ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Տիգրանակերտ․ բերդաքաղաքի հայկական ու քաղաքակրթական ֆենոմենը

Արցախի Տիգրանակերտի ճշգրիտ տեղանքը 2005 թվականին է հայտնաբերվել․ Վանքասարի և «Արքաների աղբյուր» տեղամասի շրջանում։ Արդեն 2006 թվականին այնտեղ պեղումներ են սկսվել՝ ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի ղեկավարությամբ։

Մինչև 2020 թվականը պեղումների արդյունքում գտնվել և ուսումնասիրվել են քաղաքի միջնաբերդը, պարիսպները, կենտրոնական մասը և վաղ միջնադարյան բազիլիկ եկեղեցին։ 2020 թվականի արցախյան պատերազմից հետո, երբ հնավայրն ացավ ադրբեջանական վերահսկողության տակ, այլևս անհնար էր շարունակել աշխատանքները։ Հսկայական ծավալի նյութերի հետագա ճակատագիրը հետաքրքրում է շատերին։

Տիգրան Երկրորդ հայոց արքայի անունը կրող 4 քաղաքներից այս մեկի՝ Արցախի Տիգրանակերտի մասին, որ այն կառուցվել է մ․թ․ա․ առաջին դարում, աղբյուրագիտական հիշատակություններ կան 7-րդ դարի պատմիչներ Սեբեոսի և Մովսես Կաղանկատվացու մատյաններում։ Խաչեն գետի աջ ափին սպիտակ կրաքարով կառուցված քաղաքի մասին ժամանակակիցներս մանրամասներ իմացանք 2006-2020 թվականններին այնտեղ հայ և օտարերկրյա հետազոտողների կատարած պեղումների շնորհիվ։ Արշավախմբի ղեկավարը հնագետ Համլետ Պետրոսյանն էր։ Պատերազմը, և հատկապես Տիգրանակերտի գրավումը անսպասելի էր․ հնավայրի հետազոտության հսկայական աշխատանք կար հեռանկարում։

«2020 թվականի օգոստոսին ավարտեցինք պեղումների հերթական փուլը և չէինք մտածում, որ կարող էր պատերազմ լինի, համենայնդեպս մենք չգիտեինք, և որոշ տեղեր պեղումները կիսատ էինք թողել հաջորդ տարի շարունակելու հույսով»,-ասում է Համլետ Պետրոսյանը։

Արցախի հանրապետության չճանաչվածության գործոնն իր բացասական ազդեցությունն էր թողնում միջազգային գիտական լիարժեք համագործակցության  վրա, բայց ամեն դեպքում, այդ տարիներին հաջողվել էր Տիգրանակերտի պեղումներում ներգրավել հեղինակավոր հետազոտողների, որոնք էլ իրենց աշխատություններում և հոդվածներում անդրադարձել են Տիգրանակերտի հետազոտության արդյունքներին։

Տիգրանակերտի հայտնագործմանը, քաղաքի կառուցվածքային առանձնահատկություններին մէկ անգամ չէ, որ անդրադարձել են հեղինակավոր հետազոտողները, ասում է Պետրոսյանը։ Ամեն դեպքում Տիգրանակերտի պատմության վրա լույս սփռելու բավարար հիմքեր այս տարիների ընթացքում հաջողվել է ապահովել։

«Բավարար չափով նյութ կա, քանի որ պեղումներին զուգահեռ այդ նյութը ներկայացնում էինք զանազան միջազգային գիտաժողովներում, հրատարակվել են բազմաթիվ հոդվածներ եվրոպական, հատկապես անգլերեն լեզուներով։ Միանշանակ է, որ միջազգային մասնագիտական հանրույթը և նրանք, ովքեր զբաղվել են Տիգրանակերտով, չեն հրաժարվել Արցախի Տիգրանակերտ եզրից, և աշխատանքի մեջ օգտագործում են մեր հղումները»։

Պեղումների ամենակարևոր գտածոներից մեկը 2008 թվականին հայտնաբերված հայերեն արձանագրությունն է։  2010 թվականին բերդաքաղաքի տարածքում գտնվող ուշ շրջանի կանգուն ամրոցում բացվել էր պեղումների թանգարանը, որը այցելուներին ներկայացնում էր այնտեղ հայտնաբերված ցուցանմուշները։

Համլետ Պետրոսյանն ասում է, որ Տիգրանակերտի հնագիտական նյութն ապահով վայրում է, ավելին ասել լիազորված չէ․ «Պատերազմի օրերին մենք գնացել ենք Տիգրանկերտ, փորձել ինչ որ բան փրկել, ավելին իրավասու չեմ ասել, բայց պետք է նշել, որ այդ աշխատանքը, որ կատարել ենք, մեծ ծավալի է, և Տիգրանակերտը որպես անտիկ, վաղ քրիստոնեական քաղաք, այսօր հայտնի չափով հետազոտված է, ներկայանալի է, բայց պիտի նկատի ունենալ, որ ընդամենը քաղաքային տարածքի մի քանի տոկոսն է ուսումնասիրված»։

2010 թվականին Տիգրանակերտի պեղումներն ընթանում էին 3 հիմնական հատվածում։ Ամրացված թաղամասում, որը ստեղծվել է Տիգրան Մեծի օրոք, բացվել է հյուսիսային պարսպապատը, երկրորդը միջնաբերդի հատվածի պեղումներն են, որտեղ բացվել են ժայռափոր համալիրները, իսկ երրորդը, բազիլիկ եկեղեցու պեղումներն են։ Այնտեղ հարավից եկեղեցուն կցված է եղել բաց սյունասրահ։

Պեղումները հնարավորություն տվեցին բացահայտելու բերդաքաղաքի վաղ-քրիստոնեական շերտը․ ընդարձակ հրապարակ, որտեղ կան երկու եկեղեցիներ, մասունքարան, կոթողի մնացորդներ։ Ցավոք, Տիգրանակերտի պեղումները կիսատ մնացին: Ադրբեջանական ագրեսիայից հետո ուսումնասիրությունները շարունակելու հնարավորություն չեղավ։ Ավելին,  սպասելի է, որ պեղումները կշարունակվեն ադրբեջանական կողմից, գուցե ավելի մեծ ծավալով, և ներկայացվեն որպես աղվանական ինչ որ քաղաք։

Ամեն դեպքում 2020 թվականի պատերազմը փոխեց նաև Արցախի Տիգրանակետի  հնավայրի ուսումնասիրման հետագա ծրագրերը․ մնում է առայժմ օգտագործել և աշխարհին ներկայացնել այն, ինչ հաջողվել է ուսումնասիրել․

«Հիմա ես խմբագրում եմ Տիգրանակերտի մասին գիրքը, որի կազմմանը 16 հեղինակ է մասնակցում, մենք նպատակ ունեինք այլ ձևով անել, բայց իրավիճակի փոփոխության պատճառով այսպես որոշեցինք։ Հույս ունեմ՝ տարեվերջին գիրքը պատրաստ կլինի․ չեմ կարծում, թե նման գիտական ապացույցներն ու փաստերը հնարավոր կլինի հերքել»:

Իհարկե, Տիգրանակերտը զուտ հայկականից զատ նաև ընդհանուր քաղաքակրթական դրսևորում է, այն անտիկ շրջանի ուշ հելենիզմի ֆենոմեն է։ Այնտեղ կան փոքրասիական, նույնիսկ ալեքսանդրյան ավանդույթներ, միջին դարերում քաղաքը կոչում էին նաև հունական քաղաք, քանի որ այնտեղ կար հունական համայնք, և առաջին քրիստոնյաների արձանագրություններ, տեղեկացնում է պրոֆեսորը։

«Տիգրանակերտը ֆենոմենալ երևույթ է։ Մեթոդաբանությունը, որ մենք ընտրել ենք՝ այսպիսին է՝ ներկայացնել այն ամենը, ինչ կա, խոսել փաստերով։ Տիգրանակերտից գտել ենք մոտ 20 հայերեն արձանագրությւոններ․ դրանք ընդարձակ տեքստեր են, տառեր են, և այդ հայակակնությունը համադրած հելենականությանը, ամբողջացնում են Տիգրանակերտի քաղաքակրթական կերպարը։ Եվ այդ կերպարն այսօր հասանելի է լայն հանրությանը, միջազգային ուսումնասիրողներին։ Վերագործարկում ենք շատ ընդարձակ կայք Տիգրանակերտի համար»:

Մեկ երկու ամիս անց Տիգրանկերտի եռալեզու կայքն արդեն պատրաստ կլինի։ Ինչպես Տիգրանակերտի, այնպես էլ Արցախի մյուս պատմամշակութային հուշարձանների մասին ճշգրիտ համապարփակ ակադեմիական տեղեկությունների հավաքագրումն ու ներկայացումը Համլետ Պետրոսյանի ու իր թիմի  առաջնահերթ խնդիրներից է։ Այդ ուղղությամբ նրանք հսկայական աշխատանք են տանում, և դրանցից մեկը «Մոնումենտ վոչ» հարթակն է, որն Արցախի պատմամշակութային ժառանգության ամենամանրամասն ու ամենընդարձակ հարթակն է, և բազմաթիվ մշակութապահպան միջազգային կազմակերպությունների ու մասնագետների համար տեղեկատվության վստահելի աղբյուրը։

Կարդացեք նաև

Back to top button