
Խորհրդարանը, չնայած լուրջ տարաձայնություններին, այսօր որոշեց, որ 27 տարին լրացած և բանակից խուսափած անձանց կարող է քրեական պատասխանատվությունից բացի այլ բան առաջարկել։ Պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը օրենքի ուժ ստացավ 61 կողմ, 27 դեմ և 6 ձեռնպահ ձայներով:
Այսպիսով, զինծառայությունից խուսափած 27-37 տարեկան քաղաքացիները 5 տարվա ազատազրկման փոխարեն կարող են կա՛մ ծառայել բանակում` երկու տարվա փոխարեն 2,5 տարի, կա՛մ ազատվել ծառայությունից 15 միլիոն դրամի դիմաց։ Ընդ որում՝ հայրենիքի առաջ չմարած պարտքի ժամկետները կարելի է կրճատել՝ ավելացնելով գումարի չափը․ 15 ամիս ծառայություն և 2 միլիոն դրամ, 7 ամիս 15 օր և 5 միլիոն դրամ, 1 ամիս և 8 միլիոն դրամ։ Նախագծի հեղինակն ասում է՝ երկար քննակված նախագծի մասին հնչած առաջարկների մեծ մասն ընդունվել է ամբողջությամբ, որոշները՝ վերապահումներով․
«Առաջին ընթերցմամբ առաջարկել էի, որ մեկ ամիս ժամկետով ծառայողները վճարեն 10 միլիոն դրամ։ Հաշվի առնելով նաև օրենքի հավանական շահառուների դիմումները, խնդրանքները՝ առաջակ եմ ներկայացրել գումարը իջեցնել՝ սահմանելով 8 միլիոն, իսկ մնացած կարգավորումները պահպանվել են։ Ես հակված չեմ եղել այն տարբերակին, որ օրենքից կարող են օգտվել օրենքի ընդունման պահին 27 տարին լրացած քաղաքացիները, ինչը կարծում եմ խնդրահարույց է լինելու և առաջիկայում»։
Պատգամավորները նախագիծն էլ չեն քննարկում։ Հունվարի 10-ին նրանք համապատասխան հանձնաժողովում ժամեր տևած քննարկում են ունեցել՝ ներկայացնելով բոլոր վերապահումները։ Այսպես, օրինակ, Հովիկ Աղազարյանը անհամաձայնություն ուներ «օրենքի ոգու հետ»․
«Եթե ձեր նախագիծն ընդունվի, մենք յուրաքանչյուր մեկ վերադարձողի հաշվով ունենալու ենք 100 գնացող»։
Երկրորդ ընթերցմամբ օրենքի ընդունումից առաջ Աղազարյանը վերահաստատում է անհամաձայնությունը՝ ավելի խիստ տոնայնությամբ։
«Բոլոր դեպքերում անհամաձանություն ունեմ, անհամաձայնություններից մեկն այն է, որ օրենքը նախագիծը համապարփակ չէ։ Բոլորս էլ գիտենք, որ կոռուպցիոն որոշալկի սխեմաներ կան, որոնց արդյունքներ քաղաքացիներ ազատվում են ծառայությունից, մենք էս նախագծով բարոյական լեգիտիմություն ենք տալիս այն մարդկանց, որոնք ընդգրկված են էս կոռուպցիոն սխեմայի մեջ»։
Աղազարյանից անմիջապես հետո ելույթ ունեցող Թադևոս Ավետիսյանը ևս հավանաբար թունդ քննադառություն ուներ մտքում, բայց հնչած կարծիքից հետո նոր ասելիք գտնելը դժվար համարեց։
«Պարոն Աղազարյանը նենց ծանր մեղադրանք ներկայացրեց նախագծին, կարծում եմ՝ սրանից ավելի ծանր մեղադրանք դժվար կլինի ներկայացնել։ Երբ մենք օրենքով հանրությանը տալիս ենք լեգիտիմ ակնկալիք, որ փողով կարելի է սեփական հայրենիքի նկատմամբ ծառայությունը գնել, դա խնդիր է։ Գուցե խնդիր չլիներ Շվեյցարիայի համար, որը շրջապատված է բարեկամ երկրներով, բայց խնդիր է ՀՀ-ի համար։ Ամեն դեպքում սառը դատեք և ձեռնպահ մնացեք նման փոփոխություններից»։
Հանձնաժողովի քննարկման ընթացքում քննադատական խոսքով հանդես գալ հասցրել էին թե օրենսդրի, թե գործադիրի ներկայացուցիչները, այդ թվում՝ իշխող քաղաքական ուժից։
«Հայկն իմ լավ ընկերն է, երբեք կոնֆլիկտ չեմ ունեցել, չեմ էլ կարող ունենալ, բայց «Պլատոնն իմ ընկերն է, բայց ճշմարտությունն ավելի թանկ է»։ Ես զգում եմ, որ խնդիր կա, ես ներքուստ անհաշտ եմ, ես հասկանում եմ, որ սա դասալքության խնդիրներ կարա առաջացի»։
Այնուամենայնիվ, ձայների մեծամասնությունը նախագիծն օրենքի ուժ ստացավ՝ նույնիսկ կառավարության մասնակի անհամաձայնության դեպքում։ Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը այդպես էլ չկարողացավ միանշանակ պատասխան կորզել ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանից՝ կառավարությունն ուզո՞ւմ է, որ օրենքն ընդունվի, թե՞ ոչ։ Լսենք Արման Սարգսյանին․
«Հարկ եմ համարում ևս մեկ անգամ ընդգծել կառավարության դիրքորոշումը՝ ըստ որի խնդրում ենք պարոն Սարգսյանին ընդունել նաև հետևյալ առաջարկը որը վերաբերու է այն անձնաց, որոնց 27 տարին լրացած է, խնդրում ենք ձեռնպահ մնալ 27 տարին լրացած և ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած անձանց նկատմամբ մեկ տարի ժամկետով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու կամ դրա փոխարեն 2.5 միլիոն դրամ պետական բյուջե վճարելու պարտականության սահմանումից»։
Սա, ՊՆ փոխնախարարի խոսքով, չի բխում պետության՝ քաղաքացիության շնորհման գործընթացին վերաբերող քաղաքականությունից։ Մարդը, որը երբեք չի եղել ՀՀ քաղաքացի և ցանկանում է ձեռք բերել հայկական կապույտ անձնագիր, ստիպված կլինի կամ ծառայել հայոց բանակում, կամ վճարել 2.5 միլիոն դրամ, կամ հրաժարվել քաղաքացիություն ձեռք բերելու մտքից։
Օրենքն, այնուամենայնիվ, ընդունվում է այժմ ներկայացված տեսքով՝ անհամաձայնություններին հետագայում վերադառնալու կանխատրամադրվածությամբ։




