
Ֆրանսիայի Սենատում հունվարի 17-ին նախատեսվում է քննարկել մի բանաձևի նախագիծը, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ ու Բաքվից պահանջել Արցախ հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիք։ Բանաձևով վերահաստատվում է Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը և կոչ է արվում անհապաղ դուրս բերել ադրբեջանական ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից։ Փորձագետների կարծիքները Բաքվի դեմ պտժամիջոցներ կիրառելու հարցում խիստ տարբերվում են։
Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի դեմ պատժամիջոցների կիրառումն անխուսափելի է, թե՞ քիչ հավանական․ այս հարցում փորձագիտական կարծիքները տարբերվում են, եթե մի դեպքում անհրաժեշտ է համարվում պատժամիջոցների կիրառումը, հաշվի առնելով Բաքվի հակաֆրանսիական գործելաոճը, որը խիստ սրվել է վերջին շրջանում, ապա մյուս դեպքում նշվում, որ կտեսնենք Ֆրանսիա-Ադրբեջան հարաբերությունների վատթարացում, բայց ոչ ավելին։
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում քիչ հավանական է համարում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու միջոցով ինչ-ինչ քայլերի հասնելու հավանականությունը։
«Հայաստանի և Ֆրանսիայի Պն-ների միջև կա որոշակի պայմանավորվածություններ, համաձայն որի Ֆրանսիային տվել է որոշակի համաձայնություն առ այն, որ ՀՀ տարածքային ամբողջականության խախտման բացահայտ դեպքերի ժամանակ Ֆրանսիան իր ռազմական աջակցությունը կցուցաբերի, ինչպես նաև ռազմական տեխնիկայի ու սպառազինության մատակարարում կապահովի ՀՀ-ում, որպես անվտանգություն ապահովող պետություն, բայց ես խիստ կասկածում եմ, որ Ֆրանսիան ռազմաքաղաքական համագործակցությունը կհասցնի այն մակարդակին, որ իր վրա կվերցնի ամբողջ ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն և ռազմական սադրանք։ Չեմ կարծում թե ի վիճակի կլինի ստիպել Ադրբեջանին, առավել ևս պատժամիջոցներ կիրառելով, որպեսզի Ադրբեջանը թույլ տա հայերին վերադառնալ Արցախ, իրենց սեփականության գույքի վերկանգնման իրավունքներով հանդերձ, խիստ կասկածում եմ»։
Ֆրանսիայի Սենատի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Սենատում քննարկվող բանաձևի նախագծով դատապարտվում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ռազմական հարձակումը, ագրեսիան ու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության ոտնահարման փորձերը և ըստ այդմ պահանջվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառել և Արցախի հայ բնակչության վերադարձի իրավունքի երաշխիքներ սահմանել։ Նախագծում հստակ վերահաստատվում է Հայաստանի տարածքային ամբողջականության անձեռնմխելիությունը և կոչ է արվում անհապաղ դուրս բերել ադրբեջանական ուժերը Հայաստանի տարածքից։
Քաղագետ Արա Պողոսյանի համար հարցական է, թե որքանով կկարողանա Ֆրանսիան ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանել, սակայն իրատեսական է Փարիզի կողմից Բաքվի դեմ սանկցիաների կիրառումը։
«Ադրբեջանը փորձում է հակաֆրանսիական տրամադրություններ ստեղծել, Ադրբեջանի տարածքը դարձնել հակաֆրանսիականության որջ, ինչը չէր կարող վրիպել Փարիզի աչքից և հավանական եմ համարում, որ առաջիկայում Ֆրանսիան հակաադրբեջանական քայլեր կձեռնարկի, միաժամանակ իրատեսական եմ համարում պատժամիջոցների կիրառումը, որովհետև Ֆրանսիայի նկատմամբ Ադրբեջանի այսպիսի վարքագիծը չէր կարող արձագանք չառաջացնել և ՀՀ այս պարագայում Ֆրանսիայի համար հարմար պատրվակ է պատասխանելու Ադրբեջանի թշնամական գործողություններին»։
Վերջին օրերին ֆրանսիական Le Figaro-ն հոդված էր հրապարակել , որում նշվում էր, որ «Բաքուն վհուկների որս է սկսել Ֆրանսիայի դեմ»։ Հոդվածում հիշեցվում էր Ադրբեջանում լրտեսության անհիմն կասկածով ֆրանսիացի գործարար Մարտին Ռայանի կալանքի մասին։ Նշվում էր նաև, որ ավտոկրատ Իլիամ Ալիևի գլխավորությամբ այդ երկիրը մեծացնում է իր տեղեկատվական մանիպուլյացիաները, որպեսզի վարկաբեկի Փարիզի հեղինակությունը, քանի որ Ֆրանսիան աջակցում է հայերին, ինչն անընդունելի է Ադրբեջանի համար։
Ի պատասխան՝ Բաքուն Փարիզին մեղադրել էր Ադրբեջանի ներքին գործերին խառնվելու համար և կոչ արել դադարեցնել այդ քայլերը։ Հոդվածին արձագանքել էր նաև Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանը։
Միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը ֆրանս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացում է կանխատեսում՝
«Հստակ կարող ենք արձանագրել, որ Ֆրանսիայի ու Ադրբեջանի միջև հարաբերությունները վատ ընթացք ունեցող հարաբերություններ են դիվանագիտական, միջպետական հարաբերությունների տեսակետից, և այն, ինչ հայանպաստ դիրքորոշում է դիտարկվում, Ադրբեջանի կողմից սրերով է ընդունվում։ Կարծում եմ, որ եթե նման բանաձև Սենատի կողմից ընդունվի, ապա դա Ադրբեջանի կողմից դիտարկվելու է պրոհայկական բացահայտ դիրքորոշում»։
Միջազգայնագետի դիտարկմամբ չի բացառվում, որ ականատես լինենք Ֆրանս-ադրբեջանական հրաբերությունների՝ եթե ոչ խզման, ապա դիվանագիտական հարաբերությունների ժամանակավոր սառեցման։




