
Հայաստանը կարող է Ադրբեջանին փոխանցել ականապատ տարածքների նոր քարտեզներ, 2023–ի ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Ես չեմ բացառում, որ երկուստեք կառուցողական մոտեցումների դեպքում և վստահության ամրապնդման քայլերի դեպքում նոր տվյալներ փոխանցենք ադրբեջանական կողմին»,– հայտարարել է ՀՀ ԱԳ նախարարը։
Նա նշել է, որ հայկական կողմը Ադրբեջանին 2 անգամ հանձնել է ականապատ դաշտերի տարածքների քարտեզները․ «Տարօրինակորեն ադրբեջանական կողմից շարունակաբար լսում էինք դժգոհություններ, որ այդ քարտեզներն այնքան էլ արդյունավետ ու ճշգրիտ չեն արտացոլում ականների տեղակայումը»,- ասել է Միրզոյանը և հիշեցրել, որ այդ նույն տարածքների ականապատումը շատ հաճախ սկսվել է 1990–ականների սկզբին հենց Ադրբեջանի կողմից։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2021 թվականին Երևանը Լեռնային Ղարաբաղից ստացել և Բաքվին է փոխանցել ականապատ դաշտի բոլոր քարտեզները, որոնք եղել են հայկական կողմի տրամադրության տակ։




