
Իրանի նախագահ Ռայիսիի այցը Թուրքիա ու իսրայելա-պաղեստինյան խնդրում մոտեցումների ընդհանրությունները փորձագետներից շատերին հիմք են տալիս պնդելու, որ Թեհրանի ու Անկարայի շահերն այս հարցում համընկնում են և հնարավոր է հարաբերությունների առավել սերտացում։ Այս գնահատականներն իրականությունն արտացոլում են, բայց՝ մասամբ՝ պնդում է փորձագետների մյուս խումբը՝ նկատելով, որ Թուրքիան անկեղծ չէ Իրանի հետ հարաբերություններում։
Հայտարարություններն ու իրական նպատակներն էապես տարբերվում են, և այս ձևակերպումն առավել քան բնորոշ է Իրան-Թուրքիա հարաբերություններին՝ համոզված է թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։ Ռայիսի-Էրդողան՝ Անկարայում կայացած հանդիպումից հետո համատեղ հայտարարություն տարածվեց, որում կողմերն ընդգծում են Հարավային Կովկասի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու կարևորությունը։
Սա կարևոր շեշտադրում է՝ Ալիևի բացահայտ սպառնալից հայտարարությունների ու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ադրբեջանական նկրտումների ֆոնին՝ ասում է փորձագետը։
«Ադրբեջանն այդ կարծիքին չէ և Թուրքիան աջակցում է Բաքվին այդ հարցում։ Մասնավորապես ադրբեջանական լրատվամիջոցներում Զանգեզուրը նշվում է Ադրբեջանի արևելյան Զանգեզուրի տարածաշրջան, այսինքն՝ պատերազմի հավանականությունը դեռ մեծ է՝ հաշվի առնելով, որ զորքերի բավական մեծ կուտակումներ կան ։ Եվ քանի դեռ Խաղաղության պայմանագիրը չի ստորագրվել, պատերազմի վտանգը բավականին մեծ է։ Այո, Իրանը նշում է, որ իր համար կարմիր գծեր կան, բայց չեմ կարծում, թե դա Ադրբեջանին կհետաքրքրի, ընդհակառակը Ադրբեջանը միտված է նաև Սյունիքը վերցնել»։
Խուդավերդյանը համոզված է, որ սին է այն համոզմունքը, թե Պաղեստինի հարցում Թուրքիայի ու Իրանի դիրքորոշումների ընդհանրություն ավելի է մոտեցնում այդ երկրներին։ Պատկերը միանգամայն այլ է։
«Չեմ կարծում, թե Թուրքիա-Իրան հարաբերություններում Պաղեստինի հարցում կա լիակատար փոխըմբռնում։ Թեև Թուրքիայի ղեկավարությունը արտաքուստ արաբամետ հայտարարություններ է անում, սակայն իրականում թուրքական զորքերը պատրաստվում են լայնածավալ զորավարժությունների, որոնք, իհարկե, Իրանի դեմ եմ ուղղված։ Հենց հրեա մասնագետներն են թուրքերին մարզում Իրանի, ինչու չէ, նաև Հայաստանի դեմ, և պատահական չէ, որ վերջին ամիսներին զորավարժությունները բավականին լայնածավալ են ու անընդհատ են տեղի ունենում»։
Իրանագետ Արմեն Վարդանյանի դիտարկմամբ՝ Թուրքիային, Իրանին ու Ռուսաստանին միավորում է Արևմուտքին այս տարածաշրջանից դուրս մղելու նպատակը։ Այս եռյակը, նրա խոսքով, գործակցության հաջող օրինակ ունի Սիրիայում։ Սակայն Սյունիքի հարցում Թեհրանն իրոք լուրջ մտավախություններ ունի, և դրանք հիմնավոր են՝ ասում է Վարդանյանը։
«Այս հարցում իրենց շահերը հակոտնյա են, որովհետև Իրանը մտավախություններ ունի, որ Ադրբեջանը փորձում է Թուրքիայի ու Ռուսաստանի օգնությամբ և ուժի գործադրմամբ իրագործել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» ծրագիրը, որը Սյունիքը կբաժանի երկու մասի, ինչից հետո Իրանը կհայտնվի ծանր մեկուսացման մեջ։ Այդ դեպքում Իրանը կընկնի ռուս-թուրք-ադրբեջանական այդ տրիոյից կախվածության մեջ և նախանշաններն իրենք արդեն տեսել են»։
Այս առումով Թուրքիային վստահելը ռիսկային է, դեռ վաղ են հիշողություններն ըստ փորձագետի, երբ Գորիս-Կապան 21 կմ–ոց հատվածին տիրանալով՝ Ադրբեջանը անմիջապես սկսեց ձերբակալել բեռնատարների իրանցի վարորդներին։
Ռայիսի-Էրդողան հանդիպման արդյունքներով ընդունված հայտարարության մեջ կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը հարգելու անհրաժեշտությանը զուգահեռ կարևորվում է նաև «3+3» ձևաչափը՝ որպես խորհրդակցությունների և կառուցողական համագործակցության հարմար հարթակ։ Թուրքագետն այն ռուսական նախաձեռնություն է որակում և շեշտում՝ հակասություններն այստեղ ավելի շատ են, քան ընդհանուր շահերը։




