
Հունվարի 1-ին Նոտո թերակղզում տեղի ունեցած երկրաշարժերից երկու շաբաթ անց ավելի քան 19 000 ճապոնացի շարունակում է մնալ տարհանման կենտրոններում : Իշիկավա պրեֆեկտուրայի իշխանությունների հրապարակած վերջին տվյալների համաձայն տարերային աղետի զոհ է դարձել 221 մարդ, ևս 24 մարդ համարվում է անհետ կորած։ Տուժածների թիվը հասել է 1015-ի, աղետի գոտում ամբողջությամբ ավերվել կամ մասնակի վնասվել է ավելի քան 12,4 հազար շինություն։
Ավելի քան 19 հազար բնակիչ դեռևս մնում է տարհանման առաջնային կենտրոններում, որտեղ աղետից հետո առաջին օրերին տեղավորվել էր մոտ 34 հազար մարդ։ Նման կացարաններ կան, օրինակ, մարզասրահներում։
Իշխանությունները միջոցներ են ձեռնարկում մարդկանց տարհանման երկրորդային կետեր, ներառյալ հյուրանոցներ տեղափոխելու համար: Երկրաշարժից հետո տարհանման վայրերում գերլարումների պատճառով տուժածների առողջական վիճակի վատթարացման հետ կապված արդեն 13 մահ է գրանցվել։ Նման ռիսկերը հիմնականում վերաբերում են տարեց մարդկանց:
Հունվարի 1-ից Ճապոնիայում գրանցվել է ավելի քան 1000 երկրաշարժ: Սա գերազանցում է վերջին երեքուկես տարվա ընթացքում երկրում գրանցված ցնցումների ընդհանուր թիվը։ Ամբողջ արևմտյան ափի համար ցունամիի վտանգը պահպանվել է ավելի քան 20 ժամ։ Ըստ ճապոնացի սեյսմոլոգների՝ 1885 թվականից ի վեր 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժն ամենահզորն էր այս տարածաշրջանի համար։




