ԿարևորՄշակույթՌեպորտաժներ

Ֆրենկ Սինատրայի երգերը կհնչեն «Արամ Խաչատրյան» համերգասրահում

Հունվարի 13-ին և 14-ին, ժամը 19-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը կներկայացնի «Christmas Sinatra» խորագրով համերգը: Համերգի մենակատարը Բրիտանական «The Voice» և «Got Talent» մրցույթների ամենավառ մասնակիցներից մեկը՝ Մարվին Մուոնեկեն է։ Համերգին պատվավոր հյուրի կարգավիճակով մասնակցելու է նաև  բրիտանացի տաղանդավոր փոփ երգչուհի Քելլի Յանգը:

«Նրա ձայնն օժտված է այնպիսի հարուստ, թանձր ու սահուն հնչողությամբ, որ երկրորդ այդպիսին դժվար է գտնել»,-այսպես է բնութագրում Մարվին Մուոնեկեին բրիտանական մամուլը։ Մարվին Մուոնեկեն առաջին անգամ ելույթ կունենա Երևանում՝ կատարելով Ֆրենկ Սինատրայի երգացանկի հիթերը:

«Ինձ համար մեծ նշանակություն ունեն Ֆրենկ Սինատրան և նրա թողած համաշխարհային ժառանգությունը: Նա երաժիշտ էր, որը պայքարում էր մարդկանց իրավունքների համար, պաշտպանում էր սևամորթների իրավունքները, ինչը ես բարձր եմ գնահատում: Նա համագործակցել է այնպիսի մեծությունների հետ, ինչպիսիք են Դյուկ Էլինգտոնը, Լուի Արմսթրոնգը և այլք: Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել Սինատրայի երգերն այս հիասքանչ դահլիճում և այս հրաշալի նվագախմբի նվագակցությամբ ։Երջանիկ եմ որ այստեղ եմ»։

Երգչին նվագակցելու է Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը։ ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Երվանդ Երզնկյանը, որը ղեկավարելու համերգը, ասում է՝ նվագախումբն առաջին անգամ չէ ջազային ստեղծագործություններ կատարում։ Ֆիլհարմոնիկ նվագախմբին միացել են նաև երաժիշտներ Հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբից։

«Մենակատարները պրոֆեիոնալ երաժիշտներ են, ուստի չեմ վախենում, որ ինչ-որ բան կարող է այն չլինել, իսկ նվագախումբն այլ երգիչների հետ ծրագրի մեծ մասը նվագել է: Մարվին Մուոնեկեն իր հետ մի քանի պարտիտուրա է բերել, որոնց հեղինակն ինքն է: Դրանք հրաշալի են, ու կարող եմ ասել, որ նա բարձր մակարդակի երաժիշտ է»:

Երեկոյի պատվավոր հյուրը բրիտանացի երգչուհի Քելլի Յանգն է, որը նույնպես առաջին անգամն է Հայաստանում։ Բրիտանացի փոփ երգչուհուն զարմացրել է հայերիս ջերմությունը։

«Մեծ ոգևորությամբ եմ սպասում հայ հանդիսատեսի հետ հանդիպմանը։ Այստեղ մեզ շատ սիրով են վերաբերվում։ Իմ երկրում ոչ միշտ է պատահում, մարդիկ ավելի խստաբարո են։ Այստեղ մթնոլորտը ուղղակի հրաշալի է։ Հաճելի է նման մեծ նվագախմբի հետ համագործակցությունը։ Իսկ «Ձայնի պահպանման կենտրոնի» երեխաները ուղղակի հրաշք են ու մեծ էներգիա են փոխանցել ինձ։ Ընտրել ենք Սինատրայի վաղ ժամանակաշրջանի ու նաև վերջին շրջանի ստեղծագործությունները։ Մի քանի անկնկալ ենք պատրաստել, բայց  այս պահին չենք ուզում փակագծերը բացել» ։

Համերգին կմասնակցի նաև «Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային մասնագիտական դպրոցի» երգչախումբը, որի գեղարվեստական ղեկավարը Կարինե Առաքելյանն է։

Back to top button