ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Կահավորված բանտախցերի հակառակ՝ իրական կողմը․ Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները 4 ամիս է գերավարված են

Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները տարածեցին Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների լուսանկարները Բաքվի բանտից՝ փորձելով ցույց տալ, թե  վերջինների  համար ստեղծված են բոլոր պայմանները հարմարավետ ժամանցի համար։ Լուսանկարները տարածվեցին նաև համացանցի հայկական տիրույթում՝ տարբեր մեկնաբանությունների արժանանալով։ Արցախի բարձրաստիճան պաշտոնյանների գերեվարումից շուրջ 4 ամիս է անցել։ Ի՞նչ է թաքցնում Բաքուն կահավորված բանտախցերի հակառակ կողմում, և ի՞նչ գործիքներ ունի Երևանը միջազգային ատյաններում ճշմարտությունը ցույց տալու համար։

Իրականության հետ որևէ աղերս չունեցող ցուցադրական գործողություններ, որոնք բացառապես քարոզչական նպատակ ունեն․ այսպես է մեկնաբանում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների՝  ադրբեջանական աղբյուրներից տարածված լուսանկարները միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի նախագահ Սիրանույշ Սահակյանը։ Անընդմեջ կիրառվող այս ձեռագիրը բոլորիս արդեն ծանոթ է՝ նշում է իրավապաշտպանը։

«Բոլոր հայրենադարձված տղաներն էլ այս կամ այն չափով բեմականացված, ցուցադրական լուսանկարահանումների կամ տեսանկարահանումների մաս են դարձել։  Եվ մարդու իրավունքների ստանդարտների պահմպանումը իմիտացնելու նպատակով նրանք կարճատև տևողությամբ տեղափոխվել են այլ վայրեր, լուսանկարանահանվել են, որից հետո տարվել խցեր, որոնք չեն համապատասխանում միջազգային ստանդարտներին, և ավելին՝ խցերից զատ կա վերաբերմունք, որը հակազդում է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի միջազգային ստանդարտներին»։  

Նման ցուցադրական գործողությունների ակտիվ մասնակիցները հաճախ այսպես կոչված «անկախ» պաշտոնյաներն են, ինչպիսին օմբուդսմենն է։

«Նույն օմբուդսմենի ներգրավվածությամբ մարդու իրավունքները խախտող նման գործողություններ են տեղի ունենում։ Ես կարծում եմ, որ սա կատարվում է բացառապես քարոզչական նպատակներով, ինչն առավել քան արդիական հիմա, երբ Ադրբեջանում նախընտրական գործընթացներ են ընթանում»։

Բաքվի շքեղ բանտախցերից տարածված լուսանկարներին անդրադարձել է  հայտնի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինը, որն Արցախ այցելելու և հայ-ադրբեջանական հակամարտության հարցում  իր դիրքորոշման համար նախ հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», հետո նաև՝ բանտում։

«Ինձ պահում էին Բաքվի Քուրդախանի բանտում։ Մի օր տարան գրադարան՝ ալիևյան լրատվամիջոցների համար լուսանկարվելու համար։ Ադրբեջանցիներն ինձ գիրք նվիրեցին, ասեցին՝ ժպտա, այլապես կզրկվես բանտի բակում զբոսանքներից։ Հետո ինձանից վերցրեցին գիրքը և վերադարձրին կեղտոտ խուց, որտեղ ինձ պահեցին ամբողջ յոթ ամիս։ Խցիկներն իրականում շատ ավելի վատն են։ Նրանց տեղափոխել են բժշկական շենք՝ լուսանկարվելու։ Բժշկական շենքում կան մի քանի էլիտար խցիկներ, որոնք ճիշտ նման են լուսանկարների խցիկներին։ Սովորական խցերում ջեռուցում չկա, բանտարկյալները ձմռանը սառչում են, քնում են պատառոտված սովետական ​​վերմակների տակ։ Այնտեղ էլ հեռուստացույց չկա, բայց ինձ տարան բժշկական շենքի մի խուց, որտեղ հեռուստացույցներ կային լուսանկարելու համար։ Հիշեցնեմ, որ այս նույն բանտում ադրբեջանցիները, «Ալլահ աքբար» գոռալով, ինձ կիսամահու ծեծեցին, կոտրեցին ձեռքս, մատներս, երեք կողերս, ծնոտս և ատամներս։ Դա տեղի ունեցավ մոտ երեք ամիս անց այն բանից հետո, երբ նրանք ինձ լուսանկարեցին «երջանիկ»՝ գիրքը ձեռքիս»:

Ի՞նչ գործիքներ ունի Հայաստանը միջազգային ատյաններում ճշմարտությունն ու իրական պատկերը ցույց տալու համար։ Սիրանուշ Սահակյանի խոսքով՝ շատ արժեքավոր են հայրենադարձված անձանց վկայությունները։ Հաճախ պարզվում է, որ նման լուսանկարներում հայտվածները իրականում անմարդկային վերաբերմունքի էին արժանանում։

«Նույն ռազմագերիների մասնակցությամբ, նույն վայրերում լուսանկարներ են վերցվել։ Եվ հետագայում, երբ մանրամասն հանգամանքները ներկայացվել են, պարզվել է այլ իրականություն։ Օրինակ՝ անձը լուրջ վնասվածքներ է ունեցել, բայց լուսանկարներն այնպես են արվել, որ դրանք չերևան։ Շատ ավելի վատ դրսևորումների ենք մենք բախվել, և դրանք բոլորը պարզաբանվում են ու ներկայացվում միջազգային արտյաններ»։

Արցախի բարձրաստիճան պաշտոնյանները կալանավորվել էին  Բաքվի գլխավոր դատախազի հրամանով, նրանցից մի քանիսը՝ կոնկրետ 4 ամիս ժամկետով։ Այդ ժամկետը մոտենում է ավարտին, բայց իրավապաշտպանը դժվարանում է կոնկրետ կանխատեսումներ անել, միայն նշում է, որ բեմականացված դատավարությունների պակաս չի լինելու։

«Կալանավորման որոշումները կայացվել են այնպիսի դատավորների ներգրավվածությամբ, որոնք հայտնի են քաղաքական պատվերների հիման վրա որոշումներ կայացնելու փորձով։ Այդ նույն դատավորները շատ ակտիվորեն հետապնդել են նաև ադրբեջանցի քաղբանտարկյալներին և կայացրել են ամոթալի որոշումներ։ Կարծում եմ՝ այս բեմականացված դատավարություններն անխուսափելի են»։

Ադրբեջանում պահվող պաշտոնյանների իրավունքների պաշտպանության ուղղությամբ մի շարք գործընթացներ են ընթանում։ Մի մասում  ներգրավված են ընտանիքների անդամները, կա միջպետական գանգատ, որի հիմնական վարողը ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչն է։ Բայց միայն իրավական դաշտում սեղմ ժամկետներում հնարավոր չէ ապահովել այս անձանց ազատ արձակումը՝ նշում է Սիրանուշ Սահակյանը։ Ըստ իրավապաշտպանի՝ այստեղ մեծ քաղաքական աջակցություն, ինչպես նաև Ադրբեջանի նկատմամբ կոնկրետ ճնշումներ են անհրաժեշտ։

Ադրբեջանի կողմից հաստատված 23 հայ ռազմագերիները որոշակի պարբերականությամբ կարճատև հեռախոսազրույցներով կապ են հաստատում ընտանիքի անդամների հետ։ Նրանց մի քանի անգամ տեսակցել են ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները։

Կարդացեք նաև

Back to top button