
2021-ին ԵՄ ֆինանսավորմամբ մեկնարկած «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագիրը խոստանում էր նորարարական բարեփոխումներ հանրապետության 2-րդ և 3-րդ քաղաքների աղբահանության ու տրանսպորտի կառավարման ոլորտներում: Գյումրիում և Վանաձորում ծրագիրը մոտենում է ավարտին, բայց վանաձորցիների աչքին քաղաքը նույնն է՝ անկանոն աղբհանությամբ ու տրանսպորտային հնամաշ պարկով:
Ծրագրի պատասխանատուները հաշվետու ասուլիսին հավաստել են, որ մինչև ծրագրի ավարտը՝ 2024 թվականի մայիս, քաղաքացիները ծրագրի արդյուքներն ավելի շոշափելի կզգան. Վանաձորում և Գյումրիում կշահագործվեն առաջին էլեկտրական ավտոբուսները:
Եվրամիության՝ 4 միլիոն եվրոյից ավելի միջոցներով Վանաձորն ու Գյումրին կունենան էլեկտրական ավտոբուսներ։ Դրանք, ինչպես վստահեցնում են ծրագրի պատասխանատուները, առաջինը կլինեն Հայաստանում: 5-ական ավտոբուսներ կհատկացվեն Գյումրուն ու Վանաձորին։ Գնումներն ու մրցույթներն արվել են: Ամենաուշը հուլիսին դրանք տեղ կհասնեն՝ ասում է ԵՄ «Դաշինք հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի ղեկավարը։
Նատալյա Լափաուրի․ «Փորձում ենք համայնքներին ցույց տալ այն լրացուցիչ դրական գործողությունները, որ համայնքային տրանսպորտը կարող է ունենալ բնապահպանական առումով: 5 ավտոբուսները մաքուր էլեկտրական են, հիբրիդ չեն»:

Ծրագրի պատասխանատուների խոսքով՝ սա չի կարող լուծել ուղևորափոխադրումների ողջ ծավալը: Նպատակն է խրախուսել էկոլոգիապես անվտանգ տրանսպորտի շահագործման նոր մշակույթը խոշոր համայնքներում: Եթե Գյումրիում տրանսպորտային ցանցը համայնքային է, Վանաձորում ներքաղաքային ուղևորափոխադրումները դեռևս գծատերերի սպասարկման ու բարի կամքի տիրույթում են՝անկանոն ու մաշված ավտոպարկով: Վանաձորի համայնքապետարանի արտաքին կապերի, զարգացման ծրագրերի և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Լիլյա Դավթյանն ասում է՝ նոր տրանսպորտը հիմնականում կսպասարկի քաղաքի կենտրոնական հատվածները, արդեն պատրաստ է միասնական տոմսավավերացման կայքը։
Լիլյա Դավթյան․ «Նախնական գծված են այն ուղիները, որով պետք է ավտոբուսները շարժվեն, հայտնի է, թե որտեղ են տեղադրվելու լիցքավորման կայանները: Տոմսավավերացման համակարգը շատ ակտիվ աշխատում է: Ունենալու ենք 2 քաղաքների համար 1 կայք: Մոտ օրերս կհրապարակենք կայքի անունը և կփորձարկենք այն: Տոմսավավերացման համակարգը, ցավոք, Վանաձորում 1 տարի ուշ կլինի՝ 2025-ին, որովհետև Գյումրիում տրամսպորտային համակարգը համայնքային է, իսկ մեր մոտ՝ոչ: Մեր ավտոբուսների քանակը չի հերիքում մեզ և մյուս տարվանից մենք կունենանք համայնքային ՀՈԱԿ, որում և հնարավոր կլինի իրականացնել մեր ծրագրերը»:
Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանը, որ ևս հրավիրված էր ասուլիսին, ընդամենը 7 րոպե «պատվեց» ասուլիսն իր ներկայությամբ ու լքեց այն՝ առանց մեկնաբանության ու լրագրողների հարցերին պատասխանելու: 4 տարի Վանաձոր ու Գյումրի քաղաքներում ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագիրը միտված է աղբահանության և տրանսպորտի համակարգի բարելավմանն ու թափոնների ավելի արդյունավետ կառավարմանը: Ծրագրի ավարտական տարում, սակայն, շոշափելի ու տեսանելի արդյունքներ Վանաձորում դեռևս նկատելի չեն՝ պլաստիկե նոր աղբամաններից բացի, որոնք, սակայն, մասամբ են տեղադրվել: Ծրագրի պատասխանատուները շտապում են պարզաբանել՝ ծրագիրն ավելի շատ ռազմավարություններ մշակելուն էր ուղղված, քան վերոհիշյալ խնդիրների լուծմանը, ամենակարևորը՝ վերանայվել են համայնքների 5-ամյա զարգացման ծրագրերը, որոշ փոփոխություններ արվել նաև տրանսպորտի և թափոնների կառավարման ոլորտներում:
Ծրագրի մեկնարկը Վանաձորում տրվեց նախկին համայնքային իշխանությունների օրոք, որոնք ծրագրային մի շարք գործողություններ անգամ նախընտրական թեզեր դարձրին: «2021-ի Վանաձորի հետընտրական զարգացումներն ու խորացող ՏԻՄ ճգնաժամը որքանո՞վ խոչընդոտեցին ծրագրի իրականացմանը»՝ «Ռադիոլուր»-ի հարցին արձագանքելով՝ ծրագրի ղեկավարն ասում է՝ ժամկետներից հիմնականում չեն շեղվել, թեև Վանաձորում ստեղծված իրավիճակն ու ավագանու անգործությունը չնախատեսված ֆորսմաժոր էր։
Նատալյա Լափաուրի․ «Այո, հետընտրական իրավիճակով պայմանավորված, երբ չկար համայնքի ղեկավար, գնումների մասով մի փոքր հետաձգումներ եղան, բայց դրանից ծրագրի տրամաբանությունը չի խարխլվել: Մենք այդ ընթացքում հիմնականում պատրաստել ենք ռազմավարություններ»:
Արդյո՞ք նոր ավտոբուսների շահագործումից հետո, մասնավոր փոխադրողների հետ պայմանագրերը կխզվեն: Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնակատար Հայկ Վիրաբյանը դժվարանում է նշել՝ ինչքան են դրանք երկարացվել: Մասնավոր փոխադրողներն, ասում է, կաշխատեն նոր ավտոբուսներին զուգահեռ:
Հայկ Վիրաբյան․ «Էս պահին չեմ կարող ասել, որ սխալ չլինի, կարող եմ միայն ասել, որ էդ պայմանագիրը դեռ գործում է: Պետք է անկեղծ ասել, որ էս 5 ավտոբուսը չի կարող ամբողջ Վանաձորի խնդիրները լուծել: Երբ ստանանք այդ 5 ավտոբուսը, ինչ որ մի բաղադրիչ կփոխարինենք, բայց չենք կարող միանգամից մասնավորին հանել ու ողջ քաղաքի խնդիրը լուծել»:
«Դաշինք՝հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրով առաջիկայում Վանաձորը կունենա նաև ավլող մեքենա, աղբահավաք մեքենաները լվացող սարք, ինչպես նաև պլաստիկի վերամշակման հոսքագիծ: Ծրագրից ակնկալվող արդյունքները թվարկելով ծրագրի ղեկավար Նատալյա Լափաուրին հուսադրում է՝ մինչև ծրագրի ավարտը փոփոխություններ Վանաձորում հաստատ տեսանելի կլինեն: Ամենակարևորը՝ 2 քաղաքները կունենան GIS աշխարհագրական-տեղեկատվական համակարգեր՝ գլխավոր հատակագծերի, Գուգլ քարտեզի և կադաստրային քարտեզների համադրմամբ, որոնք թույլ կտան ավելի կառավարելի դարձնել քաղաքաշինական և հողօգտագործման ոլորտները:








