
Տարվա լավագույն ուսուցչի փոխարեն այժմ ամսվա լավագույն ուսուցիչ կունենանք։ ԿԳՄՍ նախարարության նոր նախաձեռնությունն ավելի պարբերական է դարձրել լավագույնների ընտրությունը՝ նպատակ ունենալով խրախուսել ուսուցիչներին կազմակերպել դասապրոցեսը հանրակրթական նոր չափորոշչի պահանջներով։ Հունվարի լավագույն ուսուցչի կոչմանը հավակնողների հայտերը նախարարություն ներկայացնելու վերջին օրը վաղն է՝ հունվարի 24-ը։
Մինչ այդ «Ռադիոլուրը» փորձել է պարզել՝ ի՞նչ կարգով և ինչո՞ւ այդքան հաճախ կընտրվեն լավագույն ուսուցիչները, տնօրեններն ու փոխտնօրենները։
Լավագույնը, որ առնվազն հայոց լեզվի տրամաբանությամբ եզակիություն է ենթադրում, ամեն ամիս կփոխվի։ ԿԳՄՍ նախարարությունը որոշել է ամեն ամիս թարմացնել լավագույն ուսուցչի, տնօրենի ու փոխտնօրենի ցանկը։ Նախորդ տարիներին նախարարությունը ուսուցչի տոնին ընդառաջ կազմակերպում էր «Տարվա լավագույնները» մրցույթը։ Սակայն նոր չափորոշիչների մուտքը հանրակրթության ոլորտ նոր մոտեցումներ է պարտադրել։ Փոխնախարար Արաքսյա Սվաջյանը հայտնում է՝ ամեն ամիս Երևանից և մարզերից 10 անվանակարգով 2-ական ուսուցիչ կանցնեն եզրափակիչ, որտեղ էլ ԿԶՆԱԿ-ը կընտրի լավագույններին․
«Քանի որ նոր չափորոշչի ներդրման աշխատանքների լավարկմանն է ուղղված այս նախաձեռնությունը, բնականաբար շեշտը դրվելու է նոր չափորոշչի պահանջներին համապատասխան դասերի կազմակերպմանը»։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը մրցույթի՝ այսքան հաճախ կազմակերպման արդարացվածությունը կասկածի տակ է դնում։ Ասում է՝ հազարավոր ուսուցիչներից լավագույնն ընտրելը կատակ բան չէ․ դա անելու համար մտածել է պետք, մտածելու համար՝ ժամանակ․
«Եթե ուզում ես իրականում հասկանալ լավագույն ուսուցիչն ով է, պետք է տարբեր ձևաչափերով նայել։ Հիմա էս մրցույթի խնդիրն էն է, որ ուսուցչից կամ խմբակավարiց պահանջվում է 10 րոպեանոց տեսանյութ, իսկ տնօրենից ու փոխտնօրենից՝ 2 էջանոց նյութ։ Իմ մտահոգությունն այն է, որ ամեն ամիս մրցույթ անցկացնելը անլրջացնում է, դարձնում ինչ-որ մակերեսային մի բան»։
Այս տեսակետն ունի նաև դասավանդման 14 տարվա փորձ և կրթական բազմաթիվ մրցանակներ ունեցող պատմության, հասարակագիտության ուսուցիչ Գարիկ Ծատրյանը։ Ասում է՝ իր ստացած մրցանակներից հետո ոչ մի անգամ չեն ստուգել՝ արժանի՞ էր այդ մրցանակներին։ Սպասում է պատահական դասալսումների, աշակերտների հետ քննարկումների, որոնք այդպես էլ տեղի չեն ունենում։ Համարում է, որ հոլովակով լավագույնի ընտրությունն առավել ևս ձևական է լինելու․
«Ես կողմ եմ, որ իրենք իրենց համար տեսաձայնագրություններ ունեն, նստեն, նայեն, հետադարձ կապ տան իրենց և այլն։ Բայց դա ոչ թե մրցույթում հաղթելու համար, այլ ուսուցչի նպատակը պետք է լինի որակյալ դաս անելը։ Պետք է ուսուցչին իրենք կողքից դիտարկեն, ոչ թե ուսուցիչը մի հատ դաս անի, մի հատ էլ մտածի՝ շուտ նկարեմ։ Ինքը իր կարևոր գործը թողած ընկնելու է ի՞նչ անի, որ ինքը ավելի լավ դաս նկարի՞, ու չենք իմանալու, կարող է պատահական դաս չի նկարում, դասից հետո երեխեքին հավաքում է, ասում՝ էս կանեք, որ նկարենք ուղարկենք մրցույթին»։
Փոխնախարարն արձագանքում է դիտարկմանը․ առաջին փուլում Երևանի քաղաքապետարանի ու մարզպետարանի համապատասխան վարչություններն ազատ են ընտրություն կատարելու առանձնահատուկ չափորոշիչներ սահմանելու հարցում։ Կարևորը գտնեն երկու թեկնածու առանձնացնելու ամենաօպտիմալ տարբերակը։ Իսկ հոլովակով ընտրություն կատարվելու է միայն եզրափակիչ փուլում։ Փոխնախարարը վստահում է որոշում կայացնողների պրոֆեսիոնալիզմին և շոուն իրական դասից տարբերելու կարողությանը։
Մեկ այլ խնդիր, ըստ Գարիկ Ծատրյանի, լավագույնների առատությունն է․
«Մենք կարծես թե գնում ենք համահարթեցման, բոլորս հերոս ենք, վերապատրաստող ենք, մենթոր ենք, բոլորը հիմա պետք է համարվեն լավագույները։ Հիմա կասեն՝ձայնը տաք տեղից է գալիս, ինքը ստացել է արդեն էդ լավագույնը, բայց երբ ես մասնակցել եմ, լիքը մարդիկ են եղել, նայել են էդ ծրագիրը, ուսումնասիրել են, տեսել են, գտել են, որ դա հարմար ՝, նոր հաղթանակի են արժանացրել։ Երբ բոլորը դառնան տարվա լավագույններ, ամսվա լավագույններ, կամ ամբողջ օրը պայքարեն, մեկ- երկու տարի հետո մեր բոլոր ուսուցիչները պետք է ասեն՝ մենք լավագույնն ենք, էլ ոչինչ չունենք անելու, միևնույնն է՝ արդեն ճանաչվել ենք։ Արժեզրկում է գնում»։
Ուսուցիչները չեն ուզում այդքան հաճախ նոր լավագույն դառնալ, նախարարությունն ուզում է ոգևորել նրանց՝ լավ աշխատանքին արժանի գնահատական տալով։ Անահիտ Սվաջյան․
«Կարծում եմ, որ դա ոչ թե վախենալու կամ մտահոգություն ունենալու առիթ է, այլ եթե մենք ունենանք լավագույնների շքերթ, եթե իրոք մեր ուսուցիչները բոլորը դառնան լավագույնը, մենք պիտի միայն հպարտանանք։ Եվ կարծում եմ՝ երբեմն մեզ բառերի բովանդակության հետևից շատ գնալը շեղում է բուն նպատակից։ Մենք որևէ ռիսկ չենք տեսնում։ Թող ուսուցիչները ոգևորվեն, եթե ոգևորվելու են, թող նախաձեռնեն, կիսվեն լավագույն փորձով»։
Ամեն ամիս ընտրված ուսուցիչները հնարավորություն կունենան մասնակցել եզրափակիչ՝ «տարվա լավագույնները» մրցույթին։ Կոչումից բացի շոշափելի պարգևատրումները կլինեն այդ ժամանակ։




