
Կառավարությունն նոր չափորոշիչներ է սահմանել դպրոց կառուցելու մտադրություն ունեցող շինարարների համար։ Այսուհետ, եթե հայտարարված մրցույթի մասնակցի առաջարկած գինը նախահաշվային արժեքից մինչև10 տոկոս բարձր լինի, այդ ընկերոթյունը հաղթող կճանաչվի։ Գործադիրն այսպիսով փորձում է արձագանքել շուկայի մարտահրավերներին․ դպրոցաշինությունը գրավիչ ու եկամտաբեր չէ ընկերությունների համար, հետևաբար հաճախ հայտարարված մրցույքները հայտեր չեն ունենում։ Կառավարության այս տարի կավարտի 24 դպրոցների վերանորոգումը կամ շինարարությունը, ևս 15-ի շինանարությունն էլ նախատեսվում է ավարտել 2025-2026թթ․։
«Մենք պետք է սովորենք, դպրոց կառուցել, դպրոց ունենալ ու դպրոց պահպանել»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն արձանագրում է՝ եթե կառուցելու որոշում կա, ապա արդյունքը պետք է համապատասխանի սպասելիքներին։
«Այո, մենք դպրոց կառուցել չգիտենք։ Փաստն այն է, որ մենք առերեսվում ենք այն իրականության հետ, որ մեզ նախկինում թվում էր, որ եթե փողը լինի, մնացած բոլոր հարցերը կլուծենք, այդպես չէ։ Հիմա մենք փողն ունենք, բայց չենք կարողանում մեզ անհրաժեշտ որակով դպրոց կառուցել»,– ասում է վարչապետը։

Դպրոցաշինության ոլորտում խնդիրները սկսվում են ամենաառաջին քայլից․ որտեղ պետք է դպրոց կառուցել, որտեղ դպրոց ունենալն առավել արդյունավետ ու ճիշտ կլինի։ Սրանք են, ըստ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի, ամենակարևոր հարցերը, որտեղ տարիներ շարունակ բացթողումներ են եղել։
«Ժամանակին կայացվել են որոշումներ, որ օրինակ մի որոշակի հզորության դպրոց կառուցվի մի վայրում, որտեղ այդքան երեխա չկա, և ակնհայտ է, որ այդքան աշակերտներ չեն լինելու, ու հետո առաջ է գալու այդ շենքը արդյունավետ օգտագործելու խնդիրը։ Այստեղ շատ կարևոր է ճիշտ կառավարել կրթական ծրագրերի բաշխումը, և դա տանել դեպի նախագծում ու իրականացում»։
Այժմ նախարարությունը նաև դպրոցների կահավորման չափանիշներ է մշակում։ Կարևորում են, որ շենքային պայմանների բարելավմանը զուգահեռ նաև բովանդակությունն ապահովվի։ Կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր 300 դպրոց կառուցելու իր մտադրության մասին։ 25 դպրոցների շինարարությունն արդեն ավարտվել է, 24-ինն ընթացքի մեջ է, դրանց շինարարությունը կավարտվի այս տարի, ևս 15-ը կառուցել նախատեսվում է 2025-2026թթ․։

Վարչապետը նկատում է՝ դպրոցաշինությունը բավարար չափի գրավիչ չէ շինարարների համար, և խնդիր կա այն ավելի շահութաբեր դարձնել։
«Մասնավոր հատվածում շինարարությունը շատ ակտիվ է, և շահութաբերությունը բարձր է՝ 20 տոկոս և ավելի, իսկ դպրոցաշինության ոլորտում, որտեղ մեր կարգավորումներով շահութաբերությունը նախատեսված է մոտավորապես 10 տոկոս, ընկերությունների համար հետաքրքրությունն այնքան էլ մեծ չէ։ Մենք ունենք մրցույթներ, որոնցում հայտեր չեն ներկայացվել։ Մենք որոշեցինք արձագանքել շուկային»,– ասում է Փաշինյանը։
Արձագանքը նոր կարգավորում ու առավելություն է այն շինընկերությունների համար, որոնք կորոշեն մասնակցել դպրոցաշինությանը։ Կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի՝ եթե շինարարության համար հայտարարված մրցույթի մասնակցի գնային առաջարկը նախահաշվային արժեքից մինչև 10 տոկոս բարձր լինի, այդ ընկերությունը հաղթող կճանաչվի։ Քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Դավիթ Գրիգորյանը մանրամասնում է․
«Նշված կարգավորման անհրաժեշտությունը պայմանավորված է շինարարական շուկայում ստեղծված բարձր մրցակցային իրավիճակով, երբ նկատում ենք մասնավոր շինարարության շատ նկատելի աճ, ինչն իր հերթին առաջացնում է շինարարական աշխատանքների հետ կապված ռեսուրսների և՛ սահմանափակումներ, և՛ ռիսկեր: Այս պայմաններում, որպես շուկայի մասնակից և պատվիրատու, սույն փոփոխությամբ առաջարկում ենք ձևավորել մրցակցային ճկունություն և պետական ծրագրերի նկատմամբ պահպանել անհրաժեշտ գրավչություն»։

Գործադիրը որոշումը թվերով է հիմնավորում․ դպրոցաշինության ծրագրի շրջանակում հայտարարված 82 մրցույթներից 27-ում հայտեր չեն ստացվել, 34 մրցույթում ստացվել են նախահաշվային գնից էապես բարձր առաջարկներ։ Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ասում է՝ որոշման ընդունումից հետո բոլոր չկայացած մրցույթները նորից կանցկացվեն։
«Շատ կարևոր է, որ հասկանալի լինի որ այն տեղը որտեղ մենք ճկունություն ենք ցուցաբերում գինն է․ մենք պատրաստ ենք մի փոքր ավելի վճարել, բայց ժամկետի և որակի հարցում լինելու ենք չզիջող»,– ասում է փոխվարչապետը։
Դպրոցաշինության ոլորտում նոր որակ ու չափանիշներ ունենալու համար Կառավարությունը մտադիր է նաև միջազգային փորձն ու գիտելիքները Հայաստան բերել, հետագայում այդ մոտեցումները կիրառել նաև առողջապահության ոլորտում՝ ամբուլատորիաների շինարարության մեջ։




