
Արտակ Բարսեղյան
«Ռադիոլուր»
Ինչքանո՞վ են ազատ լրատվամիջոցները Արևելյան գործընկերության երկրներում։ Հարցի պատասխանը պարզելու նպատակով Հայաստանում, Ադրբեջանում, Վրաստանում, Մոլդովայում, Ուկրաինայում եւ Բելառուսում 2013 թվականին Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվել է ծավալուն ուսումնասիրություն՝ մշակված չափորոշիչների կիրառմամբ, նշեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։
Հետազոտության արդյունքները տպագրվել են ռուսերենով և անգլերենով, ծրագրի շրջանակներում ստեղծվել է նաև http://mediafreedomwatch.org/ վեբ-կայքը, որտեղ ներկայացված են 6 երկրների լրատվական դաշտի զարգացումները: Ըստ զեկույցի՝ մամուլի ազատության դիտանկյունից Հայաստանը զբաղեցրել է 3-րդ տեղը՝ զիջելով միայն Վրաստանին և Մոլդովային։
Հայաստանում կա ինչպես ազատ, այնպես էլ ոչ ազատ մամուլ, նշեց Նավասարդյանը: Հետազոտության թիրախում են հայտնվել հեռարձակող և համացանցային լրատվամիջոցները: Ելույթ ունենալով շնորհանդեսին՝ մեր երկրում Եվրամիության պատվիրակության քաղաքական, տնտեսական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դիրկ Լորենցը կարևորեց մամուլի և խոսքի ազատության երաշիքները։ «Դա նաև ներկայիս հայ- եվրոպական հարաբերությունների մի մասն է կազմում՝ համաձայն Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի: Վերջերս հրատարակված հաշվետվությունում մենք ներկայացրել ենք մեր խորհրդատվությունը, մասնավորապես, բազմակարծության ապահովման վերաբերյալ հեռարձակվող լրատվամիջոցներում»,- ասում է նա։




