
Երևանի օղակաձև այգու 4-րդ հատվածում գտնվող թենիսի կորտերը ոչ թե կքանդվեն, այլ կտեղափողվեն․ մեկ շաբաթ շարունակվող քննարկումներին ու անհանգստություններին ի պատասխան՝ այսօր հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանն ու խոստացել՝ թենիսի սիրահարները մարզվելու համար ավելի մեծ ու հարմարավետ տարածք կունենան։ «Արարատ» ակումբում մարզվելու ավելի մեծ հնարավորություններին դեմ չեն, բայց տարակուսում են՝ ինչպես է քաղաքային իշխանությունը նման կարևոր որոշում կայացրել առանց իրենց կարծիքը հաշվի առնելու։ Քաղաքապետարանում վստահեցնում են՝ դիրքորոշումը վերջնական է, հանրային տարածքները պետք է վերադարձվեն երևանցիներին միայն ու միայն կանաչ գոտու տեսքով։
«Արարատ» թենիսի ակումբի տնօրենն այս անգամ անձամբ է հետևել քաղաքապետարանի գործակարգավարական նիստին․ լսել, թե առանց իրենց ինչ է որոշվում թենիսի կորտերի վերաբերյալ։ Աղմկահարույց մտադրությունը, թե Օղակաձև այգու 4-րդ հատվածը պետք է բարեկարգվի, արդեն մեկ շաբաթ քննարկվում է։ Թենիսի ակումբի տնօրեն Էդուարդ Սամամյանն ասում է՝ այս ընթացքում անորոշությունը չի վերացել, իրենց հարցերն ու անհանգստությունն էլ անպատասխան են մնացել։
«Այսօր առավոտից զանգահարում են, բոլորը լսել են այսօրվա քաղաքապետի խոսքը ու ուզում են հասկանալ, թե արդյունքում ինչ է լինելու։ Ես բոլորին ասում եմ, որ ոչինչ, ինչ վիճակում որ նախորդ շաբաթ էինք, հիմա էլ նույն ելման կետում ենք։ Որևէ առաջարկ մեզ չի եղել, որևէ քննարկում մեր հետ չի եղել, հասարակությունն էլ պատասխաններ ինձանից է ակնկալում լսել»,– ասում է Սանամյանը։
Մեկ շաբաթ շարունակված քննարկումներն ու դժգոհությունները նաև Տիգրան Ավինյանին են հասել, ասում է՝ թենիսի սիրահարներն անձամբ իրեն են դիմել։ Քաղաքապետն անկեղծանում է՝ զարմացած է, որ Երևանում թենիսի հանդեպ նման մեծ հետաքրքրություն կա։ Ի պատասխան քննադատություններին՝ Ավինյանն արձանագրում է՝ երևանցիները նախագծի բուն նպատակը սխալ են հասկացել։
«Ես ցանկանում եմ նշել, որ այն ծրագիրը, որը ներկայացվող, թենիսի ակումբի քանդման ծրագիր չէ։ Երևանի Օղակաձև այգին, փոքր կենտրոնի կարելի է ասել միակ երևելի կանաչ տարածքն է, հետևապես Օղակաձև այգու փուլային վերակառուցումը՝ որպես կանաչ տարածք, մեզ համար գերակայություն է և առաջնահերթություն»։
Վերակառուցման ծրագիրն առաջին հերթին վերաբերում է Օղակաձև այգում գործող տարաբնույթ ռեստորաններին, սրճարաններին ու տաղավարներին։ Դրանք քանդվելու են, տարածքը կանաչ գոտու տեսքով վերադարձվելու է հանրությանը։ Իսկ թենիսի կորտերը կվերակառուցվեն, սակայն Ավինյանի կարծիքով, բոլորովին պարտադիր չէ, որ դրանք քաղաքի կենտրոնում լինեն։
«Ես մինչև 2002թ․ «Արարատ» ակումբում պարապել եմ, դա իմ ամենասիրելի վայրերից մեկն է Երևան քաղաքում, բայց այստեղ հարցն արդեն ոչ միայն մեր անձնական նախասիրությունների մասին է, այլ՝ ընդհանուր հանրային շահի։ «Արարատ» ակումբին անպայմանորեն տրամադրվելու է համապատասխան տարածք վերակառուցելու համար, և այդ ակումբը անպայմանորեն շարունակելու է գործել։ Մենք դա ապահովելու ենք և անպայման պետք է ապահովենք, որ այդ ծրագիրն արվի՝ նախքան կորտերի տեղափոխումը։ Պետք է հասանելի մեկ այլ տեղում, ավելի հարմար տեղում ունենանք ակումբը և հետո միայն անցնենք քանդման աշխատանքներին»,– ասում է Տիգրան Ավինյանը։
Թենիսի սիրահարները, սակայն, չեն պատրաստվում տեղափոխվել։ «Արարատ» ակումբի տնօրենը զարմանում է՝ ինչու որևէ մեկին իրենց կարծիքը հետաքրքիր չէ, ինչու իրենց հետ քննարկում չի եղել, ի վերջո իրենք էլ Օղակաձև այգու մի մասն են։
«Ո՞ւր տեղափոխվել․․․ Ախր, այստեղ միայն ակումբի կարծիքը չէ, թենիսի հասարակության կարծիքն էլ է կարևոր, և շատերն ասում են, որ պետք է չնահանջենք ու պահանջենք, որ ակումբը մնա իր տեղում»։
Քաղաքապետարանում մինչդեռ վճռական են տրամադրված․ հանրային տարածքները պետք է վերադարձվեն հանրությանը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը նաև հանձնարարական է տալիս․ շինբարեկարգման վարչությունը կզբաղվի Երևանում նոր, ավելի մեծ թենիսի կորտեր կառուցելու հարցով։

«Ակումբը լինելու է, մեկ այլ վայրում անպայման գործելու է ավելի լավ պայմաններում»։
Ուշագրավ է, որ Օղակաձև այգում լինել–չլինելու հարցի վերաբերյալ վերջնական որոշում չունի այգու ներդրումային ծրագրի հեղինակ Green Rock Management Group ընկերությունը։ Ընկերությունից նախորդ շաբաթ «Ռադիոլուրին» հայտնել էին, որ նախագիծն առայժմ վերջնական չէ, ու թենիսի կորտերի հարցը դեռևս քննարկվում է։ Քաղաքապետարանն էլ այժմ այս տարածքը հանրային գերակա շահ ճանաչելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծ է պատրաստում։ Տարածքը հանրային ճանաչելուց հետո այն կտրամադրվի թենիսի կորտերի հարցում առայժմ չկողմնորոշված ընկերությանը։







