ԿարևորՌեպորտաժներՔաղաքական

Ադրբեջանը Եվրոպայի «պատժիչ մեքենայի» թիրախում է․ ԵԽԽՎ–ն կքվեարկի հունվարի 24–ին

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի օրակարգում Ադրբեջանին կամ Հայաստանին առնչվող ուղիղ օրակարգային հարց չկա, բայց նստաշրջանի մեկնարկին գերմանացի պատվիրակ Ֆրանկ Շվաբեն առաջարկել է օրակարգի հարց դարձնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունների սահմանափակման հարցը։ ԵԽԽՎ-ն X-ում տեղեկացրել է, որ «ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության լիազորությունները վիճարկվել են լուրջ հիմքերով՝ կապված պարտավորությունները չկատարելու, ինչպես նաև համագործակցության բացակայության հետ։ Վեհաժողովը հարցը կորոշի չորեքշաբթի երեկոյան քննարկումից հետո»։

Ինչո՞ւ լցվեց Եվրոպական խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի համբերության բաժակը․ ադրբեջանական պատվիրակության անդամները ԵԽԽՎ–ում կկարողանան մասնակցել իրենց վերաբերող հարցի քննարկմանը, բայց քվեարկությանը՝ ոչ։ Սոցիալիստների, դեմոկրատների և կանաչների խմբակցության ներկայացուցիչ, գերմանացի սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Շվաբեի առաջարկության մեջ կան հիմնավորումներ Ադրբեջանին պատժելու ցանկության համար։ Շվաբեն իր առաջարկությունը պատճառաբանել է Ադրբեջանի իշխանությունների վարած քաղաքականությամբ, որը «հակասում է Եվրոպայի խորհրդի սկզբունքներին», պաշտոնական ձևակերպմամբ՝ «պարտավորությունները չկատարելու, ինչպես նաև համագործակցության բացակայության համար»։ Բաքվից դժգոհելու ևս մի քանի պատճառ է նշվել, այդ թվում՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների թվի աճը և Արցախից 100 հազարից ավելի մարդու տեղահանումը։

«Մեր վեհաժողովի զեկուցողներին 3 անգամ հնարավորություն չտրվեց 2023–ին այցելելու Լաչինի միջանցք, իսկ այսօր արդեն Եվրոպական Խորհուրդը Ադրբեջանի նախագահի ընտրությանը հետևելու հրավեր չի ստանում»։

ԵԽԽՎ–ում նաև ակնարկում են՝ Բաքուն փորձում է խարխլել Եվրոպական Խորհուրդը և հանդես գալ մյուս բոլոր կազմակերպությունների, այդ թվում՝ ԵԱՀԿ դեմ։

Միջազգային հանրությունը պարբերաբար խոսել է Ադրբեջանում քաղբանտարկյալների առկայության մասին, իսկ օրեր առաջ վրացական ոչ կառավարական մի շարք կազմակերպություններ հայտարարություն էին տարածել, մտահոգություն հայտնելով Ադրբեջանում լրագրողների ձերբակալությունների կապակցությամբ։ Միջազգային հանրությանը կոչ էին անում արձագանքել այդ իրավիճակին։ Վերջին ամիսներին Ադրբեջանում մեկ տասնյակից ավելի լրագրողներ են ձերբակալվել՝ ընդդիմադիր, հետաքննող և հարավկովկասյան զարգացումները լուսաբանող։

Հայտարարության հեղինակներն ընդգծում են, որ Ադրբեջանում քաղաքացիական հասարակության վիճակը վերջին տարիներին կտրուկ վատթարացել է, իսկ անկախ լրագրողների աշխատանքը բարդացել է քաղաքական ճնշումների պատճառով։ Մամուլի ազատության ինդեքսով Ադրբեջանը 180 երկրների շարքում 151-րդ տեղում է։

Քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի կարծիքով՝ եվրոպական պատժիչ մեքենան սկսել է աշխատել․

«Արևմտյան դիվանագիտական, քաղաքական մեքենան, այո, դանդաղաշարժ է, բայց մեքենան սկսել է աշխատել։ Հենց «անիվները» սկսեցին աշխատել, ուրեմն այդ գործընթացը գնալով խորանալու է։ Ես կարծում եմ, որ մինչև այս տարվա վերջ ԵԽ–ում չի լինելու Ադրբեջանական պետություն, որովհետև սանկցիաները շատանալու են և նա անելու է այն, ինչ արեց Ռուսաստանը 20 թվականից հետո։ Ասելու է՝ դուք ինձ ուզում եք հանել, ուրեմն ես դուրս կգամ։ Ու դուրս է գալու»։

Քաղաքագետը ենթադրում է, որ այս քայլը ազդելու է նաև Ադրբեջան–ԵՄ հարաբերությունների վրա, ընդ որում՝ ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական հարթությունում։

«Հատկապես այն ամիսներին, երբ Եվրոպան ջեռուցումից այդքան կախված չէ, իրենք անելու են ամեն բան, որպեսզի հասկացնեն Ադրբեջանին, որ իր պահվածքը սխալ է»։

Միջազգային հանրությունը սխալներ է տեսնում Ալիևի պահվածքում թերևս նաև Արևմտյան պաշտոնյաների հետ շփումներում։ Բազմիցս եղել են դեպքեր, երբ Ալիևը հրաժարվել է ընդունել եվրոպական կամ ամերիկյան պատվիրակություններին։ Վերջին այդպիսի դեպքը գրանցվեց այս ամիս, երբ Ադրբեջանի նախագահը հրաժարվեց հանդիպել Երևանից Բաքու ուղևորվող ԱՄՆ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահ Լուիս Բոնոյի հետ։

Եթե վերհիշենք ԵԽԽՎ պատժամիջոցների պատմությունը, ապա սկսած 2014 թվականից Խորհրդարանական Վեհաժողովը նմանատիպ ընթացակարգ էր ներկայացրել Ռուսաստանի դեմ։ Այն գործընթացները, որոնք Մոսկվան սկսեց, ի վերջո հանգեցրին Եվրախորհրդում խորը ճգնաժամի և հող նախապատրաստեցին, 2022 թվականին այդ կազմակերպությունից Ռուսաստանի դուրս գալու համար։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այդ երկիրը մշտապես բախվում է Եվրոպայի խորհրդի և նրա մարմինների քննադատությանը, 2017 թվականին երկրի նկատմամբ քաղաքական պատժի հատուկ ընթացակարգ էր սկսվել։ Այնուհետև Ստրասբուրգի ճնշման ներքո Բաքուն բանտից ազատ արձակեց ընդդիմադիր քաղաքական գործիչ Իլգար Մամեդովին։

Սակայն 2022 թվականին ԵԽԽՎ-ում արդեն ակնարկներ եղան Ադրբեջանին ԵԽ-ից հեռացնելու մասին։

Հունվարի 24–ի երեկոյան է պարզ դառնալու, թե արդյո՞ք ԵԽԽՎ–ն կկիրառի փաստացի առաջին պատժամիջոցը Ադրբեջանի դեմ, թե ոչ, և ավելի կհստակեցվի, թե ինչ է ենթադրում լիազորությունների սահմանափակումը։ Հարցը քննարկվելու է «Եվրոպայի կալանավայրերում համակարգված խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքի ու պատժի մասին» դեբատների շրջանակում։

Կարդացեք նաև

Back to top button