
«ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդում. առավել ուժեղ ճանապարհային քարտեզ ունենալու ճանապարհին» խորագրով քննարկման ժամանակ ներկայացվել են «Հայնրիխ Բյոլ» հիմնադրամի Հարավային Կովկասի տարածաշրջանի երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ «ԱՊՐԻ Արմենիայի» կողմից ԵՄ-Հայաստան հարաբերությունների վերաբերյալ հետազոտության արդյունքները և ըստ այդմ առաջարկներ մշակվել։ Հետազոտության նպատակն է պարզել, թե ինչպես են պատկերացնում Հայաստանում ԵՄ–ի հետ հարաբերությունների խորացումը, և թե ինչպես են պատկերացնում ԵՄ-ում ՀՀ-ի հետ հարաբերությունների սերտացումը։
Հստակ չէ, թե ինչ է ուզում Հայաստանը ԵՄ հետ հարաբերությունների խորացումից՝ արձանագրվում է «ԱՊՐԻ Արմենիայի» հետազոտության արդյունքներով։ ՀՀ պատրաստ է մոտենալ ԵՄ–ին այնքան, որքան թույլ կտա ԵՄ–ը․ սա է հայկական կողմի ասելիքը Եվրամիությանը՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է «ԱՊՐԻ Արմենիայի» ռազմավարության և զարգացման հարցերով փոխնախագահ Անահիտ Փիլիպոսյանը և բացատրում, որ ԵՄ-ում չեն հասկանում վերոնշյալ ձևակերպումը և հստակություն են ուզում, սակայն Հայաստանում չկա այդ հստակ պատկերացումը, թե որքան են ուզում մոտենալ ԵՄ-ին։
Հայաստանի պաշտոնյաների, ԵՄ ներկայացուցիչների, Երևանում գտնվող ԵՄ անդամ պետությունների դիվանագետների, ինչպես նաև Հայաստանում և Բրյուսելում քաղաքացիական հասարակության կազմակերպությունների անդամների հետ անցկացրած հետազոտությունը նաև պարզել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների ամրապնդման լավ հիմք է ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Բացի այդ կան նաև նոր ուղղություններ, որոնք ամրագրված չեն համաձայնագրում և դրանք ավելի շատ վերաբերում են անվտանգությանը, ասում է Անահիտ Փլիլպոսյանը․

«Բացահայտեցինք, որ երկու կողմերում էլ ռազմավարական տեսլականի բաց կա։ ԵՄ–ի համար պարզ չէ, թե ինչ հավելյալ դեր է ուզում ունենալ այս տարածաշրջանում, շատ հակասական դիրք ունի։ Եվ Հայաստանն էլ, կառավարությունը հաճախ խոսում է հայ ժողովրդի եվրոպական նկրտումների մասին, բայց հստակ չէ, թե ինչ են այս նկրտումները։ Կառավարությունն ասում է, որ ուզում ենք մոտենալ ԵՄ-ին այնքան, որքան հնարավորություն կտրվի։ Այսինքն՝ շատ պասիվ դիրք ունի իր ապագայի, իր ուղղությունների մասին»։
«Ռադիոլուրի» զրուցակիցը հստակեցնում է, որ ԵՄ–ը հաշվի է առնում Հայաստան–Ռուսաստան հարաբերությունները և մտադիր չէ զբաղեցնել որևէ երկրի, այդ թվում ՌԴ տեղը։ Անահիտ Փիլիպպոսյանը շեշտում է, որ հետազոտությունը ցույց է տվել, որ ԵՄ-ից հնչող հայտարարությունները հետևանքներ չեն ունենում․
«ԵՄ որոշ չափով հաշվի է առնում ՀՀ-ՌԴ հարաբերությունները, մյուս կողմից՝ ՀՀ էլ հաշվի է առնում ՌԴ-Ադրբեջան հարաբերությունները, և ԵՄ-ՀՀ հարաբերությունների ամրապնդման համար կարևոր է, որպեսզի ԵՄ համարժեք արձագանքի տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին, օրինակ՝ սեպտեմբերի 21-ին ԵՄ բարձր ներկայացուցիչ Բորելը հայտարարեց, որ եթե Ադրբեջանը վատ վարվի Արցախի հայերի նկատմամբ, ապա դա հետևանքներ կունանա, սակայն տեսանք, թե ինչ վիճակում էին այդ օրը Արցախի հայերը, էթնիկ զտումներ տեղի ունեցան և ի՞նչ հետևանքներ եղան, դա չտեսանք»։
Ըստ այդմ հետազոտության արդյունքում առաջարկներ են ձևակերպվել, մասնավորապես՝
«Առաջարկ կա, որ ԵՄ–ը սկսի գործել և ոչ թե միայն խոսի, օրինակ՝ ԵՄ–ը կարող է պայմաններ դնել Ադրբեջանի առջև և ասի, որ եթե հարձակվեք Հայաստանի վրա, պետք է հետևանքներ լինեն տնտեսական համագործակցության դաշտում»։
Հայաստանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերը «Ռադիոլուրի» հետ զրույցում պարզաբանեց, որ պատրաստ են անել հնարավորը հետազոտության արդյունքում վեր հանված նկատառումները, առաջարկները կյանքի կոչելու համար․
«Իհարկե, կա մեծ պոտենցիալ, և մենք ուզում ենք ամեն ինչ անել, որպեսզի համապատասխանենք երկու կողմերի սպասելիքներին, և հիմքեր ստեղծվեն ավելի ինտենսիվ համագործակցության համար։ Մենք՝ որպես Եվրոպական Միություն, կարող ենք օգնել Հայաստանին հասնելու այս ֆորումի օրակարգի նպատակներին, օգնել Հայաստանին՝ լինել ավելի ուժեղ տնտեսապես, ինչպես նաև անվտանգային համատեքստում»։
Հետազոտության արդյունքում արձանագրված առաջարկները կներկայացվեն Հայաստանի արտգործնախարարություն և ԵՄ գործընկերներին։ Անահիտ Փիլիպխոսյանը շեշտում է, որ հետազոտությունը պարզորոշ ցույց է տվել, որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացված քաղաքականություն վարի։




