ԿարևորՔաղաքական

Բանակցությունները չեն նվազեցրել պատերազմի վտանգը․ նոր առաջարկ Հայաստանից Ադրբեջանին

Դանդաղած բանակցությունների ֆոնին Հայաստանում շարունակում են քննարկել «Խաղաղության պայմանագրի» հնարավոր բովանդակությունը, բայց նվազել են փաստաթղթի արագ ստորագրման մասին կանխատեսումները։ Փոխարենը՝ հռետորաբանությունը նորից կոշտացել է նախընտրական Ադրբեջանում։ Այդ երկրի նախագահի վերջին հայտարարությունները, Հայաստանի վարչապետի գնահատմամբ,  լրջագույն հարված են խաղաղության գործընթացին:

Հայկական կողմը չի բացառում Բաքվի  նոր սադրանքները, բայց նաև առաջարկներ է ներկայացնում։  Խորհրդարանական ընդդիմությունը համոզված է՝ առաջարկները Բաքվի ախորժակը չեն նվազեցնելու, իսկ խաղաղության պայմանագիրը խաղաղություն չի բերելու, ԱԺ մեծամասնությունը չի կարծում, թե հայ-ադրբեջանական բանակցությունները կտրուկ հետընթաց են գրանցել։

Վերջին 10 օրերին Երևանից և Բաքվից հնչող հայտարարությունները խաղաղության օրակարգին առնչվող նոր բացահայտումներ են անում։ Ընդ որում՝ ակնհայտ է, որ բանակցային գործընթացն օրերի ընթացքում փոխվել է և այժմ չի զարգանում այնպես, ինչպես 2023-ի տարեվերջին ։ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, հրապարակային հայտարարությունները վերլուծելով, ենթադրում է, թե ինչն է դուրս մնում փաստաթղթից․

«Վերջին մեկ ամսվա ընթացքում պարզ դարձավ, որ ընդհանուր փաստաթղթից փորձում են դուրս բերել սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի հետ կապված գործընթացը, ինչպես նաև ռեգիոնալ ապաշրջափակմանը վերաբերող դրույթը։ Սա ըստ էության, Հայաստան-Ադրբեջան բանակցությունների ամենաառանցքային երկու դրույթներն են, որոնք քննարկվում են երեք տարվա ընթացքում։ Երրորդը եղել է Արցախի հետ կապված հարցը։ Ստացվում է, որ միգուցե, ինչ-որ փուլում լինի փաստաթուղթ Հայաստանի և Ադրբեջանի միջև, մարդկանց մոտ տպավորություն ստեղծվի, որ Հայաստանում գնում է վերջապես խաղաղության կամ տարածաշրջանում խաղաղություն և կայություն է հաստատվում, բայց եթե այդ կարևորագույն երկու դրույթները դուրս են մնում այդ փաստաթղթից, նշանակում է, որ եղած սպառնալիքները որևէ ձևով չեն փակվում»։   

Միտքը շարունակում է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ խաղաղության օրակարգը գնահատելով խաբկանք ՀՀ համար։  

«Ես այսօր չէի ուզենա մեր ժողովրդին վախեցնել, բայց մենք այնպիսի իրավիճակում ենք, որ մշտապես պատրաստ պետք է լինենք մեր երկրի պաշտպանությանը։ Այնտեղ, որտեղ ավարտվում են բանակցությունները, ակնհայտ է, այնտեղ սկսվում են պատերազմական գործողությունները։ Դրա համար մենք մեր երկրի անվտանգության ապահովման խնդիրներում երկու առաջնահերթություն պետք է տեսնենք։ Առաջինը ազգային երաշխիքների ձևավորումը, դա բանակն է, դա մեր համախմբվածությունն է, դա ժամանակին մեր սահմանների պաշտպանությունը ամրապնդելն է։ Այսօր որոշ չափով աշխատանքներ այդ ուղղությամբ իրականացվում է, բայց ուշացած։ Եթե ուշացած չլիներ, մենք այսօր վստահ կլինեինք, որ մենք կարող ենք հակառակորդին դիմադրել։ Եվ իհարկե, նաև միջազգային երաշխիքների ձևավորումն է»։

Դանդաղած բանակցություններին զուգահեռ, նախընտրական Ադրբեջանում նորից շրջանառության մեջ դրված «Զանգեզուրի միջանցքի» խոսույթին այժմ ավելացել են նաև սպառնալիքները։ Իլհամ Ալիևի հայտարարությանըն ի պատասխան, թե Ադրբեջանի արևելյան շրջանները Հայաստանի տարածքով Նախիջևանին կապող ճանապարհը պետք է գործի առանց մաքսային և անձնագրային վերահսկողության, Հայաստանի իշխանական խմբակցությունից պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարում է․

«Մենք պարբերաբար քննարկումներ ենք ունենում թե՛ խաղաղության օրակարգի, թե՛ այդ օրակարգին ձգտելու ընթացքի մասին և ՀՀ-ն ոչ մի դեպքում չի կարող զիջել իր սուվերենությունը, ՀՀ-ն ոչ մի դեպքում չի կարող զիջել իր ինքնիշխանությունը և ՀՀ-ն արել և անում է ամեն ինչ, որպեսզի պահպանելով և՛ սուվերենությունը, և՛ ինքնիշխանությունը ունենա բաց սահմաններ։ Խաղաղության օրակարգը դա այն օրակարգն է, որը պահանջում է Հայաստանի պետական շահը։ Եվ մեր ցանկությունն է ՀՀ 29.800 քմ տարածքը անվտանգ դարձնելն է։ Այս ճանապարհը բավականին բարդ է, կնճռոտ է, միգուցե, նաև կարող է ցավոտ լինել բայց մենք պետք է այս քայլերը տրամաբանորեն հասցնենք իրենց հանգրվանին»։

Ադրբեջանին արդեն ուղարկված կամ դեռ ուղարկվող հնարավոր առաջարկներից մեկը երկու օր առաջ Գավառում կուսակիցների հետ հանդիպման ժամանակ գաղտնազերծեց հենց վարչապետը։

«Եկեք սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերեն և պայմանավորվածությունների կատարման, մեկը մյուսին վերահսկելու հնարավորություն ունենան։ Սա, իհարկե, նոր բան է։ Բայց, կարծում եմ, եթե մենք անկեղծ ուզում ենք գնալ խաղաղության այս բոլոր հարցերը կարելի է հասցեագրել»։

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների համար վարչապետի առաջարկը տրամաբանական չէ։

Տիգրան Աբրահամյան․ «Այդ առաջարկը շաը հեղհեղուկ է, շատ բան կախված է, թե դու իրականության մեջ դրա տակ ինչ ես հասկանում։ Կան միջազգային ռեեստրներ, օրինակ,  ՄԱԿ-ի ռեեստրը, որ ցանկացած պետություն ներկայացնում է իր հնարավոր մատակարարումները։ Իհարկե, տարիները ցույց են տվել, որ կոնկրետ Ադրբեջանը, բայց դա միայն Ադրբեջանին չի վերաբերվում, համապատասխան թվերը պատշաճ չեն ներկայացրել։ Այսինքն, դա մի առաջարկ է, որով Հայաստանի իշխանությունը, միգուցե փորձում է ցույց տալ իր կառուցողական կեցվածքը»։

Սեյրան Օհանյան․ «Սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ գոյություն ունեն աշխարհում և դրանից դուրս վերահսկողության այլ մեխանիզմներ պետք չէ ընտրել։ Սա մեկ և երկրորդը․ յուրաքանչյուր ինքնիշխան պետություն ինքն է որոշում, թե ինչպիսի բանակ ունենա»։  

Խաղաղության պայմանագրի առնչությամբ տարածվող կասկածները փարատելու համար Աժ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահեցնում է՝ պայմանագրում չկան առանձին կետեր կոնկրետ կողմի համար․

«Ամբողջ պայմանագիրը և ամբողջ թեզերը, որ կան, դրանք վերաբերում են երկու կողմին։ Չկա թեզ, չկա մի բան պայմանագրի մեջ, որ վերաբերում է մի կողմին։ Օրինակ, մենակ Ադրբեջանը պետք է այսպիսի քայլ անի կամ մենակ Հայաստանը պետք է այսպիսի քայլ անի։ Այսինքն՝ եթե ինչ-որ տեղ ինչ-որ մեկը պետք է զորքը հետ քաշի, Ադրբեջանը և Հայաստանի միևնույն ժամանակ են դա անում։ Ուստի այդ խոսակցությունը դնում ենք մի կողմ։ «Զանգեզուրի միջանցքի» մասին կետ ընդհանրապես չկա ու չի կարող լինել։ Մենք ասել ենք, որ այո, հասկանում ենք, որ Ադրբեջանը իր երկրի մի մասից մյուս մասը ճանապարհ է, ուզում, ասել ենք որ պատրաստ ենք բացել բոլոր ճանապարհները իրենց համար, ասել ենք, որ միգուցե հնարավոր է ինչ-որ թեթևացված գործընթաց լինի, որպեսզի իրենք կարողանան տեղափոխվել, բայց կոնկրետ ինչ-որ արտատարածքային և այլն, նման բան չկա»։

ԱԺ նախագահը չի բացառում, որ ինչ-որ պահի հնարավոր կլինի նաև ուղիղ՝ երկկողմ բանակցություններ վարել։ Ասում է՝ նման դրական օրինակ կա և բերում է 32 գերիներին վերադարձնելու փաստը։ Սիմոնյանը միաժամանակ հավելում է, որ առանց միջնորդների  երկկողմ բանակցությունները չեն բացառում մյուս ձևաչափերը։ Մինչդեռ մինչև վերջերս թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը և թե՛ վերլուծաբանները կարևորում էին միջնորդների և պայմանավորվածություններում միջազգային երաշխիքների կարևորությունը։

Կարդացեք նաև

Back to top button