
Հունվարի 17-ին հայկական կողմի նախաձեռնությամբ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխաիլ Գալուզինն ընդունել է ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանին։
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:
Դեսպան Հարությունյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումները` մտահոգություն հայտնելով պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունների վերաբերյալ:
Դեսպանն ընդգծել է ՀՀ դիրքորոշման հիմքում դրված հիմնարար սկզբունքները՝ տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ԽՍՀՄ ամենավերջին քարտեզների հիման վրա սահմանազատման գործընթացի ապահովման և ինքնիշխանության ու իրավազորության ներքո, հավասարության, փոխադարձության սկզբունքներով տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման վերաբերյալ:




