
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Դանիայի թագավորին՝ գահ բարձրանալու կապակցությամբ։
«Սրտանց շնորհավորում եմ Նորին Մեծություն թագավոր Ֆրեդերիկ X-ին՝ Դանիայի Թագավորության գահին բարձրանալու կապակցությամբ։ Վստահ լինելով, որ Նորին Մեծության օրոք Դանիան կշարունակի իր հետագա առաջընթացն ու բարգավաճումը»,- ասված է նախագահի X-ի գրառման մեջ:
«Հայաստանը գնահատում է Դանիայի հետ իր ջերմ հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա։ Մաղթում եմ ամենայն հաջողություն Նորին Մեծությանը այս կարևորագույն առաքելության մեջ»,- հավելել է նա։
Դանիայի թագավոր Ֆրեդերիկ X-ը գահը ստանձնել է մոր՝ թագուհի Մարգրետե II-ի գահից հրաժարվելուց հետո։
Դանիայի թագուհին ամանորյա հեռուստաուղերձում հայտարարել է գահից հրաժարվելու իր անսպասելի որոշման մասին։ Նա Դանիայի առաջին միապետն է, որը հրաժարվում է գահից գրեթե 900 տարվա ընթացքում:
Գահի հանձնումը տեղի է ունեցել մայրաքաղաք Կոպենհագենի Քրիստիանսբորգ պալատում կաբինետի նիստում, երբ Մարգրեթը ստորագրել է գահից հրաժարվելու մասին հայտարարություն՝ թագը պաշտոնապես փոխանցելով Ֆրեդերիկին:
Դանիայում միապետը չունի իրական իշխանություն, նա չի մասնակցում ներքին քաղաքականությանը։ Քաղաքական կուրսը որոշում է կառավարությունը, որին նշանակում է ընտրված խորհրդարանը։
Դանիայի նոր թագավորը 55 տարեկան է։




