
ԵՄ-ն մտահոգված է Ադրբեջանի նախագահի՝ տարածքային պահանջների վերաբերյալ վերջին հայտարարություններով։ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի և լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար՝ Բրյուսելում՝ ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների հավաքից հետո հայտարարել է ԵՄ ղեկավար Ժոզեպ Բորելը։ Բաքուն չի ուշացրել արձագանքը։ Որոշ փորձագետներ նկատում են՝ կոշտ հայտարարությունները Արևմուտքից հնչում են այն բանից հետո, երբ Բաքուն, այդ հարթակներից ստանալով իր ուզածը, մերժում է նույն այդ հարթակները։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը չի կարծում, որ հայտարարությունները գործի կվերածվեն՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցների տեսքով։
ԵՄ երկրների արտգործնախարարների հավաքի ընթացքում նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն են քննարկել։ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը Բրյուսելում անցկացված ԵՄ անդամ պետությունների արտգործնախարարների հավաքից հետո հայտարարել է.
«Նախագահ Ալիևի՝ վերջին տարածքային հավակնությունները լուրջ մտահոգություն են առաջացնում։ Հայաստանի տարածքային ամբողջականության ցանկացած խախտում անընդունելի կլինի, լուրջ հետևանքներ կունենա Ադրբեջանի հետ մեր հարաբերությունների համար»։
Որոշ փորձագետներ նկատում են, որ արևմտյան հարթակներից իր ուզածը ստացած Ալիևը շարունակում է մերժել նույն այդ հարթակները, ինչից հետո ենք միայն լսում արևմտյան բավական կոշտ հայտարարություններ, որպիսիք նախկինում չեն եղել։ Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի խոսքով, օրինակ, շատ դեպքերում Եվրոպայից հնչող մտահոգությունները ձևական հայտարարություններ են՝ միջնորդական դերը չկորցնելու համար։ Քաղաքագետը չի բացառում, որ Ալիևի տարածքային հավակնությունների մասին հայտարարությունների վերաբերյալ մտահոգություններն էլ հենց այդ շարքից են։
«Այս պահի դրությամբ մենք Արևմուտքից լսել ենք նաև հայտարարություններ, որ ցանկացած պայմաններում նրանք պատժամիջոցներ չեն դնի Ադրբեջանի դեմ»։
Բորելի հայտարարություններին Բաքվից արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ պնդելով, թե Ադրբեջանը միշտ հավատարիմ է եղել Հայաստանի հետ բանակցություններին, խաղաղությանը և կայունությանը։ Բաքուն անհիմն է համարում Բորելի հայտարարությունները՝ կտրականապես հերքելով դրանք, և գնահատելով փաստերի բացահայտ խեղաթյուրում, որոնք, ըստ Բաքվի, անտեսում են Ադրբեջանի օրինական շահերը։ Բաքուն Բրյուսելի մեղադրում է երկակի ստանդարտներ կիրառելու մեջ։
«Այդպիսի սպառնալից հռետորաբանությունը երկակի ստանդարտի վառ օրինակ է, որն էլ ավելի է սրում Ադրբեջան-Եվրամիություն հարաբերությունները»,- ասել է Հաջիզադեն՝ Բորելին մեղադրելով Ադրբեջանի Ադրբեջանի նկատմամբ ռազմատենչ ու ագրեսիվ քաղաքականություն հրահրելու համար։
«Կովկաս» ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Հրանտ Միքայելյանը նկատում է, որ Արևմուտք-Ադրբեջան հարաբերությունների լարվածության ֆոնին նախօրեին տեղի է ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում։ Լավրովն ու Ֆիդանը խոսել են նաև հարցերը համակարգելու անհրաժեշտության մասին։ Խոսքն, անշուտ, առնչվում է լայն տարածաշրջանային հարցերին, ներառյալ՝ Հարավային Կովկասը։ Քաղաքագետը, համադրելով Արևմուտքից հնչող մտահոգությունները, այսպիսի եզրահանգում է անում.
«Հիմնական վեճը Արցախյան հակամարտության շուրջ այսօրվա դրությամբ միջազգային հարթակներում այն մասին է, թե ով է լինելու միջնորդ բանակցությունների ընթացքում։ Պարզ է, որ Արևմուտքում ուզում են, որ Բրյուսելը կամ Վաշինգտոնը լինի, իսկ Ռուսաստանը ուզում է, որ ինքը լինի»։
Ըստ քաղաքագետի՝ տեսանելի է նաև, որ Ալիևն այս պահին շատ կոշտ է հատկապես Ֆրանսիայի նկատմամբ, քանի որ տեսնում է՝ հենց Ֆրանսիան է, որ ամեն դեպքում ցանկանում է բալանսավորել ստեղծված իրավիճակն ու քիչ թե շատ ինչ-որ բան ավելացնել Հայաստանի օգտին։ Հենց դա, իհարկե, Ալիևը չի ցանկանում թույլ տալ։




