամուտ չեմ ունեցել։ Ասում եմ՝ գրվում է «Грузия», ասում է՝ մենք ուրիշ ցանցերով ենք զանգում, որ ավելի էժան լինի, լսում ե՞ք, բայց էդ միջազգային բանկը տենց բան կասի՞։ Ես հետո անջատեցի, ասեցի՝ ինչ հետաքրքիր է՝ սենց մեծ բանկ է, ու տենց բան են անում։ Դրանից հետո թե բա՝ առևտրային հաշվի տեղեկանք է պետք, էդ էլ առանձին գումար է, ես ուղղակի գումարները չեմ ուզում ասեմ, որովհետև իրոք ծիծաղս գալիս է հիմա»։
Գոհարը, չնայած կասկածներին, շարունակել է ընկերությանն իր ժամանակն ու գումարը տալ 10 օր՝ մինչև պահանջ է ստացել վճարել նաև 20 տոկոս եկամտահարկ։ Ձեր պետությունն է ուզում՝ ասել էին նրան հեռախոսազրույց-սպառնալիքների ժամանակ։ Պարզ չէր՝ ինչո՞ւ է պետությունն ուզում, որ հարկը վճարվի գործարքի մասնակից կազմակերպությանը։ Կասկածները Գոհարին ոստիկանություն տարան։ Գործը քննվում է, նրան ուղղված սպառնալիքներն ու պահանջները՝ շարունակվում․
«Մի տեսակ ընկնում ես էդ հոսանքի մեջ, ու չես կարողանում, որովհետև որ միանում են էդ հղումներով մտնում ես, իրենք ասում են՝ սա սեղմի, սա արա, էն արա, մի տեսակ մեխանիկորեն ես անում էլի։ Հա, բացի այդ իրենք անձնագրի տվյալներն ասեցին նկարի գցի, հետո քեզ էլ են իրենց կամեռայով նկարում։ Ես որ ասեցի՝ ոչ մի բան չեմ մուծի, իրենք ասեցին, որ ես լկտիաբար եմ վարվում։ Ինձ են ասում, պատկերացնո՞ւմ եք։ Ես սա ասում եմ նրա համար, որ զգույշ լինեն, չենթարկվեն այդ սթերսին, որովհետև շատ փիս հոգևիճակի մեջ ես ընկնում»։

Մեխանիզմը ոստիկանությանը հայտնի է․ սրանք խարդախության անդրազգային դեպքերն են․ մի երկրում տեղակայված խումբը թիրախավորում է այլ երկների քաղաքացիներին։ Բոլորովին վերջերս բացահայտվել է Հայաստանում նման գործունեության դեպք։ Մանրամասնում է Հայկ Մկրտչյանը․
«2023-ին ոստիկանությունը տեղեկատվություն տացավ, որ Հայաստանում կան ընկերություններ, որոնք թիրախավորում էին եվրոպական, ասիական երկրների բնակիչներին, որոնք գովազդով տեսնում էին, որ մեծ ներդրումների հարթակ կա, մեծ եկամտաբերություն է խոստանում․ Դուք կարող եք գումար ներդնել ու արհեստական բանականությունը ձեր փոխարեն էդ գումարով կզբաղվի ու ձեզ մեծ եկամտաբերություն կապահովի։ Պայմանական 250 դոլար գումար ներդրում էին, մեկ շաբաթ հետո ցույց էին տալիս՝ իբր էդ անձը ունի 100 դոլարի եկամուտ։ Որ տեսնում էին եկամուտ ունեին, էլի էին ցանկանում ներդրում անել, պայմանական դնեն 2500 դոլար, որ 1000 դոլարի եկամուտ ունենան, ու գումարը շատացնում էին մինչև ուղղակի ցանկություն էին հայտնում իրենց գումարը կանխիկացնել։ Արդեն ընկերությունը արհեստական խնդիրներ էր ստեղծում, բնականաբար իրենք էդ գումարները կանխիկացնելու հնարավորություն չունեին»։
Ոստիկանությունը Քնչական կոմիտեի հետ միասին պարզել է՝ ով է Հայաստանում խմբավորման ղեկավարը, ով ինչ դերակատարում է ունեցել հանցավոր խմբավորման մեջ, ինչ եղանակով իրականացվել փողերի լվացումը։ Հայկ Մկրտչյանը քաղաքացիներին հորդորում է լարել ուշադրությունը խաբվելուց հետո ևս՝ կրկնակի կորուստ չունենալու համար։

«Նմանատիպ հանցավոր գործունեություն ծավալող օֆիսները հիմնականում երկու կարևոր ուղղությամբ են աշխատում, առաջին խումբը աշխատում է մարդկանց շահագրգեռելով գումար ներդնել, երկրորդ փուլում էդ նույն անձիք ասում են՝ մենք գումարը ուղարկել ենք, բանկում է սառեցվել, չենք կարող ձեզ վերադարձնել, երկրորդ խումբը, որն իրենց հետ է աշխատում, հանդես են գալիս իբրև իրավաբաններ, ինտերնետային տրաբեր ռեսուրսներում հայտարարությւոններ են տեղադրում, որ եթե դուք տուժել եք որևէ ներդրումային կայքում, մենք կարող ենք օգնել ձեզ էդ ներդրած գումարը հետ բերել, արդեն երևան են գալիս «իրավաբաններ», ովքեր փորձում են լրացուցիչ գումարներ շորփթել»։
Հայաստանում օտարազգիներին թիրախավորող խմբավորումը բացահայտված է, բայց չի բացառվում, որ նույն խմբավորումը մասնաճյուղեր ունի այլ երկրներում, որտեղից թիրախավորում է Հայաստանի քաղաքացիներին։ Առաջնային լուծումը ինքնապաշտպանությունն է՝ տվյալ դեպքում համացանցում մեր բացառիկության վերաբերյալ հայտարարություններին գոնե որոշ վերապահումներով հավատալը։




