ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ռենջերներից՝ էկոպարեկներ․ ի՞նչ խնդիր են լուծելու վայրի բնության նոր պահապանները

Հունվարի մեկից ծառայության անցած էկոպարեկներն արդեն առաջին որսն արել են. 2 օր առաջ Տավուշի անտառներում ապօրինի փայտանյութ գողացողների և էկոպարեկների «հանդիպումը» երկու կողմերին էլ վնասներ է պատճառել․ վառելափայտ գողացողները ձորն են գլորել ծառայության մեքենան, ապա՝ ձերբակալվել ու տեղափոխվել Տավուշի մարզային քննչական վարչություն։ 

« Էկոպարեկային ծառայության մասին» նոր օրենքով անտառներում և բնության հատուկ պահպանման տարածքներում այսուհետ 24-ժամյա ռեժիմով էկոպարեկները հետևելու են բնությանը, ավելի խիստ՝ բնությունը վնասողներին։ Վայրի բնության պահապաններն ունենալու են անձնական պաշտպանության միջոցներ՝ զենք, սաղավարտ,  ծառայողական համազգեստ, անհրաժեշտության դեպքում՝ ֆիզիկական և հատուկ միջոցների գործադրման իրավունք։ ՇՄ նախարար Հակոբ Սիմիդյանը մանրամասնում է՝ նոր օրենքը ծառայողներին նոր հնարավորություններ է տալիս։

«Մենք ծառայողին նոր օրենքով հնարավորություն ենք տվել, որ իրավախախատումն արձանագրի և նաև, եթե դա վարչական իրավախախտում է իրենից ենթադրում՝ տուգանք սահմանի, եթե ապօրինություն գործող անձը չենթարկվի, գործադրի ֆիզիկական ուժ։ Նոր հնարավորություններ ենք տվել ծառայողին, որ պահպանության շղթան ամբողջական լինի»։ 

Բնությունն ավելի հուսալի պաշտպանելու համար  նախարարությունը նախատեսում է մեծացնել տեխնոլոգիական հնարավորությունները։ Եթե նույնիսկ պարեկները տարածքում չեն, նրանց փոխարեն կաշխատեն զգայուն սարքերը։

«Տեխնիկապես շատ հագեցված է լինելու, խոսքը միայն դրոնների մասին չի, նաև կրիչներ, որոնք ձայնի, ջերմաստիճանի  կամ հրդեհի դեպքում, արագ կարձանագրեն, կփոխանցեն, հետո նաև կհասնեն էկոպարեկները»։

Բնապահպան-էկոակտիվիստ, «Բնապահպանի տուն» քաղաքացիական նախաձեռնության ղեկավար Գոռ Հովհաննիսյանն արդեն 5 տարուց ավելի՝ ապրում է Տավուշի անտառներում․ տարիներ առաջ ընդամենը 4 հոգով  էին հսկում «Դիլիջան» ազգային պարկի 250 քառ․կմ անտառը։ Գոռն անձամբ գիտի գրեթե բոլոր որսագողերին, ապօրինի անտառահատներին։

«Ճիշտն ու սխալը պայմանավորված ա ոչ թե նրանով, թե մենք ինչ գործիքներ ենք ընտրել, այլ նրանով, թե իրականում ովքեր են դառնալու էկոպարեկներ։ Իսկ դրա համար ուրիշ գործիքներ էլ պիտի ավելացնել, պիտի ընդունվեն մարդիկ, ովքեր  ոչ թե անտառին ու ծառին նայում են որպես աճող փող, այլ սիրում են բնությունը, հայրենիքը։ Պետք ա հասկանալ, որ նույնիսկ հիմիկվա սիստեմով, առանց փոփոխությունների, գործի ընդունեն մարդիկ, որ իրոք իրենց գործը անում են թեկուզև բավականաչափ սահմանափակ գործիքներով, շատ ավելի լավ կլինի, քան ընդունենք նոր օրենքներ ու տանք հնարավորություն հին մարդկանց էդ սիստեմ խցկվելու»։

Գոռ Հովհաննիսյան

Հայաստանի բոլոր արգելավայրերով ու անտառներով անցած բնապահպանը խնդրահարույց է համարում նաև այն, որ ծառայության նույն համակարգը տարածվելու է բոլոր անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների վրա․ եթե Դիլիջան արգելավայրում կտրուկ արգելված է հատել նույնիսկ չորացած ծառերը, ապա «Որդան կարմիր» արգելավայրում բնակիչները կենցաղային աղբ են լցնում։

«Մենք Հայաստանում մենք ունենք «Որդան կարմիր» արգելավայր, ու ունենք Խոսրովի արգելանոց, ունենք «Գոռավանի ավազուտներ», որտեղ եթե կենսոլորտի լոգիկայով նայենք, համարյա բան չի մնացել, այն ինչ պետք էր մեծացնել, շրջապատված ա հանքերով, «Որդան կարմիրը», որտեղ տեղացիները բերում աղբ են լցնում, ես տեսել եմ իմ աչքով՝ հենց պահպանվող տարածքի մեջ։ Այսինքն՝ չես կարող բնության հատուկ պահպանվող տարածքների մասին մի կարծիք ասել, կամ բերել մի սիստեմը դնել բոլորի դեպքում նույնկերպ քոփի փաստ անել։ Պիտի ադապտացնես»։ 

Հովհաննիսյանը նաև հիշեցնում է Ծովագյուղի բնակիչների և ջրային պարեկների միջև եղած վերջին բախումն ու ասում՝ պարեկների զինված լինելը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ և ավելի սրել իրավիճակները։

«Շատերը ունեն նաև չգրանցված զենքեր, իրենց պապերից եկած հրացաններ, ու արդեն 5 տարուց ավել ա անտառներում եմ ՝ մեծամասնությունը էնտեղ միշտ հարբած են, ու եթե իրենք տենց բորբոքված հանդիպեն զենքի կամ տենց ինչ-որ բանի, պոտենցիալ հնարավորություն կա, որ շատերը սկսելու են իրենց լավ տղա զգալ, ինչքան էլ պարեկները փորձեն համբերատար ու կիրթ լինել, ողղակի զենքին  հենց հասավ, կարող ա ավելի բարդանա, բորբոքվի»։

Թեև էկոպարեկներն արդեն գործի են անցել, բայց համակարգի որոշ կարևոր օղակներ դեռ մշակման փուլում են։ Նախարար Հակոբ Սիմիդյանի խոսքով՝ էկոպարեկ դառնալ ցանկացողները կրթական ու վերապատրաստման մի քանի փուլ են  անցնելու։ Արդեն գարնանը՝ այդ ծրագիրը հաղթահարածները կմիանան փորձառուներին։ Այս պահին ծառայությունը չունի պետ, ենթաօրենսդրական մի քանի ակտեր դեռ մշակման փուլում են։Նախարարությունից փոխանցում են՝ ավելի մանրամասն կխոսեն բարեփոխման մասին, երբ բոլոր օղակների բոլոր պատասխանատուները իրենց տեղերում կլինեն։ 

Կարդացեք նաև

Back to top button