ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ադրբեջանն ընտրեց իր ճանապարհը․ ո՞վ փակեց «եվրոպական դուռը» և ինչի՞ համար 

Այսպիսով, ԵԽԽՎ–ն վերջապես կոնկրետ պատժամիջոց կիրառեց Ադրբեջանի նկատմամբ՝ այդ պետության պատվիրակության լիազորությունները կասեցնելով մինչև 2025 թվականի հունվարը։ Եվրոպական արժեքենրի դուռը, սակայն, Բաքվի համար ամբողջությամբ չի փակվել․ նրանք կարող են վերադառնալ կառույց, եթե սկսեն իրականացնել կանոնադրային պարտավորությունները։

Ընթացող զարգացումների համատեքստում, սակայն, կանխատեսումներն այս սցենարի  օգտին չեն․ վերլուծաբաններ կարծում են, որ Ադրբեջանը չի օգտվի այդ հնարավորությունից, քանի որ միտումնավոր է գնացել հարաբերությունների սրման։

Ուկրաինական «Եվրոպեյսկայա պրավդա» պարբերական,ը հղում անելով ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակության աղբյուրներին, ուշագրավ վերլուծություն է հրապարակել Ադրբեջանի պատվիրակության դեմ կիրառված պատժամիջոցի մասին։ Ուկրաինացի խորհրդարանականները և նրանց աղբյուրները տպավորություն են ստացել, որ Բաքուն միտումնավոր է սրացման գնացել, որպեսզի խզի ԵԽԽՎ–ի հետ կապերը:

Ըստ հրապարակման՝ ԵԽԽՎ–ում նախապես կտրուկ քայլերի ծրագրեր չեն եղել, դրանք առաջացել են Ադրբեջանի կեցվածքի պատճառով։ Քննարկումներին և քվեարկության արդյունքներին չսպասելով՝ ադրբեջանական պատվիրակությունն ինքը դադարեցրեց համագործակցությունը ԵԽԽՎ հետ՝ հայտարարելով, թե կառույցում ռասիզմի, ադրբեջանաֆոբիայի և իսլամաֆոբիայի անտանելի մթնոլորտ է։

Մինչդեռ կանոնակարգային հարթությունում Ադրբեջանի խախտումները ԵԽԽՎ-ում շատ են, ԵԽԽՎ–ին անդամակցելու 20 տարիների ընթացքում Ադրբեջանը չի կատարել պարտավորությունների մեծ մասը։ Կառույցում Հայաստանի պատվիրակության անդամ, պատգամավոր Սոնա Ղազարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նշում է, որ Ադրբեջանի հետ երկխոսելու փորձերը կառույցում շատ են եղել․  

«Ադրբեջանին վերաբերող այստեղ 14 զեկույց է քննարկվել։ Եթե փորձեմ պատկերավոր նկարագրել՝ 14 անգամ փորձ է արվել երկխոսելու տարբեր թեմաներով։ Սա անթիվ, անհամար փորձերից հետո Ադրբեջանի նկատմամբ սանկցիա կիրառելու որոշումն է, որը կրկին հեշտ չի տրվել։ Կային պատվիրակներ, որ կարծում էին, որ պետք է շարունակել երկխոսությունը։ Բայց խորհրդարանական վեհաժողովը արձանագրեց, որ այլևս անհանդուրժելի է այս մոտեցումը։ Այստեղ կարևոր է խորհրդարանական Վեհաժողովի հեղինակությունը և շատ պատվիրակներ առաջնորդվել են հենց դրանով, որ չի կարող ԵԽԽՎ–ին անդամակցել մի պետություն, որտեղ 250 քաղբանտարկյալ կա։ Զեկուցողը արձանագրել է, որ այնտեղ իշխանության երեք ճյուղերը ամբողջովին անկախ չեն, խնդրահարույց է համարում նախագահի մի շարք լիազորություններ, ինչպես նաև խնդրահարույց է հերթական փորձերը ճնշել մամուլը»։

Փաստացի ստացվում է, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի «համբերության բաժակը» լցվեց ոչ թե Ադրբեջանի՝ օրինակ, 2020 թվականին ռազմական հանցագործություննեի կամ 2023–ին՝ Արցախում էթնիկ զտումներ իրականացնելու համար, թեև այս թեման նույնպես շոշափվեց քննարկման ժամանակ և տեղ գտավ ընդունված բանաձևում, այլ՝ ԵԽԽՎ դիտորդներին Ադրբեջան չհրավիրելու համար՝ փետրվարի 7–ին Ադրբեջանի նախագահի ընտրությունները դիտարեկոլու նպատակով։ Սա նույնպես պարտավորությունների շարքում է՝ որպես մոնիտորինգի ենթակա երկիր։

Եղած փաստերի հիման վրա վերլուծաբանները այլ ենթադրություններ են անում։ Օրինակ, ուղիղ կապ են տեսնում Ադրբեջանի դեմարշի և ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի Բաքու եռօրյա այցի միջև։ Ենթադրում են, որ աշխարհաքաղաքական զարգացումներում Ալիևը ընտրել է իր ճանապարհը։ Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը անգամ ժամկետ է նշում՝ հստակեցնելով, որ զարգացումները ոչ թե բխում են, այլ պարզապես այս պահին համընկնում են Հայաստանի շահերի հետ՝ ենթակառուցվածքները և փոխշփումները շարունակելու համատեքստում։  

«2023 թվականի նոյեմբերի վերջից սկսած դեկտեմբեր ամսվա ընթացքում Ադրբեջանը կողմնորոշվել է, որովհետև նրա առջև դրվել էին խնդիրներ։ Նրան ասել էին՝ պետք է հարգես տարածքային ամբողջականությունը, որովհետև տարածքային ամբողջականությունների հիմնահարցը երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգի իմերատիվներից մեկն է, երկրորդ սկզբունքը՝ իշխանության փոփոխելիությունը։ Ես չգիտեմ, էլ ինչ կետեր են առաջադրել, հավանաբար մեկ տասնյակին հասնող կետեր կլինեին, բայց ամենակարևորը, որ Իլհամ Ալիևը չի կարող դրա վրայով գնալ, այդ երկուսն են։ Դա ստիպել է Ադրբեջանին ասոցացվել, աֆիլացվել ռուսական մեծապետական իրողություններին։ Սա նրան դրդեց այն բանի, որ ԱՄՆ դեսպանին են հրաժարվում ընդունել, Բոնոյի այցելությունը բոյկոտեցին, նաև Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունը արտաքսեցին, մեկ հոգու վրա լրտեսության հանգամանքներով գործ են հարուցել, ձերբակալել են։ Սա հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը ճամբար է որդեգրել»։

Այսպիսի պայմաններում, երբ Ադրբեջանն այլևս խնդիր չունի «դեմքը փրկելու» Արևմուտքի հետ հարաբերություններում, ըստ վերլուծաբանների՝ լավ հնարավորություններ են բացվում Հայաստանի համար։ Այս շրջանը նպաստավոր են համարում միջազգային հանրությունից ապագայի համար բարենպաստ որոշումներ «կորզելու» առումով։

Կարդացեք նաև

Back to top button