
Միջազգային կառույցների զեկույցներն ու ընդունած փաստաթղթերը իրականության մեջ որևէ օգուտ չեն տալիս ու չեն նպաստում գետնի վրա իրավիճակ փոխելուն, բայց կարևոր են երկարաժամկետ քաղաքականության առումով՝ ասում են փորձագետները։ Զեկույցներից վերջինը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչինն է, որտեղ բարձրացվում է Արցախում էթնիկ զտումների իրականացման համար մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցը։ Բաքվում հերթական օբյեկտիվ զեկույցից հետո դարձյալ հիսթերիա է։
Այն, ինչ ասվում է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի զեկույցում, օբեկտիվ է, բայց չպետք է գերագնահատել՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում կարծիք է հայտնում քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ անդրադառնալով նախորդ տարվա հոկտեմբերի 16-23-ը Հայաստան, Ադրբեջան և հայաթափված Արցախ կատարած այցի արդյունքներով հրապարակված զեկույցին։ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն ընդգծում է ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների պաշտպանության հարցը՝ հստակ արձանագրելով, որ մեղավորները պետք է պատժվեն։
«Կատարվածից հետո Միյատովիչի կամ եվրոպական այլ կառույցի գնահատականները, ըստ էության, գետնի վրա ոչինչ չեն փոխում։ Միջազգային կառույցները, կանխազգալով կամ հասկնալով, թե Ադրբեջանը ինչ ցեղասպան կամ էթնիկ զտումների քաղաքականություն է վարելու, պետք է փորձեին կանխարգելել դաը։ Կամ գոնե դրանից հետո սանկցիաներ կիրառեին Ադրբեջանի նկատմամբ։ Եթե դա տեղի չի ունենում, ապա այս հայտարարույունները կատարված իրողություններից հետո բարոյական հարթությունից այն կողմ որևէ հետևանք ունենալ չեն կարող»։
Միյատովիչի զեկույցում, մասնավորապես, նշվում է, որ միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների և մարդու իրավունքների լուրջ խախտումների վերաբերյալ բոլոր պնդումները, որոնք հաղորդվում են հակամարտության հետ կապված, պետք է արդյունավետ և օպերատիվ կերպով հետաքննվեն, մեղավորները ենթարկվեն պատասխանատվության, և եթե նրանք մեղավոր ճանաչվեն արդար, անկախ և անկողմնակալ դատավարությունից հետո, պետք է պատժվեն։ Դա ներառում է Լաչինի միջանցքի շրջափակման, ղարաբաղահայերի զանգվածային տեղաշարժի և սեպտեմբերի 19-20-ի ռազմական գործողության հանգամանքների վերաբերյալ պնդումները՝ ասվում է զեկույցում։
Ադրբեջանական ագրեսիայի մասին հիշատակումը բավարար էր, որ Բաքվից չուշանար անհիմն հակադարձումների տարափը։
Ադրբեջանի ԱԳՆ-ին թվում է, թե Միյատովիչի զեկույցը չի արտացոլում հիմնարար իրողությունները։
Վերլուծաբանը հիշեցնում է, որ Ադրբեջանի իշխանությունները ցավագին են ընդունում իրենց հասցեին ցանկացած դիտարկում, որն արտացոլում է իրականությունը։ Նրանք անգամ հանդգնեցին Ադրբեջան այցելող ԱՄՆ պետքարտուղարության՝ Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Լուիս Բոնոյին օդանավում հասկացնել, որ չայցելի Ադրբեջան, իսկ պատճառը, Բաքվի կարծիքով, Վաշինգտոնի «անհասկանալի և միակողմանի քաղաքականությունն է»։
Սուրենյանցը ողջունում է Միյատովիչի անաչառ զեկույցը, սակայն անիրագործելի է համարում հանձնակատարի այն առաջարկը, որ բռնի տեղահանված անձանց հնարավորություն տրվի անվտանգ և արժանապատիվ կերպով Արցախ վերադառնալու։ Իսկ ո՞վ է երաշխավորելու նրանց անվտանգությունը՝ հարցնում է զրուցակիցս։
«Ես միջազգային կազմակերպությունների գնահատականները կարևորում եմ, բայց դրանց դերը չեմ գերագնահատում։ Միյատովիչը կարևորում է արցախցիների վերադարձը։ Ես էլ հարց եմ տալիս՝ հարգելի միջազգային հանրություն այդ թվում ՌԴ ձեր ո՞ր երաշխիքին էդ տասնյակ հազարավոր մարդիկ հավատան։ Ձեր ոչ մի երաշխիք չի աշխատել թե Մոսկվայի և թե ԱՄՆ ու ԵՄ սահմանած կարմիր գծերը։ Դրա համար եմ ասում, որ այդ հայտարարությունները կարևոր են, բայց եթե դրանց չեն հետևում կոնկրետ գործողություններ, քայլեր, սանկցիաներ, կամ ադրբեջանական պատվիարակության սահմանափակումներ ապա ու՞մ են պետք ձեր հայտարարությունները»։
Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը, սակայն, նմանատիպ զեկույցները կարևորում է ոչ միայն իրավական գործընթացների համար, այլև քաղաքական առումով։
«Քաղաքական փաստաթղթերում էլ, տարբեր մարմինների կողմից ձևակերպված բանաձևերում կամ իրավական փաստաթղթերում, դատական գործընթացներում, մոնիտորինգային զեկույցներում միշտ էլ նման փաստաթղթերի վրա հղում է արվում»։
Սուրենյանցը համամիտ է, որ երկարաժամկետ քաղաքականության մեջ պետք է կապիտալիզացնել այս փաստաթղթերը, բայց նաև հիշեցնում է, որ Արդարադատության միջազգային դատարանը երկու անգամ որոշում կայացրեց Լաչինի միջանցքը բացելու մասին, սակայն որոշումն իրականություն չդարձավ։ Զրուցակցիս համոզմամբ՝ միջազգային իրավունքի ճգնաժամի պայմաններում միջազգային նորմերը չեն գործում։




