ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

ՀՀ-ում ավելի քան 140 հազար երիտասարդ չի սովորում որևէ կրթական ծրագրով. նախարար

Հայաստանի երիտասարդության 33 տոկոսը իր աշխատանքի համար կամ գերկրթված է, կամ թերկրթված․ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական բարեփոխումներն ու հիմնարար ուղղությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ  ասել է՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նախարարը ներկայացրել է նաև վիճակագրական մի շարք տվյալներ. ըստ վերջին մարդահամարի: Ըստ այդմ՝ ՀՀ-ում ավելի քան 140 հազար երիտասարդ չի սովորում որևէ կրթական ծրագրով։ Նախարարը նաև նկատել է, որ մասնագիտական ուսուցման ոլորտում վարձատրությունը ցածրերից մեկն է՝ հավասիացնելով, որ նոր օրենքը հեղափոխական նշանակություն է ունենալու։ Նախագծով նախատեսվում է վերացնել քոլեջների և ուսումնարանների միջև տարբերակումը:

Շատերի համար մասնագիտական կրթությունը դարձել է լուրջ, հաճախ անլուծելի խնդիր։ Ըստ վերջին մարդահամարի տվյալների՝ ՀՀ-ում ավելի քան 140 հազար երիտասարդ չի սովորում որևէ կրթական ծրագրով։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ ՄԿՈՒ հաստատությունների շրջանավարտների միայն 41 տոկոսն է համարում, որ ձեռք բերված տեսական գիտելիքները համապատասխանում են իրենց աշխատանքի պահանջներին, և միայն 43 տոկոսն է կարծում, որ գործնական հմտությունները համապատասխանում են հետագա աշխատանքի պահանջներին, մինչդեռ կրթության ռազմավարությունում թիրախ է սահմանվել շրջանավարտների 90 տոկոսի զբաղվածության ապահովումը։ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենսդրական լսումների ժամանակ վիճակագրական այս տվյալները ներկայացրեց նախարար Ժաննա Անդրեասյանը։

«Այս ոլորտը կարծես կրթական համակարգի խորթ զավակն է՝ իր չօգտագործված պոտենցյալով և հանրային թերարժևորմամբ։ Հետազոտությունների պատկերն էլ ցույց է տալիս, որ ահռելի անելիք կա։ Ուսանողների 86 տոկոսը ուսումն ավարտելուց հետո աշխատանքի անցնելու համար լրացուցիչ վերապատրաստման կարիք է զգում։ Գործատուներն էլ գոհ չեն։ 78 տոկոսը երիտասարդ մասնագետի աշխատանքի ընդունելիս աշխատանքային փորձի և գործնական կարողությունների պակաս է տեսնում։ Արդյունքում՝ մեր երիտասարդների 33 տոկոսը իր աշխատանքի համար կամ գերկրթված է, կամ թերկրթված»։

Հաշվի առնելով առկա մարտահրավերները՝ կառավարությունը օրինագիծ է մշակել, որն ըստ նախարարի, հեղափոխական նշանակություն է ունենալու։ Նախ՝ վերացվելու է տարբերակումն ուսումնական հաստատությունների երկու տեսակների միջև՝ ուսումնարանի և քոլեջի, մնալու է մեկ հաստատություն՝ քոլեջ, որն էլ կիրականացնի երկու կրթական ծրագրերը: Նախագծով առաջարկվող ամենակարևոր փոփոխությունն աշխատանքի վրա հիմնված ուսուցման ինստիտուցիոնալ ներդրումն է, որով էլ կամփոփվի վերջին հինգ տարիների դուալ կրթության փորձարարությունը։

«Մինչև հիմա աշխատանքի վրա հիմնված ուսուցման միակ ձևը եղել է ուսանողական պրակտիկան, որը չենք կարող բավարար համարել։ Այս պահին 20 հաստատություններում 24 մասնագիտություններով ունենք դուալ կրթությամբ իրականացվող կրթական ծրագրեր»։

Նախարարը նկատեց, որ ոլորտում թե՛ մասնագիտությունների, թե՛ ֆինանսավորման, թե՛ կառավարման համակարգի վերանայման անհրաժեշտություն կա։ Պետք է հստակեցվեն նաև ուսանողների իրավունքներն ու պարտականությունները, հայտնեց գերատեսչության ղեկավարը, ընդգծելով նաև ներառականությունը, որը կապահովի հատկապես հաշմանդամություն ունեցող անձանց՝ մասնագիտական կրթություն ստանալու իրավունքը։

«Պետությունն այստեղ չի կարող և չպետք է լինի միայնակ։ Մասնավորի հետ համագործակցությունն այլընտրանք չունի։ Դրանից կախված պետք է էապես վերանայվեն ֆինանսավորման չափորոշիչները, որոնք 90-ականներից սկսած չեն վերանայվել»։

Գործատուների միության նախագահի տեղակալ Մհեր Մարկոսյանը հետաքրքրվեց, թե ինչպես են, օրինակ, որոշվելու, թե որ մասնագետի պատրաստումը որքան է արժենալու և արդյոք ֆինանսավորման նոր մեխանիզմից որակը չի տուժի։

«Մտավախությունն այն է, որ եթե ուսանողների քանակը քիչ լինի, տվյալ մասնագիտությամբ ոչ ոք չի պատրաստվի, այն դեպքում, երբ տվյալ մասնագիտությունն անհրաժեշտ է»։

Ժաննա Անդրեասյան. «Իհարկե այստեղ մասնագիտությունների առանձնահատկությունները շատ կարևոր են։ Կան մասնագիտություններ, որոնցով այսօր իսկ և մեթոդաբանորեն էլ պետք է լինեն քիչ ուսանողներ։ Օրինակ՝ արվեստի ոլորտում մասնագետների պատրաստումը որոշ առարկաների և որոշ դասընթացների գծով ենթադրում է, որ այդտեղ պետք է լինի մեկ ուսանող, մեկ դասախոս, և դա արդեն մասնագիտության վրա էական ազդեցություն է ունենում»։

«Ազգային կամուրջ» ՀԿ ներկայացուցիչ Ռուբեն Պետրոսյանն էլ հետաքրքրվեց՝ արդյո՞ք այն շրջանավարտները, որոնք դժգոհ են իրենց կրթությունից, ժամանակին ճիշտ են ընտրել մասնագիտությունը։

«Կա՞ Հայաստանում հարցում, թե արդյոք ուսանողները և մասնագետները ճիշտ են ընտրել մասնագիտությունը՝ ըստ հոգեկան պահանջի։ Օրինակ, ԱՄՆ-ում 70 տոկոսը կարծում է, որ սխալ է ընտրել իր մասնագիտությունը և տառապում է այդ մտքից»։

Նախարարը հայտնեց, որ նման հետազոտություն Հայաստանում չի իրականացվել, բայց առանց դրա էլ ակնհայտ է, որ մասնագիտական կողմնորոշման լուրջ խնդիր կա։ Ու թեև, ըստ Ժաննա Անդրեասյանի, բոլորովին պարտադիր չէ, որ 15 տարեկանում շրջանավարտները ընտրեն մասնագիտություն ամբողջ կյանքի համար, այդուհանդերձ, փորձը ցույց է տվել, որ այս ոլորտում դիմորդները մասնագիտական ավելի ամուր կողմնորոշում ունեն, քան ավագ դպրոցում։

Կարդացեք նաև

Back to top button